

Մոսկվայում ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհուրդ: Սույն թվականի դեկտեմբերի 16-17-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի մեկնարկային համաժողովի շրջանակում տեղի ունեցավ խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի հայկական պատվիրակությունը ներկայացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Ողջունելով ներկաներին բնապահպանական խորհրդի առաջին նիստի կապակցությամբ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Աշոտ Սաղյանը նշեց. «Մեր յուրաքանչյուր որոշում ազդեցություն ունի բնապահպանության վրա՝ ինչպես երկրների մակարդակով, այնպես էլ գլոբալ առումով: Անհրաժեշտ է ոչ միայն մատնանշել ձեռք բերված հաջողությունները, այլև որոշել հետագա համագործակցության ուղղվածությունը: Միավորելով խորհրդային շրջանի գիտական խմբերը ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ մենք կկարողանանք արդյունավետ օգտագործել ռեսուրսներն ու նվազեցնել թափոնները՝ նվազեցնելով բնության վրա բացասական ազդեցությունը: Նորարարական ստարտափները կարող են դառնալ կայուն զարգացման հիմքը: Միասին մենք կստեղծենք պայմաններ առաջադեմ լուծումների, կյանքի որակի բարելավման համար: Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը կդառնա գիտական առաջընթացի և բնապահպանական բարեկեցության հիմք։ Եկեք միասին ձգտենք մեր երկրների և ամբողջ աշխարհի համար կայուն ապագա ստեղծել»,- ասաց նա:
Աշոտ Սաղյանը խորհրդի անդամներին առաջարկեց խորհրդի նախագահի պաշտոնում ընտրել Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչևսկուն։ «Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կիլչևսկին խորհրդային հիմնարար գիտության և ժամանակակից գիտական պահանջների սիմբիոզի վառ ներկայացուցիչ է: Ես նրան ճանաչում եմ որպես պատասխանատու և ակտիվ մարդ: Եվ խնդրում եմ բոլոր ներկաներին աջակցել նրա թեկնածությանը»,- նշեց Աշոտ Սաղյանը:
Խորհրդի անդամները միաձայն համաձայնություն տվեցին Ալեքսանդր Կիլչեվսկուն խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու Աշոտ Սաղյանի առաջարկին։ Ալեքսանդր Կիլչևսկին խորհուրդը կգլխավորի մեկ տարի ժամկետով։
«Մեր խորհրդի նպատակն է կայուն գիտատեխնիկական հարթակի ձևավորումը, համատեղ նախաձեռնությունների մշակումը շրջակա միջավայրի պաշտպանության հարցում, մեր երկրների միջև գիտական համագործակցության ամրապնդումը» ,- նշեց Ալեքսանդր Կիլչևսկին՝ հավելելով, որ առաջիկայում կձևավորվի խորհրդի գործադիր կոմիտեն և 2025թ. համար աշխատանքային գործունեության պլանը։ «Հուսով եմ, որ մեր խորհուրդը կկարողանա ձևավորել համագործակցության համակարգ բնապահպանության ոլորտում: Բնապահպանությունը շատ լայն հասկացություն է: Այստեղ՝ այս նավի վրա, յուրաքանչյուրն իր տեղը կգտնի, և, ի վերջո, մենք առաջ կգնանք»,- նշեց նորընտիր նախագահը:
Միջազգային գիտահասարակական բնապահպանական խորհրդի ստեղծումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար նպատակ ունի ձևավորել արդյունավետ մեխանիզմներ տարածաշրջանի և աշխարհի առջև ծառացած արդիական էկոլոգիական մարտահրավերների լուծման համար:
Էկոխորհրդի գործունեությունը կենտրոնանալու է կլիմայի փոփոխության, էկոհամակարգերի կորստի, բնապահպանական վնասի վերացման, ջրօգտագործման, հողօգտագործման և ընդերքօգտագործման հետ կապված խնդիրների, օդի մաքրության և թվային տեխնոլոգիաների՝ էկոլոգիական նախագծերում կիրառելու հարցերի վրա:
Խորհրդի նիստին նախորդած համաժողովի շրջանակում անդամ երկրների գիտական, կրթական և հասարակական ոլորտների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց երկրներում առկա բնապահպանական խնդիրների, դրանց հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումների, կրթական համակարգերում էկոբաղադրիչների ու երիտասարդներին բնապահպանական արշավներում ներառելու պատմությունների ներկայացմամբ։
«ԵԱՏՄ երկրներ. գործընկերություն բնապահպանական օրակարգում» լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշեց․ «Ժամանակակից հասարակության մեջ համակարգային բնապահպանական խնդիրների լուծումը հնարավոր չէ առանց մեր պետությունների բնապահպանական գիտության ներկայացուցիչների ջանքերի միավորման: Այս համատեքստում Միջազգային գիտական-հասարակական բնապահպանական խորհրդի ստեղծումը դառնում է կարևոր քայլ, որը բարձրացնում է համատեղ ջանքերի արդյունավետությունը:
Հարկ եմ համարում նշել Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից բնապահպանության ոլորտում իրականացվող գործունեությունը, որը ներառում է գիտական հետազոտությունների և գործնական լուծումների լայն շրջանակ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ինստիտուտների աշխատանքին, որոնք ակտիվորեն ներգրավված են երկկողմ և բազմակողմ նախագծերում՝ Եվրոպայի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մասնակցությամբ։ Այս նախագծերը նպատակաուղղված են համագործակցության զարգացմանը շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ոլորտներում՝ նպաստելով գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանը»։
Աշոտ Սաղյանը ներկայացրեց հայկական գիտական ինստիտուտներում իրականացվող հետազոտությունները։ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրականացվում է Հայաստանի բուսական բիոզանգվածի առանձնահատկությունների ուսումնասիրություն Landsat արբանյակային համակարգի միջոցով։ Արբանյակների տրամադրած հեռահար տվյալները հնարավորություն են տվել օգտագործել NDVI (Normalized Difference Vegetation Index, նորմալացված տարբերակային բուսականության ինդեքս)՝ Հայաստանի լեռնային էկոհամակարգերի տարբեր բարձրություններում բուսական շրջանի ողջ ընթացքում (ապրիլից նոյեմբեր) բիոզանգվածի աճը գնահատելու համար:
ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտում ուսումնասիրվում է բուսականության բնույթի փոփոխությունը կլիմայական փոփոխությունների համատեքստում։ Առավել բարձր արևային ակտիվությամբ շրջաններում հետազոտվում է այն գործընթացը, թե ինչպես են տափաստանները վերածվում կիսաանապատների, որոնք հետագայում վերածվում են անապատի։
Հետաքրքիր աշխատանքներ են իրականացվում էնդեմիկ (և ոչ միայն) բուսատեսակների հարմարվողականության ուսումնասիրության ուղղությամբ՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Մասնավորապես դա վերաբերում է խաղողի տեսակներին, քանի որ խաղողագործությունն ու գինեգործությունը դարեր շարունակ առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Հայաստանի տնտեսությունում։ Հայաստանում առաջին անգամ հիմնադրվել են բարձրալեռնային օրգանական խաղողի այգիներ, որոնք ներառում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան խաղողի տեսակներ՝ ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա։ Ծրագիրն ուղղված է ավելի խոնավ նախալեռնային և լեռնային շրջաններում բարձրորակ օրգանական խաղողի այգիների ստեղծմանը։
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ավելի քան 20 տարի իրականացնում է Սևանա լճի ձկների և խեցգետինների արդյունաագործական պաշարների մոնիթորինգ։ Մեր ամենամյա գնահատականների հիման վրա ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվում են գիտականորեն հիմնավորված առաջարկություններ լճում ձկնորսության թույլատրելի քվոտաների վերաբերյալ։
Իրականացվող բնապահպանական ծրագրերից կարելի է առանձնացնել «Սևանա լճի էվտրոֆիկացման մեխանիզմների ուսումնասիրություն և ջրի «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիրը։ Տասնամյակներ շարունակ մենք իրականացնում ենք լճի ջրի որակի հիդրոէկոլոգիական մոնիթորինգ։ Տրամադրվում են առաջարկություններ քսենոբիոտիկների ազդեցության բացասական հետևանքների դեմ պայքարելու համար։ Ցավոք, մենք միշտ չէ, որ հասցնում ենք գնահատել և շտկել մարդու գործունեության բացասական հետևանքներն ու շրջակա միջավայրի որակի փոփոխությունները։
Մասնավորապես, միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացման հետևանքով վերջին տարիներին Սևանա լճի որոշ հատվածներում նկատվում է ջրի «ծաղկում»՝ պայմանավորված կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիաներ) զանգվածային տարածմամբ։ Ջրի «ծաղկման» դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրման արդյունքում մշակվել են համապատասխան առաջարկություններ, ստեղծվել է կապտականաչ ջրիմուռներից ջրի մաքրման մեթոդաբանություն՝ օգտագործելով հայկական ցեոլիտներ։ Ուսումնասիրվել է ցեոլիտների ազդեցությունը ջրի կազմի վրա մաքրման ընթացքում։
Ռուս-հայկական համագործակցությունը Սևանա լճի ուսումնասիրման ուղղությամբ, որն սկսվել է անցյալ դարի կեսերին, շարունակվում է նաև այսօր։ Ժամանակակից համատեղ հետազոտությունների բնապահպանական ուղղվածությունը նպատակաուղղված է Սևանա լճի էկոհամակարգի ուսումնասիրությանը՝ գլոբալ կլիմայական փոփոխությունների և ջրի մակարդակի էական տատանումների պայմաններում, որոնք հանգեցրել են նոր բնապահպանական խնդիրների։ 2005-2023 թվականների ընթացքում Սևանա լճի տարածքում իրականացվել է ավելի քան 15 համատեղ գիտարշավ հայ և ռուս գիտնականների կողմից»։
Աշոտ Սաղյանն անդրադարձավ ռուսական գիտական կառույցների հետ իրականացված համագործակցությանը. «2003 թվականից ի վեր շարունակվում են համագործակցությունը և գիտական հետազոտությունները Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ էկոնոմիկայի, մշակույթի և էկոլոգիայի ոլորտներում: Ռուս գործընկերների հետ իրականացվում են համատեղ հետազոտական ծրագրեր, հրապարակվել են 2 մենագրություն և ավելի քան 10 համատեղ գիտական հոդվածներ հեղինակավոր ամսագրերում։ Բազմաթիվ երիտասարդ հայ գիտնականներ անցել են մասնագիտական պատրաստվածություն Ռուսաստանի գիտահետազոտական ինստիտուտներում»։
ՀՀ ԳԱԱ նախահագի խոսքով՝ այս օրինակները հիմնականում վերաբերում են Հայաստանին, սակայն կլիմայական փոփոխությունները ազդում են բոլորի վրա: «Կարծում եմ, որ մշակված որոշ լուծումներ կարող են օգտակար լինել նաև այլ երկրների համար»,- ընդծեց նա:
Իր ելույթի ավարտին՝ Աշոտ Սաղյանն անդրադարձավ նաև ռազմական գործողությունների՝ էկոհամակարգերի վրա ունեցած բացասական ազդեցությանը: «Հարկ է անդրադառնալ նաև այն կարևոր խնդիրներին, որոնք, ցավոք, մնում են հրատապ և պահանջում են լուծում՝ հատկապես ռազմական գործողությունների ազդեցության հետևանքով առաջացած բնապահպանական հետևանքները։ Հողերի տասնյակ հեկտարներ ոչնչանում են լայնամասշտաբ գործողությունների պատճաառով, և այդ ամենի հետևանքը բավական մեծ է: Վնասները չեն սահմանափակվում միայն տեսանելի հետևանքներով, պետք է հաշվի առնել նաև քիմիական կողմը։ Յուրաքանչյուր արկի պայթյուն իր հետևում թողնում է ոչ միայն ֆիզիկական ոչնչացում, այլև հողի քիմիական կառուցվածքի փոփոխություն, որի հետևանքով հողը դառնում է ոչ արգասաբեր։ Դրա մասին են վկայում Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները, որոնց անմիջական ականատեսն են եղել նրա բնակիչները՝ իմ հայրենակիցները։ Հողային ռեսուրսների արդյունավետ վերականգնման համար անհրաժեշտ է իրականացնել մասնագիտացված գիտական հետազոտություններ՝ ուղղված աղտոտման հետևանքների վերացմանը։ Լեռնային Ղարաբաղի գիտական կենտրոնում, ՀՀ ԳԱԱ աջակցությամբ, վերջերս սկսվել էին այս ոլորտում գիտական հետազոտությունները, որոնք, ցավոք, կասեցվել են հայտնի իրադարձությունների պատճառով։ Քանի որ ԱՊՀ մյուս տարածաշրջանները կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նման ուսումնասիրություններին։ Դա կպահանջի զգալի ժամանակ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Հակառակ դեպքում հողի բնական վերականգնումը կարող է անշրջելի լինել»,- ասաց նա:
«ԵԱՏՄ երկրներում կուտակված վնասի օբյեկտների ընթացիկ վիճակը և փոփոխությունների դինամիկան» թեմայով կլոր սեղանի ժամանակ ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշն անդրադարձավ կենսաբազմազանության և դրա պահպանման խնդիրներին Հայաստանի օրինակով: «Հայաստանը տարբերվում է իր հսկայական կենսաբազմազանությամբ։ Կարելի է ասել, որ սա «թեժ կետ է թեժ կետի ներսում», որը Կովկասն է: Հայաստանում ներկայացված է Կովկասի ողջ բուսական աշխարհի կեսը։ Սա հսկայական ցուցանիշ է։ Երկրում կան բազմաթիվ կենդանական տեսակներ: Ավելի քան 17 հազարը միայն անողնաշարավորներն են: Սա մի հարստություն է, որը, անկասկած, պետք է պահպանվի։ Կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգներն են մարդկային ազդեցությունը և բնական գործոնները, որոնք ձևավորում կամ փոփոխում են կենսաբազմազանությունը։ Հայաստանը լեռնային երկիր է, և երկրի տարածքի մեծ մասը գտնվում է բարձր լեռնային գոտում։ Մարդկային ազդեցությունը հիմնականում նկատվում է ստորին լեռնային տարածքներում, մասնավորապես՝ կիսաանապատային և սփռված ցածրադիր տարածքներում, որտեղ գերակշռում է գյուղատնտեսությունը։ Նման տարածքներում մարդկային ազդեցությունը հասնում է մոտ 90%-ի, մինչդեռ բարձր լեռնային գոտիներում այդ ազդեցությունը զգալիորեն պակաս է։ Այստեղ հիմնական վտանգը կենսաբազմազանության կորուստը կամ փոփոխությունն է»,- նշեց նա:
Թվարկելով կենսաբազմազանության վրա անտրոպոգեն ազդեցության անդառնալի սպառնալիքները՝ Գեորգի Ֆայվուշը նշեց. «Ներկայում Հայաստանում մոտ 37 հազար հեկտար տարածք գտնվում է հանքարդյունաբերական ազդեցության տակ: Հայաստանում կա 23 մեծ պոչամբար, որոնք լուրջ ազդեցություն են ունենում էկոհամակարգերի վրա և աղտոտում են շրջակա միջավայրը։ Հաջորդ ոլորտը շինարարությունն է: Երկրում ակտիվորեն իրականացվում է ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարություն, ինչը նույնպես ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Գյուղատնտեսությունը նույնպես իր բացասական ազդեցությունն ունի՝ նոր հողատարածքների մշակում, գերշահագործված արոտավայրեր: Չնայած վերջին տարիներին ապօրինի անտառաահատման գործընթացը որոշ չափով կարգավորվել է, սակայն 1990-ական թվականների էկոլոգիական և տնտեսական ճգնաժամի ժամանակ անտառների զանգվածային և ոչ խնայողական հատումները թողել են իրենց բացասական ազդեցությունը։ Մյուսը՝ հիդրոէներգետիկան է: Չնայած որպես «մաքուր» էներգիայի աղբյուր դիտարկվելուն, այն ունի որոշ բացասական հետևանքներ։ Մանավանդ փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով կրճատվում են ջրի բնական հոսքի ծավալները և փոխվում է գետային էկոհամակարգը։ Զբոսաշրջություն և հանգստյան գոտիների զարգացումը նույնպես իր մեջ ներառում է բնական տարածքների կրճատում, ռեկրեացիոն «ոտնահարում», աղմուկ, ինչպես նաև բնության աղտոտում։ Այստեղ խնդիր կարող է լինել նաև դեղաբույսերի և հատապտուղների հավաքչությաբն հետ կապված, եթե իհարկե դա լինի մեծ, արտադրական նպատակներով: Հայաստանում առկա են աղբի վերամշակման անլուծելի խնդիրներ։ Աղբավայրերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ լեգալ, մեծ վնաս են հասցնում բնությանը։ Մյուս խնդիրը ինվազիվ տեսակների ներթափանցումն է։ Վերջին 20 տարիներին Հայաստան ներմուծված կամ ինքնաբուխ տարածված ինվազիվ տեսակները փոփոխում են բնական էկոհամակարգերը՝ դառնալով լուրջ սպառնալիք։ Մի կողմից դա մարդու ազդեցության հետևանք է, մյուս կողմից՝ իրենք ինքնուրույն են տարածվում՝ խախտելով բանական հավասակշռությունը: Եվ վերջապես՝ կլիմայական փոփոխությունները նույնպես խիստ բացասական ազդեցություն են ունենում կենսաբազմազանության վրա, սակայն ներկայումս այդ ուղղությամբ գործուն քայլեր դեռևս չեն ձեռնարկվում»։
Խոսելով կենսաբազմազանությունը պահպանելու համարա անհրաժեշտ քայլերի մասին՝ Գեորգի Ֆայվուշն ընդգծեց. «Կենսաբազմազանությունը պահպանելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Հին Կտակարանում ասված է, որ Աստված ստեղծեց մարդուն և նրան ազատություն տվեց՝ մշակելու և խնամելու Երկիրը։ Այսինքն՝ բնության պահպանության մոտեցումը պետք է լինի մի տեսակ համախմբում բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր օգտագործում են բնությունը, և բնապահպանական կազմակերպությունների միջև, որպեսզի նրանք միասին աշխատեն այս ուղղությամբ։ Անհնար է ամբողջովին հրաժարվել տնտեսական եկամուտներից, բայց միևնույն ժամանակ՝ անհնար է ամբողջովին անտեսել բնության պահպանության անհրաժեշտությունը»։
«Ջրային ռեսուրսների պահպանումը ԵԱՏՄ երկրներում» կլոր սեղանի ժամանակ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը հանդես եկավ «Ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները Հայաստանում» զեկույցով: Նրա խոսքով Հայաստանի ջրային ռեսուրսների կազմում են 14 խոշոր գետային ավազաններ, 400 գետ 10 կմ-ից ավելի երկարությամբ, 74 ջրամբար և ավելի քան 700 բնական և արհեստական հանքային ջրերի աղբյուրներ: Ամենից մեծ լիճը Սևանա լիճն է՝ 38,1 կմ³ ծավալով:
«Հայաստանում ջրային ռեսուրսներն օգտագործվում են չորս հիմնական նպատակներով՝ ոռոգում, հիդրոէներգետիկա, արդյունաբերություն և համայնքային ջրօգտագործում»,- ասաց նա:
Գոռ Գևորգյանն անդրադարձավ ջրային ռեսուրսների օգտագործման միջազգային համաձայնագրերին: «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է համաձայնագիր Արաքս և Ախուրյան գետերի ռեսուրսների օգտագործման վերաբերյալ: Հայաստանի և Իրանի միջև համաձայնագրով կարգավորվում է Արաքս գետի ռեսուրսների օգտագործման հարցը: Հայաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագիրը կարգավորում է Դեբեդ գետի ռեսուրսների օգտագործումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարգավորում է Արփա, Որոտան, Աղստև և Տավուշ գետերի ռեսուրսների օգտագործման հարցերը»,- նշեց նա:
Խոսելով Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական (իրավական) բազայի մասին՝ բանախոսը մեջբերեց, ջրային ոլորտի հարցերը կարգավորող օրենքներն ու օրենսդրական ակտերը. «Ոլորտային հարցերը կարգավորովում են Սահմանադրությամբ, բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքներով, Ջրային օրենսգրքով, Ջրօգտագործողների ասոցիացիաների մասին օրենքով, Ազգային ջրային քաղաքականության հիմնական դրույթների մասին օրենքով և Ազգային ջրային ծրագրի մասին օրենքով»:
Անդրադառնալով Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) շահագործման հիմնական խնդիրներին՝ նշեց. «Չի պահպանվում բնապահպանական թողքը, նախագծերը ոչ ճշգրիտ հիդրոտնտեսական գնահատումներ ունեն, հաշվի չի առնվում կումուլյատիվ ազդեցությունը, ի վերջո՝ ՓՀԷԿ-երի շահագործումը հանգեցնում է բնապահպանական բացասական ազդեցության»:
