

Մշակվել է Երևանի օդի որակի բարելավման քառամյա ծրագիր։ Այս մասին զեկուցեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը սույն թվականի փետրվարի 11-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Այն իրենից ներկայացնում է հիմնական աղտոտիչների վերհանում և դրանցից յուրաքանչյուրով ծավալվող գործունեությունների նկարագրություն։ Ներառված են նաև մի շարք մեղմացնող գործընթացներ։ Ծրագիրը ենթածրագրերի է բաժանվելու, աղտոտվածության աղբյուրների յուրաքանչյուրի մասով ֆինանսական և ժամանակացուցային աղյուսակներով ներկայացվելու են գործողությունները», - ասաց Սիրարփի Հայկազյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Օդի աղտոտվածության մի ստվար հատված մարդածին չէ, մեր տարածաշրջանով պայմանավորված, բնակլիմայական պայմաններով պայմանավորված իրավիճակ է։ Բայց կան մարդկային գործոններ, որոնք վերաբերում են շինարարությանը, տրանսպորտին, հանքերին, ջեռուցմանը, աղբավայրին․․․Մեր հիմնական խնդիրն է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ մենք պետք է լինենք պրոակտիվ։ Սա մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»։
Նշենք, որ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետներն ուսումնասիրել են մայրաքաղաքի մթնոլորտային օդի աղտոտման պատճառները, առաջարկվող լուծումները Երևանի նոր գլխավոր հատակագծում և Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում։ Երևանի մթնոլորտային օդի աղտոտման հիﬓական աղբյուրներն են շինարարությունը, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, դեգրադացված հողատարածքները, Նուբարաշենի աղբավայրը, արտադրական ձեռնարկությունները։ Հատակագծում մթնոլորտային օդի արտանետուﬓերի բոլոր աղբյուրները չեն բացահայտվել և լուծուﬓեր չեն առաջարկվել։ Օդի որակի և օդի աղտոտվածության ազդեցության գնահատում առողջության վրա չի իրականացվում։ Էկոլուրի փորձագետները խնդիրը քննարկել են պետական և հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Փետրվար 11, 2025 at 12:29