

- 2024թ. ձմռանը փոշու միջին օրական ՍԹԿ-ի առավելագույն գերազանցումը եղել է 3.4 անգամ, ինչն ըստ ՀՀ-ում գործող նորմերի, համարվում է անբարենպաստ, բայց ոչ վտանգավոր։
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը չի իրականացնում մարդու առողջության համար ամենավտանգավոր փոշու PM2.5 մասնիկի չափումներ։
- Առողջապահության նախարարությունը չի կարող գնահատել առողջության վրա փոշու ազդեցությունը, քանի որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը որպես գնահատման հիմք առաջարկել է PM2.5 և PM10-ը, իսկ PM2.5-ի չափումներ լիազոր մարմինը չի անում։
- Մշակվում է օդի աղտոտվածության նվազեցման քառամյա պլան։
Սրանք այն գլխավոր հարցերն են, որոնք բարձրացվեցին Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության խնդրին նվիրված կլոր սեղանի ժամանակ։ Այն տեղի ունեցավ 2025թ. հունվարի 14-ին Էկոլուրի մամուլի ակումբում «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի կանաչացման ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ՝ «People Powered - Global Hub for Participatory Democracy»-ի աջակցությամբ։
Կլոր սեղանին մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, «CEE Bankwatch Network» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը, ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ-հիգիենիստ Արայիկ Պապոյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանը և ծրագրերի օգնական Մերի Մինասյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, «Nouvelles d'Arménie» լրատվական գործակալության լրագրող Օլիվյե Մերլետը, Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը, պատճառները, խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումները։
«Ձմռան ամիսներին Արարատյան դաշտում և Երևանում օդի աղտոտվածությունը մեծանում է: Ցածրադիր գոտում օդի կանգ է տեղի ունենում և առաջանում է ինվերսիոն շերտ, այսպես կոչված «կեղև», որը խոչընդոտում է օդի շարժին, օդի աղտոտվածության հեռացմանը, և այն կուտակվում ու պահպանվում է մթնոլորտում երկար ժամանակ։ Համաձայն օդի որակի պետական մոնիթորինգի բազմամյա տվյալների, գոյություն ունի հստակ կորելյացիոն կապ Արարատյան դաշտում և Երևան քաղաքում ինվերսիոն շերտի պահպանման տևողության և աղտոտման ցուցանիշների միջև։ 2013-2014 թթ․ ձմեռը ևս աչքի է ընկել երկարատև ինվերսիոն ռեժիմի պահպանմամբ և համապատասխանաբար օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով: 2016-2017թթ․ ձմռանը, երբ ինվերսիոն շերտը պահպանվեց 90 օրից ավելի, Երևան քաղաքում արձանագրվել է փոշու միջին օրական ՍԹԿ-ի գերազանցում 10-12 անգամ։ Այս ձմռանը Երևան քաղաքում փոշու միջին օրական ՍԹԿ-ի առավելագույն գերազանցումը դիտվել է 2024թ․ դեկտեմբերի 5-6-ին՝ 3,4 անգամ, ինչը ՀՀ-ում գործող կարգավորումների, համարվում է անբարենպաստ»,- ասաց Սիրարփի Հայկազյանը:
Ձմռանն աղտոտվածության հիմնական աղբյուրներին ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հորդորեց քաղաքացիներին զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85․1 հոդվածով պատասխանատվության միջոցների կիրառում։
Հիմնականում տարբերում են 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը: PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ: PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը նշեց․ «Մեր չափածը բաղադրությամբ չտարբերակված փոշին է, PM10 և ավելի բարձր մասնիկներն են դրանք, իսկ քաղաքապետարանն այս պահին չափում է սենսորային մեթոդով ՝ սենսորային սարքավորումներով: Իրենց դիտակետերը թեժ կետերում են, իսկ մերը ֆոնային է, այսինքն՝ ընդհանուր քաղաքի»:
