Տեսչական մարմնի կողմից քարաղացման արտադրամասի ղեկավարության նկատմամբ կիրառված վարչական տուգանքը չի լուծել բնակիչների բարձրացրած խնդիրները

Տեսչական մարմնի կողմից քարաղացման արտադրամասի ղեկավարության նկատմամբ կիրառված վարչական տուգանքը չի լուծել  բնակիչների բարձրացրած խնդիրները

Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչները կրկին ահազանգում են գյուղի հարևանությամբ տեղակայված քարաղացման արտադրամասի գործունեության հասցրած վնասների մասին: Դեռևս հուլիսի սկզբին բնակիչներն ԷկոԼուրին ահազանգել էին, որ «Ա.Ա.Բ.ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ին պատկանող քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը: Մի քանի օր անց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այցելել էր արտադրամաս և մի շարք խախտումներ հայտնաբերել: Պարզվել էր, որ ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4 միլիոն 821 հազար 760 դրամ: Իրականացված վարչական վարույթի արդյունքում նշանակվել էին 200 հազար և 150 հազար դրամի չափով վարչական տուգանքներ։

Սակայն վարչական տուգանքի նշանակումն ու խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարականները խնդիրը չեն լուծել: «Մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Չի նվազել աղմուկը: Հակառակն, ավելի շատ են աշխատում, ընդհուպ մինչև գիշերվա ժամը 12-ն ու 1-ը: Հասկանում ենք, որ ցերեկը պետք է աշխատեն, բայց գոնե երեկոյան ու գիշերը հանգիստ լինի: Արտադրամասի աղմուկն անտանելի շատ է խանգարում: Երեխաներն ընդհանարպես քուն չունեն»,- նշեց արտադրամասից մոտ 300 մ հեռավորության վրա ապրող Գուգարքի բնակիչը: Բնակիչները նաև նշեցին, որ պատրաստ են փոխզիջումների գնալ, բայց ընկերությունն էլ պետք է բնակիչների կարծիքը հաշվի առնի: «Օդի մաքրության համար էլ թող համապատասխան ֆիլտրեր տեղադրեն: Փոշին արևային օրերին ավելի շատ է: Գործարանի փոշին վերև է բարձրանում, իսկ մեր գյուղը գտնվում է վերևում», - նշեցին նրանք: 

Ըստ բնակիչների՝ առաջին ահազանգից հետո իրենց հրավիրել էին նաև Վանաձորի Սոցիալական ծառայության գրասենյակ՝ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման, սակայն վերջինները չէին ներկայացել: «Դրանից հետո պատասխան եկավ, որ լուրջ փոփոխություններ կլինեն արտադրամասում, սակայն ոչ մի փոփոխություն չի եղել»,- նշեցին նրանք:



Օգոստոս 04, 2021 at 17:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր