

Հայաստանում մարդու առողջության վրա օդի աղտոտվածությունը գնահատելու համար անհրաժեշտ են օդում աղտոտիչների վերաբերյալ հստակ տվյալներ, մասնավորապես՝ օդում PM 2.5 փոշու մանր մասնիկների քանակության մասին, որոնք, ինչպես պնդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, չկան։
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի աղտոտվածությունը չափող սարքերի տեղեկությունը հիմք չէ առողջապահության նախարարության համար, իսկ ՀՀ ՇՄ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում օդում փոշու մանր մասնիկները չեն չափվում։ Ստացվում է, որ ոչ միայն Հայաստանի օդի աղտոտված լինելու մասին մանրամասն տվյալներ չկան, այլև երբևէ չեն չափվում մարդու առողջության վրա դրա ազդեցությունը։
Շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը մեղմելը կարող է նպաստել ինչպես օդի աղտոտվածության նվազմանն, այնպես էլ բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Փորձագետններն այն համոզմանն են, որ Երևանի հատակագծում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող բաժնում պետք է արտացոլված լինեին մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ռազմավարական քայլերը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի դիտարկումը․
«Երևանը չի հասել «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իր թիրախին և մենք չունենք այսօր սահմանված ցուցանիշը՝ մաքուր օդը, որն ուզում էինք ունենալ, քանի որ կան աղտոտվածության գերազանցումներ։ Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պարտավորությունները՝ փոշու աղտոտվածության վերաբերյալ, ոչ բոլոր տնտեսվարողներն են պահպանում, բոլորս էլ տեսնում ենք, թե այդ շենքերը ինչքանով են թաղանթապատված։ Հատակագծում նախատեսված չեն մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով սահմանված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ շինհրապարակների ջրցանումը, բեռնատար մեքենաների անվադողերի լվացման միջոցառումները և այլն»։
Մթնոլորտային օդն աղտոտող գործոններից է շինարարությունը։ Կառուցապատողների համար կան սահմանված կանոններ։ Մասնավորապես՝ շինհրապարարակներում պարտադիր են փոշեկլանիչ ցանցերի առկայությունը, դրանք նվազեցնում են փոշու արտահոսքը։ Եթե հողային աշխատանքներ են իրականացվում, ապա պետք է ջրցան մեքենաների կամ ջրի շփման այլ եղանակով փոշու նստեցում իրականացվի։ Պարտադիր պայման է՝ շինհրապարակից դուրս եկող բոլոր մեքենաների անվադողերը լվացված, իսկ թափքերում պարունակող ավազը թրջված լինեն և այլն։
Ինչ վերաբերում է Երևանի տարածքում առկա հանքավայրերին, որոնք, մայրաքաղքում ևս փոշու առաջացման աղբյուր կարող են լինել, Վիկտորյա Բուռնազյանն ընդգծում է՝ լքված հանքավայրերի ռեկուլտիվացումն այսօր խնդիր է․
«Երևանի քաղաքապետարանը ցանկանում է ինքը ռեկուլտիվացնել հանքը, բայց մենք ունենք պետական դրամագլուխ, որտեղ ընդերքօգտագործողները վճարում են գումարներ, եթե իրենք չեն կարող հանքը ռեկուլտիվացնել, ապա այդ աշխատանքը պետք է արվի վճարված գումարներով։ Այսօր, փաստորեն, կա խնդիր, եթե համայնքն ինքն է նախաձեռնում նման աշխատանք իրականացնել։ Բացի լքված 15 հանքերից, ունենք գործող17 հանքեր, որոնք ընդերքօգտագործման պայմանագրերով ունեն հստակ բնապահպանական պարտավորություններ, այդ թվում ՝ մթնոլորտային օդի պահպանության մասով, բայց ակնհայտ է, որ իրենց աշխատանքում կա խնդիր»։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանն արձագանքում է՝ Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ օրերս քննարկումներ են տեղի ունել ԱԺ-ում, որտեղ վերհանվել է նաև հանքավայրերի ռեկուլտիվացիայի հարցը․
Այսուհանդերձ, թե՛ աղտոտման աղբյուրների և թե՛ մարդու առողջության վրա դրա ազդեցությունը գնահատելու համար պետք են մանրամասն գիտահեն ուսումնասիրություններ, որոնք չկան։ Արդյունքում՝ դեռ վիճելի է այն հարցը, թե որքանո՞վ է նախ աղտոտված Երևանի օդը և որքանո՞վ է այն ազդում բնակիչների առողջության վրա։
Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված սարքերն ուսումնասիրում են միայն շինհրապարակներում փոշու աղտոտվածությունը։ Դրանք չեն արտացոլում Երևանում մթնոլորտային աղտոտվածության ողջ պատկերը։ Ինչ վերաբերում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հետազոտություններին, ապա կենտրոնի օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանի խոսքով՝ փոշու մանր՝ PM2.5, մասնիկների հետազոտություն չեն իրականացվում:
Մարդու առողջության վրա մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը որոշելու համար անհրաժեշտ են նաև PM2.5 մասնիկների առկայության մասին ստույգ տվյալներ։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանն ասում է, որ Երևանի քաղաքապետարանի տվյալները հիմք չեն կարող ընդունել, քանի որ պատասխանատու մարմինը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ն է։
Մթնոլորտային օդի աղտոտվածությունը հերքել հնարավոր չէ, երբ կա Նուբարաշենի բաց աղբավայրը։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանն է ընդգծում, որ աղբավայրն ամիսներ շարունակ այրվում է և այս պայմաններում հնարավոր չէ ասել, թե Երևանի օդն աղտոտված չէ։
Քաղհասարակությունը պահանջում է ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ քայլեր ձեռնարկել վերհանված խնդրին լուծում տալու համար։ «Էկուլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե մթնոլորտային օդի աղտոտումը վնասո՞ւմ է առողջությանը, թե՝ ոչ։
Հունվար 24, 2025 at 15:54