Երևանի քաղաքապետարանի կողմից շինհրապարակներում տեղադրված է 152 սարք։ Դրանք կարողանում են տարանջատել PM2.5-ի և PM10-ի մասնիկները, սակայն դրանք չափաբերված չեն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստատիկ կայանով։ «ՊՈԱԿ-ը պաշտոնական ռեֆերենս չի կարողանում տալ մեր կայաններին: Միևնույն ժամանակ, այդ սարքերը ոչ թե ընդհանուր օդի աղտոտվածությունը գնահատելու խնդիր ունեն, այլ կետային, որովհետև իրենք հենց օդի աղտոտվածության թիրախներում են տեղադրված»,- ասաց Սիրարփի Հայկազյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշկ- հիգիենիստ Արայիկ Պապոյանը նշեց, որ իրենց կենտրոնի կողմից ճշգրիտ գնահատումների համար անհրաժեշտ են շատ հավաստի օդի տվյալներ: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է PM2.5, PM10 մասնիկների չափումներ՝ որպես գնահատման հիմք: Այսօր Հայաստանում չունենք դրա չափումները: Քաղաքապետարանն անում է, բայց իրենցը ռեֆերենս չի, չենք կարող վերցնել: Շրջակա միջավայրի նախարարությունը չի անում: Բոլորս գիտենք, որ օդը բերում է ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման՝ ինսուլտ, ինֆարկտ: Այս համատեքստում պետք է հասկանանք, որ դա միայն օդի հետ կապված խնդիր չէ, դա գալիս է մեր վարքագծից՝ ծխել, խմել, անառողջ սնունդ, ոչ առողջ ապրելակերպ, այսինքն՝ այդ ամենը գնահատելու համար պետք է ունենանք հստակ պատկեր և աղտոտիչների հստակ, հավաստի թվեր»,- ասաց նա:
Սիրարփի Հայկազյանի խոսքով՝ 2024թ. իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ դիտարկումների 28%-ում դիտվել են չտարբերակված փոշու, 4%-ում՝ ազոտի երկօքսիդի, 1%-ում՝ ծծմբի երկօքսդիդի գերազանցումներ համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից: 2022-2023թթ. համեմատ 2024թ. ամռան ամիսներին մայրաքաղաքում դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում:
Հայաստանում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով, ըստ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի, 2024թ. Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 միլիոն դրամ մթնոլորտային օդի որակի 2 դիտակայանի ձեռքբերման համար, որոնց մատակարարումը և գործարկումն ակնկալվում է 2025թ. առաջին եռամսյակում: Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռնի չափել օդի հիմնական աղտոտիչները, տեղեկատվությունը ստանալ իրական ժամանակում, և օպերատիվ ներկայացնել հանրությանը։ Դիտակայանները տեղադրվելու են Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։ Բացի այդ, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ 2025թ. Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցը կհամալրվի ևս 3 ավտոմատ դիտակայանով։
Կլոր սեղանի ժամանակ անդրադարձ եղավ շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքին, որում Երևանի մթնոլորտային օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են նշվում։ «Վերջին մեկ ամսում այս կայքը տարածվեց բոլոր հնարավոր հարթակներում: Ամբողջ աշխարհում այս IQAir-ով ընդամենը յոթ երկիր է, որ սերտիֆիկացված ռեֆերենս կայան է համարում այս սենսորները: Այդ սարքերը նախատեսված են լրացնելու ռեֆերենս՝ ճշգրիտ մեթոդներով աշխատող սարքերին, օդի որակի վերաբերյալ տարածական առումով ավելի շատ տեղեկատվություն ունենալու համար։ Սակայն դրանք բավական զգայուն են արտաքին պայմանների նկատմամբ՝ բարձր խոնավություն, բարձր կամ ցածր օդի ջերմաստիճան, մեծ աղտոտվածություն։ Սարքերի ճշգրտությունը 10-40 % է։ Այս սարքավորումները դեռևս չունեն միջազգային ստանդարտացման ինստիտուտի կողմից հաստատված ստանդարտ մեթոդներ, ուստի սարքավորումներն ինքնուրույն, առանց այլ սարքերի կիրառման ստուգաճշտել հնարավոր չէ»,- ասաց Սիրարփի Հայկազյանը։
Մայրաքաղաքում մթնոլորտային օդն աղտոտող հիմնական աղբյուրներն են շինարարությունը, տրանսպորտը, բաց հանքերը և Նուբարաշենի աղբավայրը:
Ներկայացնելով օդի աղտոտվածությունը նվազեցնելու գործողությունները՝ Սիրարփի Հայկազյանը նշեց․ «Խստացվել է շինհրապարակներում վարչարարությունը: Կառուցապատողը պետք է կազմակերպի ավազի, գաջի, խիճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկումը, ինչպես նաև կազմակերպի դրանց տեղափոխումը՝ փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով:
Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ընթացքում կառուցապատողը պետք է կազմակերպի շենքերը և շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը: Շինարարական հրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար կառուցապատողը պետք է կազմակերպի դրանց լվացումը շինարարական հրապարակի ելքի հատվածում՝ հատուկ մետաղական էստակադայի վրա: 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ»:
Որպես օդի աղտոտվածության նվազեցման գործողություն Սիրարփի Հայկազյանն առանձնացրեց հանրային տրանսպորտի շարժակազմի շարունակական փոփոխությունը: «Դիզելով, բենզինով աշխատող շարժակազմի փոխարեն էլեկտրականությամբ, գազով աշխատող շարժակազմ ենք ձեռքբերում: Նախկինում գործարկվող, սև սարսափելի ծուխ հանող շարժակազմերը «Երևանի տրանսպորտ» ՓԲԸ-ի տրանսպորտային գծերը չեն սպասարկում»,- ասաց նա՝ նշելով, որ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծով նախատեսվում է տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծում, որը նախատեսված է տրանսպորտային հոսքերը կարգավորելու, ծանրաբեռնված փողոցները բեռնաթափելու և արտանետումները նվազեցնելու համար։
Օդի աղտոտվածության նվազեցման մի ճանապարհն էլ կանաչ տարածքների ավելացումն է: Ըստ Սիրարփի Հայկազյանի՝ 2022-2024թթ․ ընթացքում կանաչ տարածքները Երևան քաղաքում ավելացել են շուրջ 50 հա-ով: «Հիմնվել են ուրբան անտառներ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում 8,5 հա, Սարալանջի վրա 4 հա, Եռաբլուր զինվորական պանթեոնում «Փառքի անտառ» 15 հա (ընդհանուր 17 հա), պարբերաբար իրականացվում են լրացման աշխատանքներ «Փարոս»-ի բարձունքում, որոնց շնորհիվ ընդլայնվել է շուրջ 5,7 հա, Նորք-Մարաշի վաղեմի այգիներում 7 հա-ի չափով: Նոր այգիների հիմնում և առկա այգիների վերականգնում՝ Ավան վարչական շրջանի մուտքի մոտ 1 հա, այգիներ՝ Արագածի այգի 0,6 հա (Շենգավիթ), Դրո-Սևակ խաչմերուկի այգի 0,45 հա (Քանաքեռ-Զեյթուն), ինչպես նաև իրականացվել են բազմաթիվ այգիների դեգրադացված հատվածների վերականգնում Օղակաձև այգու տարածքում, «Սմարթ» այգին։ 2024թ. իրականացվել է Երևանյան լճի ռեկրեացիոն գոտու հիմնում 1,5 հա-ի վրա։ Իրականացվել են Դավիթ Անհաղթի այգու մի հատվածի վերականգնման աշխատանքներ, Նորք-Մարաշ վարչական շրջանում Այծեմնիկ Ուրարտու հասցեում գտնվող պուրակի հիմնում»:
Սիրարփի Հայկազյանը նշեց, որ Դալմայի տարածքում 230 հա-ի վրա նախատեսվում է «Դալմայի այգի» համայնքային զբոսայգու կառուցում: «Սրա իրականացումից հետո Երևան քաղաքում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը կկազմի 10,3 քառ․ մ, որը կգերազանցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ցուցված նվազագույն 9 քառ․մ ցուցանիշը»,- ասաց նա:
Էկոլուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը հետաքրքրվեց, թե զբոսայգու ստեղծման դեպքում խնդիր չի լինի վարձակալների հետ: Ի պատասխան Սիրարփի Հայկազյանը նշեց. «2025թ. Դալմայի այգիներում վարձակալության գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվում են: Մեր ծրագիրը սկսել ենք, նախորդ տարի իրականացվել են չափագրումներ, հորատումներ, սահմանների հստակեցումներ: Նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ենք աշխատանքներ կատարել, ոռոգման համակարգերն ու ջրատարները գույքագրվել են: Կկազմվի կոնցեպտ, կոցեպտի մրցույթից հետո կիրականացվի նախագծի մրցույթ»:
Երևանի քաղաքապետի հանձնարարականով մշակվում է օդի աղտոտվածության նվազեցման քառամյա պլան, որտեղ կներկայացվեն անհրաժեշտ միջոցառումներն արտանետումների նվազեցման, կանաչ տարածքների, ջրային տարածքների ավելացման հստակ ցուցանիշներով:
«Օդի աղտոտվածության նվազեցման գործողությունների պլանում կնախատեսվեն միջոցառումներ տրանսպորտից, շինարարությունից, հանքերից արտանետումների նվազեցման համար, հատկապես ձմեռային ամիսներին, ինչպես նաև կանաչ տարածքների ավելացման, ջրային տարածքների ավելացման ցուցանիշներ կամրագրվեն, որպես աղտոտվածության դեմ պայքարի կարևոր գործիք։ Պլանի մշակման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին աջակցում են միջազգային գործընկերները (Ասիական զարգացման բանկ, ՄԱԶԾ, Բելգիայի դեսպանատուն և այլն): Պլանը կքննարկվի և կհամաձայնեցվի ոլորտի լիազոր մարմինների հետ»,- ասաց Սիրարփի Հայկազյանը։
Անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդիրներին՝ նա նշեց. «Նուբարաշենը սանիտարական աղբավայր չէ, ոչ մի նորմի չի համապատասխանում: Դրա փակումը միանշանակ է: Հարց է առաջանում՝ իմաստ ունի փակել հին աղբավայրը և իր փոխարեն բացել նորը: Աշխարհն առաջ է անցել, և շատ քաղաքներ և երկրներ արդեն վերամշակման գործարանների մասին են խոսում, սանիտարական աղբավայր են փակում: Միջազգային տնտեսվարողներից քաղաքում աղբի վերամշակման կայան հիմնելու տարբեր առաջարկներ ենք ստացել: Առաջարկներ եղան նաև կառավարությունից: Այս պահին կա որոշում, որ մասնավոր-համայնք համագործակցության շրջանակում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ ենք գնալու, որի համատեքստի մեջ տեղավորվելու է նա Նուբարաշենի աղբավայրի փակումը: Գործընթացը դժվար է և պատասխանատու, որոշել ենք ներգրավել միջազգային գործընկերներին, ովքեր մեզ կօգնեն երկու մրցույթի տեխառաջադրանքներ ստանալ լավագույնին ընտրելու համար: Երկփուլ մրցույթ գարնանը կհայտարարենք և մինչ տարեվերջ կունենանք ավելի շոշափելի տեղեկություն աղբավայրի մասով»,- նշեց Սիրարփի Հայկազյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը նշեց. «Աղբավայրի այրումից արտանետվում են բազմաթիվ նյութեր, այդ թվում ոչ միայն ԱՀԿ-ով սահմանված հիմնական աղտոտիչները: Մենք գիտենք, որ մոնիթորինգը հիմքն է բնապահպանական քաղաքականություն վարելու համար, կանխատեսում կատարելու և որոշումներ կայացնելու համար։ Բայց այդ ամենը չափելու համար ֆինանսական հսկա միջոցներ են պետք»,- նշեց նա:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշեց. «Նուբարաշենի աղբավայրում այրումների հետևանքով մթնոլորտ են արտանետվում դիօքսին, ազոտ, ածխածին: Շատ վտանգավոր են, այդ մասնիկները շատ փոքր են, անցնում են բոլոր կենսաբանական խոչընդոտներով: Այդ ամենը բերում է շատ ցավալի իրականություն, որը գալիս է համալրելու ամենից տխուր վիճակագրությունը օնկոլոգիական հիվանդությունների մասով: 153 երկրների շարքում մենք գտնվում ենք առաջին-երկրորդ տեղերում թոքերի քաղցկեղի, կրծքի քաղցկեղի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ցուցանիշներով: Մենք՝ ինքներս, մեզ ոչնչացնում ենք»:
«CEE Bankwatch Network» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե Առողջապահության նախարարությունը հանրային առողջության վերաբերյալ մոնիթորինգ իրականացնում է: «Արդյո՞ք կան հետազոտություններ, ստատիկ տվյալներ, թե տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումը որքանով է ազդում մարդկանց առողջության վրա»,- հարցրեց նա:
Արայիկ Պապոյանն արձագանքեց. «Խոսքը երևի հանքարդյունաբերությանը հարող տարածքներում ուսումնասիրություն անելու կամ մեթոդական ուղեցույց ունենալու մասին է: Ունենք այդ փաստաթուղթը, բայց այն իրականացնելու համար մեզ պետք են հավաստի տվյալներ շրջակա միջավայրի՝ օդի, հողի, ջրի, արտանետումների թույլատրելի սահմանաչափերի մասին: ԱՀԿ-ի հետ մշակել ենք հանքարդյունաբերությանը հարող շրջանների մեթոդական ուղեցույցը, մեր հրամաններով միշտ հրապարակվում են պաշտոնական կայքէջում, բայց չկա աշխարհում մի երկիր, կազմակերպություն, որը կարող է ասել, թե այս ինչ ոլորտում այս խնդիրը կոնկրետ եղել է օդից: Կարող է ասել ռիսկ, այնինչ հիվանդության առաջացման համար, պետք է օդի, ջրի, հողի հավաստի տվյալներ, ինչպես նաև հասկանալ, այդ ոլորտի մարդիկ տասը տարվա ընթացքում ծխում են, չեն խմում, ֆիզիկական ակտիվությունն ինչպես է, երկարատև ուսումնասիրություն պետք է արվի»,- ասաց նա:
Փետրվար 05, 2025 at 13:04