Երևանի 38 հանրային շենքերում կիրականացվեն սեյսմիկ արդիականացման, էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ

Երևանի 38 հանրային շենքերում կիրականացվեն սեյսմիկ արդիականացման,  էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ

Մայրաքաղաք Երևանում կիրականացվի թվով 38 հանրային շենքի կառուցում կամ վերակառուցում, սեյսմիկ արդիականացում և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում։ Այդ շենքերից 32-ը մանկապարտեզներ են, 6-ը՝ պոլիկլինիկաներ։ Միջոցառումները կիրականացվեն «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում։ Ծրագրի 2-րդ փուլի արժեքը 37,1 միլիոն եվրո է,  որից 25 միլիոն եվրո վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, 10,1 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Հարևանության ներդրումային հարթակի և 2 միլիոն եվրո համաֆինանսավորում Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ակնկալվում է, որ այս աշխատանքները կկրճատեն ածխաթթու գազի արտանետումները, իսկ տարեկան կտրվածքով կխնայվի շուրջ 275 միլիոն ՀՀ դրամ էլեկտրական էներգիայի և գազի ծախսերից։

Օրերս Ծրագրի 1-ին փուլի արդյունքները ներկայացվեցին «Երևանում իրականացված և նախատեսվող էներգաարդյունավետ ծրագրեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Քննարկվեցին Ծրագրի շրջանակներում երևանյան 14 մանկապարտեզներում իրականացված աշխատանքները, գույքագրվեցին թերությունները և հենց մանկապարտեզների անմիջական շահառուներից հավաքագրվեցին առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն Ծրագրի 2-րդ փուլի իրականացման ժամանակ։ Քննարկմանը մասնակցեցին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը և տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը, նույն ՀՈԱԿ-ի էներգաարդյունավետությանը միտված ծրագրերի իրականացման խումբը, Երևանի Էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը, Ծրագրի 1-ին փուլին մասնակցած մայրաքաղաքի 15 մանկապարտեզների տնօրեններ և ներկայացուցիչներ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանը, լրագրողներ Մոնիկա Երիցյանը և Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Կլոր սեղանը կազմակերպել էին  Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն։

Մերի Հարությունյանը նշեց, որ մայրաքաղաքում գործում է համայնքային ենթակայության թվով 162 մանկապարտեզ, որտեղ հաճախում է 26․610 երեխա։ Մանկապարտեզներում տարեկան սպառվում է 265,820,777 ՀՀ դրամի 5,188,541 ԿՎտժ էլեկտրաէներգիա, 341,440,030 ՀՀ դրամի 25,216,259 խմ գազ։

Ծրագրի 1-ին փուլով ընտրվել է 29 մանկապարտեզ, որոնց համար իրականացվել է սեյսմիկ և էներգետիկ աուդիտ, որոնցից ընտրվել է 15 մանկապարտեզ հիմնանորոգման համար: Էներգաարդյունավետ վերանորոգում է իրականացվել թվով 12 մանկապարտեզում։ Իրականացվել է սեյսմազինվածության բարձրացում, տանիքի ջերմամեկուսացում, ֆոտովոլտային համակարգերի և արևային ջրատաքացուցիչների տեղադրում։ 2025 թվականին ևս 2 մանկապարտեզի աշխատանքներ կավարտվեն, 1-ը՝ կմեկնարկի։

Ծրագրի 1-ին փուլի շրջանակում է թվով 47 հանրային շենքերում տեղադրվում են ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ, արդիականացվում է էներգետիկ ենթակառուցվածքը։ 47 շենքից 36-ը մանկապարտեզ են, 9-ը՝ առողջապահական, բժշկական հաստատություններ, 2-ը՝ մշակութային կենտրոններ։

Մանկապարտեզների տնօրենները ներկայացրին էներգետիկ ենթակառուցվածքների սպասարկման հետ կապված հարցերը։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները գույքագրեցին խնդիրները։

Երևանի էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը նշեց, որ հանձնարարական է տրվել տնօրեններին, որպեսզի իրենց հաստատություններում էներգետիկ պատասխանատուներ նշանակեն, ովքեր կիրականացնեն ցուցանիշների հավաքագրում և գնահատում։

Ըստ Վահագն Աթայանի՝ Երևանի էներգետիկ կառավարման համակարգում ներառված է 346 շենք-շինություն, այդ թվում՝ 162 մանկապարտեզ, 34 մարզադպրոց, 19 գրադարան, 26 արվեստի և երաժշտական դպրոց, 10 թանգարան և թատրոն, 22 առողջապահական հիմնարկ, 13 մանկապատանեկան և գեղագիտական կենտրոն, Երևանի քաղաքապետարանի և 13 վարչական կենտրոնների շենքեր, 10 համայնքապատկան այլ ՀՈԱԿ-ներ և ՓԲԸ-ներ։ Այդ 309 շենքերում և շինություններում տարեկան սպառվում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով մոտ 20 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա, շուրջ 5 միլիոն խմ բնական գազ, 2 միլիոն խմ խմելու ջուր։

Ծրագրի 1-ին փուլի արժեքը 15 միլիոն եվրո է, որից 7 միլիոն եվրո վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամից,  1 միլիոն եվրո տեխնիկական աջակցություն ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից և 2 միլիոն եվրո համաֆինանսավորում՝ Երևանի քաղաքապետարանից։ 

Հունվար 27, 2025 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր