«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են շինարարական կլիմայաբանության նորմերը։ «Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել 10 տարվա վաղեմության նորմերը՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում», - ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը փետրվարի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախկին նորմերը, որոնք հաստատվել էին 2011թ․ սեպտեմբերի 26-ին և ներառում էին մինչև 2019թ․ տվյալները, ուժը կորցրած են ճանաչել։ Նոր նորմերը հաստատվել են 2024թ․ հունվարի 15-ին, վերանայված են դիտարկման ժամանակահատվածից մինչև 2020թ․ տվյալները։ Հաստատված նորմերը պարտադիր բնույթ են կրում, և շինարարներն արդեն պետք է օգտվեն նոր նորմերից։
Լևոն Ազիզյանը նշեց, որ Հայաստանի օդերևութաբանական կայանների մեծ մասը գրանցել են ջերմաստիճանային ռեկորդներ վերջին 10 տարիների ընթացքում։ Այդ էքստրեմալ բարձր ջերմաստիճանային պայմանների իմացությունը շատ կարևոր է շինարարարական աշխատանքների կազմակերպման համար։
«Հիդրոօդերևութաբանական դիտարկումների 90 տարվա ընթացքում մեր ամենատաք 4 տարիները եղել են 2010, 2018, 2021 և 2023թթ․։ Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 2011թ․՝ +43․7 աստիճան, իսկ 2017-2018թթ․ ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում գերազանցել է +42 աստիճանը», - ասաց Լևոն Ազիզյանը։ Ըստ նրա՝ կլիմայի փոփոխությունը բերել է նաև ձմռան տևողության և ջեռուցման ժամանակահատվածի կրճատման, և, համապատասխան, նորմերի արդիականացված հաշվարկների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել լրացուցիչ ծախսերից ջեռուցման համակարգերի նախագծման ժամանակ։
«Նոր շինարարական կլիմայաբանության մեջ ավելի մանրամասն են ներկայացված արեգակնային ճառագայթման հաշվարկային պարամետրերը։ Եթե նախկին շինարարական կլիմայաբանության մեջ ներառված էին արևափայլի տվյալներ միայն հուլիս ամսվա համար, ապա հիմա, անհրաժեշտությունից ելնելով, հատկապես ջերմոցային տնտեսությունների մեծ թափի պարագայում շինարարական նոր կլիմայաբանության մեջ արևափայլի և արեգակնային ճառագայթման հաշվարկային բնութագրիչները ներկայացված են բոլոր ամիսների համար։ Լրացուցիչ հաշվարկներ են իրականացվել՝ կապված տարվա տաք և ցուրտ ժամանակահատվածի ջերմաստիճանների, քամիների, օդի հարաբերական խոնավության հետ», - ասաց Լևոն Ազիզյանը։
«Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը վերամշակվել են ՄԱԶԾ-Կանաչ կլիմայի հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում։
Լուսանկարը՝ www.armenpress.am
Փետրվար 02, 2024 at 14:27