Հունվարը՝ անոմալ տաք, փետրվարը՝ տաք և տեղումնառատ․ Գագիկ Սուրենյանն ամփոփում է անցած ամիսը և ներկայացնում կանխատեսումները

Հունվարը՝ անոմալ տաք, փետրվարը՝ տաք և տեղումնառատ․ Գագիկ Սուրենյանն ամփոփում է անցած ամիսը և ներկայացնում կանխատեսումները

Անոմալ տաք հունվարին կհաջորդի տաք փետրվարը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ամփոփեց հունվար ամսվա եղանակակլիմայական պայմանները և ներկայացրեց փետրվարի կանխատեսումները փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով,  Լոռի, Տավուշ Սյունիք հատվածում՝ 2-3 աստիճանով։ Ամսվա ընթացքում առավելագույն ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Կապանում՝ +22 աստիճան, Մեղրիում՝ +18 աստիճան, իսկ Արարատյան դաշտում՝ Արարատի հատվածում,  դիտվել է ամենաբարձր +16 ջերմաստիճանը հունվարի 18-ին։

Տաք հունվարն ուղեկցվել է առատ տեղումներով։ Տեղումների ամսական քանակը նորմայից ավելի է եղել Սյունիքում 210-400 տոկոսով, Տավուշում՝ 200-250 տոկոսով, Լոռիում՝ 180-280 տոկոսով, Արագածոտնում՝ 130-300 տոկոսով, Կոտայքում՝ 140-180 տոկոսով, Վայոց ձորում՝ 200-220 տոկոսով, Շիրակում՝ 120-170 տոկոսով, Գեղարքունիքում՝ 150-200 տոկոսով, Արարատյան դաշտում՝ 150-200 տոկոսով։

«Մինչև հունվարի 25-ը մենք ունեցել ենք անոմալ բարձր ջերմային ֆոն։ Հունվարի 1-25-ը բոլոր օրերի ընթացքում հանրապետության տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով։ Հունվարի 25-ից օդի ջերմաստիճանը նվազեց, մոտեցավ կլիմայական նորմային, իսկ առանձին հատվածներում՝ նորմայից ցածր։ Հունվարի 31-ին Աշոցքի հատվածում գրանցեցինք ամենացածր ջերմաստիճանը՝ -32 աստիճան», - ասաց Գագիկ Սուրենյանը։

Իսկ փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 3-4 աստիճանով։ «Մինչև փետրվարի 4-ը կպահպանվի առանց տեղումների եղանակ, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-6-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 10-12 աստիճանով, փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև +12-13 աստիճան տաքություն, Երևանում՝ +10-12, իսկ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +16-18, առանձին հատվածներում՝ մինչև +20 աստիճան։ Սպասվում է տաք և բավարար տեղումներով փետրվար», - ասաց Գագիկ Սուրենյանը։

Ներկայում ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում 161սմ է, Ամբերդի հատվածում՝ 107սմ, բնակավայրերից ամենաբարձրը Ջերմուկի հատվածում է՝ 93-95սմ, ընդհանուր լեռնային մարզերում՝ 20-50սմ, Արարատյան դաշտում՝ 5-10 սմ։

Ըստ Գագիկ Սուրենյանի՝ եղանակային պայմանները գյուղատնտեսական տեսանկյունից որևէ վտանգավոր երևույթներ չեն արձանագրել։

Լուսանկարը՝ www.armenpress.am 

Փետրվար 02, 2024 at 15:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր