

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն մշակել է օրենսդրական և ինստիտուցիոնալ առաջարկություններ էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտների քաղաքականություններում սոցիալական և բնապահպանական պատասխանատու գործելակերպի մշակույթի ներդրման վերաբերյալ։
Փաստաթուղթը մշակվել է «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։
Էկոլուրի կողմից 2023-2024թթ․ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում իրականացվող կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտների քաղաքականությունները բավարար չեն տեղայնացված համայնքներում, որոնք այդ քաղաքականությունների անմիջական կրողն են։
Խնդիրների կարգավորման համար մշակվել է օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների 15 առաջարկ, որոնք ուղարկվել են ՀՀ կառավարություն, համապատասխան գերատեսչություններ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Էկոլուրին է ներկայացրել իր դիտարկումները։
ՏԻՄ-երի կողﬕց աղբավայրերի կառավարման գործընթացում մասնակցությունը հստակեցնելու համար «Տեղական ինքնակառավարման մասին» և «Թափոնների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացուﬓեր կատարելու վերաբերյալ առաջարկին ի պատասխան ՏԿԵՆ-ը հայտնել է․ «Ներկայացվել է խնդիր, որի համաձայն ՏԻՄ-երը, «Տեղական ինքնակառավարման մասին» և «Թափոնների մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով լիազորություն չունեն շահագործելու աղբավայրերը։
Հարկ է արձանագրել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի կարգավորումների տեսանկյունից համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը համարվում է համայնքի պարտադիր խնդիր: Մեջբերված պարտադիր խնդրի լուծման նպատակով օրենսդիրը, ինչպես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, այնպես էլ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով, համայնքի ՏԻՄ-երին վերապահել է համապատասխան սեփական լիազորություններ:
Այսպես, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, նույն հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, համայնքի ղեկավարին վերապահված է հետևյալ սեփական լիազորությունը. կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված այլ լիազորություններ: Ստացվում է այնպես, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը հստակ սահմանել է, որ համայնքի ղեկավարի լիազորությունը համարվում է համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպումն ու իրականացումը, որի առավել մանրամասն օրենսդրական կարգավորումները տրված են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում:
Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածի 9-ից 10.6 մասերում ամրագրված են համապատասխան պատասխանատվության միջոցներ աղբավայրերի շահագործման մասով, մասնավորապես՝ գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարման, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով աղբավայրի հսկողության, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումների չիրականացման դեպքերի համար։
Արժանահավատ է դիտարկել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ աղբահանության հասկացությունը: Համաձայն այդ հոդվածի՝ աղբահանությունը` գոյացող աղբի, ինչպես նաև շինարարական ու խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը, պահումը, փոխադրումը և տեղադրումն է աղբավայրում, այդ թվում` դրանց տեսակավորում ու փոխադրում աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման և վնասազերծման նպատակով:
Օրենքով սահմանված այս հասկացությունից պարզ է դառնում, որ համայնքի ղեկավարը, օրենքով ունենալով աղբահանությունը իրականացնելու լիազորություն, ուղղակիորեն օժտված է նաև աղբավայրը շահագործելու լիազորությամբ, քանի որ աղբահանության հասկացությունից ենթադրվում է, որ դրա մեջ ներառվում է նաև աղբավայրի շահագործումը: Նշվածը հաշվի առնելով, գտնում ենք, որ օրենքը կարգավորել է աղբավայրի շահագործման հետ կապված հարաբերությունները, դրանք վերապահելով համայնքի ղեկավարին, հետևաբար, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»:
Էկոլուրն առաջարկել է լրացում կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» 1708-Ն որոշմամբ հաստատված կարգում։ Առաջարկվում է սահմանել կլիմայի փոփոխության հարմարվողականության և ﬔղմման, էներգախնայողության և էներգաարդյունավետության պետական քաղաքականություններին նպատակաուղղված ծրագրերի համայնքային համաֆինանսավորման չափորոշիչ։ Այս առաջարկի կապակցությամբ ՏԿԵՆ-ը հայտնել է․ «Սուբվենցիաների գործող կարգով իրականացվում են կլիմայի փոփոխության հարմարվողականության և ﬔղմման միջոցառումներ, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, փողոցային էներգախնայող լուսավորության համակարգերի կառուցման, աղբավայրերի բարեկարգման ծրագրերը։
Ինչ վերաբերում է կլիմայի փոփոխության և հարմարվողականությանը միտված օրենսդրական առաջարկություններին, ապա հայտնում ենք, որ կլիմայի փոփոխության և հարմարվողականության մասով ՏԻՄ-երին լիազորություններ վերապահելը կարող է քննարկվել բացառապես այն պարագայում, երբ այդ բնագավառում, ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների հենքի վրա, հստակ կկանխորոշվեն նախ պետական և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների շրջանակը, ինչը որ մինչ այժմ արված չէ, և ապա նոր հնարավոր կլինի քննարկել այդ բնագավառում ՏԻՄ-երին վերապահվող հնարավոր լիազորությունների շրջանակը»:
Էկոլուրն առաջարկել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում սահմանել «Էներգետիկ աղքատություն» եզրույթ, նախատեսել էներգետիկ աղքատության հաղթահարման պահանջներ և դրանց իրավակարգավորման ﬔխանիզﬓեր, նախատեսել պետական խրախուսման ﬔխանիզﬓեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ համայնքային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար, սահմանել դրույթներ արևային էներգիայի օգտագործմամբ բիզնեսի կողﬕց ազդակիր համայնքին հաշվետվողականության վերաբերյալ ՏԿԵՆ-ը հայտնել է․ ««Էլեկտրաէներգետիկայի մասին» օրենքի նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից՝ Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված դիրեկտիվները, որտեղ էներգետիկ աղքատության վերաբերյալ կարգավորումներ ներկայացված չեն։
Նախագծով նախատեսվում են խոցելի սպառողների պաշտպանությանը վերաբերող կարգավորումներ, որոնք սահմանում են լրացուցիչ աջակցության մեխանիզմներ և երաշխիքներ նշված սպառողների շրջանակում էներգիայի հասանելիության և դրան ուղղված ծախսերի նվազեցման համար։ Միաժամանակ, նախագծով ներկայացված է ՀՀ կառավարության հնարավորությունն էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրի մասնակիցների համար սահմանելու հանրային ծառայության պարտավորություն, որը, ի թիվս այլնի, կարող է վերաբերել սպառողների առանձին խմբերի՝ ներառյալ խոցելի սպառողների շահերի պաշտպանությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությանը, որակին և գնին։
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ համայնքային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար պետական խրախուսման մեխանիզմներ նախատեսելու առաջարկի վերաբերյալ հայտնում ենք, որ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենքի նախագծով նախատեսվում են վերականգնվող էներգետիկայի բնագավառում աջակցություն տրամադրելու վերաբերյալ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս իրավասու մարմիններին, ըստ անհրաժեշտության, աջակցություն տրամադրել նաև համայնքներին վերականգնվող աղբյուրներից էներգիայի օգտագործումը խթանելու համար:
Արևային էներգիայի օգտագործմամբ բիզնեսի կողմից ազդակիր համայնքին հաշվետվողականության վերաբերյալ դրույթներ սահմանելու առաջարկի ձևակերպումը հստակ չէ և ունի հավելյալ մեկնաբանման կարիք»:
Էկոլուրն առաջարկել է ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրին, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործուﬓ ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» X 398-Լ որոշման ﬔջ սահմանել խրախուսման ﬔխանիզﬓեր համայնքների բնակելի ֆոնդի ջերմաﬔկուսացման ﬕջոցառուﬓերի ներդրման համար, սահմանել հասանելի էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման ﬔխանիզﬓեր, որպես համայնքի վառելափայտից հրաժարման գործիք։ ՏԿԵՆ-ը պատասխանել է․ «2024թ. սեպտեմբերի 10-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված՝ «ՀՀ կառավարության 2024թ. մարտի 24-ի N398-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով հաստատման ենթակա՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում արդեն իսկ ներառված են կազմակերպության կողմից ներկայացված նպատակների և խնդիրների կանոնակարգմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, տնային տնտեսությունների հատվածում էներգախնայողությանն ուղղված քաղաքականության և ﬕջոցառուﬓերի իրականացման համար մեխանիզմների մշակման, ինչպես նաև համայնքային բնակելի ֆոնդի ջերմամեկուսացման միջոցառումների ներդրման համար խրախուսման մեխանիզմների սահմանման նպատակներին ուղղված նախատեսված է հիմնականում չորս միջոցառում՝ «Տնային տնտեսությունների հատվածում էներգասպառման ելակետային տարվա (2024թ.) տվյալների շրջանակի սահմանում, հավաքագրում, հստակեցում և հետազոտության իրականացում», «Շենքերի արդիականացման (նորոգման, վերակառուցման) ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում», «Պետական և (կամ) համայնքային աջակցությամբ ԲԲՇ-երի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի իրականացում, դրանց շարունակականության և ընդլայնման ապահովման մեխանիզմի մշակում և ներդրում» և «Բնակելի ֆոնդի վերանորոգման ցածր-ածխածնային լուծումների, դրանց խթանման քաղաքական և ֆինանսական գործիքների տեխնիկատնտեսական գնահատում և աջակցության մեխանիզմների վերաբերյալ ուսումնասիրություն» միջոցառումները»:
Հունվար 15, 2025 at 13:32