Տեսչական մարմինը ԷկոԼուրի ահազանգի հետքերով խախտումներ է հայտնաբերել քարաղացման արտադրամասում

Տեսչական մարմինը ԷկոԼուրի ահազանգի հետքերով խախտումներ է հայտնաբերել քարաղացման արտադրամասում
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Լոռու մարզում խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում և մի շարք խախտումներ հայտնաբերել: Մասնավորապես՝ ընկերության գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4 միլիոն 821 հազար 760 դրամ: Իրականացված վարչական վարույթի արդյունքում նշանակվել են 200 հազար և 150 հազար դրամի չափով վարչական տուգանքներ։
 
Տեսչական մարմինն իր ստուգման արդյունքում պարզել է, որ.
 
• Ընկերությունը 2019թ. մայիսի 20-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն աշխատել է գերազանցելով սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և արտանետումների թույլտվության պահանջները։
 
• Ընկերության կողմից չի իրականացվում մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:
• Ընկերությունը Փամբակ գետից իրականացվող ջրօգտագործման հաշվառման համար չունի ջրառի կետում տեղադրված ջրաչափ:
 
Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարականներ։
 
Հիշեցնենք, որ Գուգարքի բնակիչները ԷկոԼուրին ահազանգել էին արտադրամասից փոշու արտանետումների ու աղմուկի հետևանքով իրենց բնականոն կյանքը խաթարելու խնդրի մասին: ԷկոԼուրն ահազանգը փոխանցել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
 
Լուսանկարը՝ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Հուլիս 14, 2021 at 11:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր