Սևքարն Իջևանի անտառամերձ գյուղերից է։ Բնակիչներն այստեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Եկամուտի աղբյուր է նաև անտառից վայրի հավաքչությունը․ հավաքում են մասուր, վայրի տանձ, մոշ ու մոռ:
Կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում գյուղի գյուղատնտեսական գործունեության վրա։
Խնդիրների մասին տեղի բնակիչները պատմեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ։
LILA ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով ապահովել գյուղական բնակչության կենսապայմանները։ Լեռնային գյուղական համայնքներում Ծրագիրը ներմուծելու է բնական պաշարների կայուն օգտագործման տնտեսական խթաններ։ Նպաստելու է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացմանը՝ մասնավորապես համայնքներում ներդնելով անտառների և արոտավայրերի կառավարման կայուն գործելակերպ ու զարգացնելով կարողությունները։ Ծրագիրը խթանելու է զբոսաշրջության զարգացումը՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած կախվածությունը։
LILA-ի շրջանակներում Սևքարի ամբուլատորիայի տանիքին տեղադրվել է արևային կայան, որն ապահովում է շենքի էլեկտրաէներգիան ու ջեռուցումը: Ծրագրի շրջանակներում գյուղի համար մշակվելու է արոտավայրերի կառավարման պլան։
Հանդիպմանը բնակիչները նշեցին, որ գյուղում փոխվել է կլիման: «10-15 տարի առաջ սաստիկ ձմեռներ էին, առատ ձյուն էր տեղում, չէինք հասցնում մաքրել բակերը: Վերջին տարիներին ձմեռը կարճ է տևում՝ 2-3 շաբաթ ձյուն է տեղում, ու չոր ձմեռ է լինում»,- նշեցին բնակիչները:
Գյուղը ոռոգման ջուր չունի, անձրևաջրերի հույսին են: Սևքարի ամբուլատորիայի տնօրեն Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ գյուղի կլիման նպաստավոր չէ գյուղատնտեսության համար. «Մարդ ինչ ցանում է, մի տարի կարկուտ է, մի տարի անբարենպաստ անձրևներ: Բերքը լավ չի աճում»:
Խմելու ջուրը ևս չի բավարարում. «Օրական 1-1,5 ժամով են ջուր տալիս, այն էլ՝ ոչ բոլոր թաղամասերում»:
Տարեցտարի նվազում է անասնագլխաքանակը։ «Անասնապահությամբ զբաղվելը չի արդարացնում, կաթն էժան է, մթերքի իրացման խնդիր կա: Մյուս կողմից էլ՝ մեծերն են անասուն պահում, երիտասարդները դժվարությամբ են այդ գործին մոտենում»,- ասացին բնակիչները:
Սևքարի գրադարանի վարիչ Գայանե Վարշամյանը նշեց մեղվաբուծության խնդիրների մասին: «Մեր գյուղը հայտնի է եղել մեղվաբուծությամբ, բայց հիմա պակասել է: Էկոլոգիան կապ ունի: Մեղուները սատկում են: Մեր ընտանիքը ավանդաբար զբաղվել է մեղվաբուծությամբ, փեթակները փոխանցվել են մեզ պապիկիցս: Բայց տարեցտարի մեղուները պակասեցին, հիվանդություն էր, ինչ էր՝ սկսեցին վատ աճել: 100 փեթակից մնացել է 1-2-ը: Չենք կարողանում բազմացնել»,- ասաց նա:
Գյուղում աշխատատեղերի պակասը պատճառ է դարձել, որ ամուսնությունները նվազեն: «10-15 տարվա կտրվածքով ծնելիությունը 50 տոկոսով նվազել է: Մինչև 40 տարեկան չեն ամուսնանում: Հիմնական պատճառը աշխատանք չլինելն է: Ասում են՝ ինչո՞վ ընտանիք պահենք»,- ասաց ամբուլատորիայի վարիչ Անահիտ Գյուլնազարյանը։
Բնակիչների խոսքով մինչ ԽՍՀՄ փլուզումը Սևքարում զարգացած էր ծխախոտագործությունը, պահածոների արտադրամաս կար: Գյուղի զարգացման համար նմանատիպ գործարաններ պետք է հիմնվեն։ Նրանք կարևորեցին նաև տուրիզմի զարգացումը։ «Տուրիզմը կնպաստի գյուղի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այստեղ հյուրատներ կստեղծվեն, դրսից եկողները կծանոթանան մեր գյուղի կոլորիտին ու խոհանոցին»,- նշեցին բնակիչները: Սևքարում զբոսաշրջիկները կկարողանան վայելել բնությունը, այցելել 17-րդ դարի եկեղեցի ու Դարպասի գյուղատեղին, որը եղել է գյուղի սկզբնական բնակատեղին:
Փետրվար 01, 2024 at 16:57