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների խնդիրներին անդրադառնալով՝ Գոռ Գևորգյանը նշեց. «Դիտվում է Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի պաշարների կտրուկ նվազում և Արտեզյան ստորերկրյա ջրերի գոտու էական կրճատում»:
Գոռ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանում ջրային ռեսուրսների աղտոտման հիմնական աղբյուրներին: «Հանքարդյունաբերության աճը դարձել է երկրի ջրային ավազանների (օրինակ՝ ծանր մետաղներով) աղտոտման ևս մեկ պոտենցիալ աղբյուր։ Մյուս կողմից՝ ունենք մաքրման կայանների վատ վիճակ, բաց ջրավազաններում կեղտաջրերի արտանետումների անբավարար մոնիթորինգ, կոյուղու շահագործման համակարգերի վատ վիճակ»,- նշեց նա: Ըստ նրա՝ ջրային ռեսուրսներին սպառնացող հիմնական խնդիրներն են. «Ստորերկրյա ջրերի պաշարների քանակը Հայաստանում պաշտոնապես չի գնահատվում, ինչը լուրջ խնդիր է ջրային տնտեսության համար և կարող է հանգեցնել խմելու ջրի պակասի և այլ ջրային խնդիրների: Հայաստանը խիստ խոցելի է կլիմայական փոփոխությունների նկատմամբ և ունի զգայունության բարձր աստիճան և կլիմայական փոփոխություններին հարմարվելու սահմանափակ հնարավորություններ: Ակնկալվում է, որ մինչև 2030թ. տարեկան տեղումները կնվազեն 11%-ով, ինչը կհանգեցնի գետերի հոսքի 25%-ով նվազման:»:
«Էկոլոգիական կրթություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն անդրադարձավ Հայաստանում էկոլոգիական կրթության հարցերին: «Բարենպաստ էկոլոգիական անվտանգ կարգավիճակը, մարդու սահմանադրական իրավունքը և պետական կարևորագույն խնդիրները, բնապահպանական կայունության ապահովման նպատակով սահմանադրական պարտականությունների կատարումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական մշակույթին տիրապետում, որը ձեռք է բերվում շարունակական բնապահպանական կրթության միջոցով։
Հայաստանի Հանրապետությունում շարունակական բնապահպանական կրթության նպատակն է ապահովել բնապահպանական գիտելիքների շարունակական ամբողջականությունը, անհատի և հասարակության միջև բնապահպանական գիտելիքների ներդաշնակ փոխկապակցվածությունը, նպաստել բնապահպանական կրթության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների ներդաշնակությանը, էկոլոգիապես պատասխանատու անհատի ձևավորմանը»,- ասաց նա։
Կարեն Ղազարյանը ներկայացրեց շարունակական բնապահպանական կրթության և դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները. «Անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ նվազագույն բնապահպանական գիտելիքների ստացման պետական երաշխիքներ, կրթական համակարգի բոլոր մակարդակներում բնապահպանական կրթության և դաստիարակության պարտադիր բնույթը, դրա շարունակականությունն ու համալիր բնույթը, բնապահպանական կրթության և դաստիարակության հարցերի ընդգրկումը պետական բնապահպանական քաղաքականության և ոլորտային ծրագրերում, բնապահպանական կրթության և դաստիարակության ուղղվածություն՝ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման ժամանակ, ազգային կոլորիտի պահպանում՝ որպես էթնոէկոլոգիական համակարգի մաս, մարդու և բնության արժեքների միջև միասնական բնապաշտական և մշակութային կապերի ձևավորում, բնապահպանական կրթության և դաստիարակության ոլորտում գիտական նորարարությունների խթանում, ուսանողների, մանկավարժների, ինչպես նաև պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև համագործակցության խթանում, բնապահպանական կրթության ընդլայնում՝ ներառելով կայուն զարգացման այլ ոլորտների հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ տնտեսական, սոցիալական և մշակութային խնդիրներ»,- նշեց նա:
Ըստ Կարեն Ղազարյանի՝ շարունակական բնապահպանական կրթությունը ներառում է մի քանի մակարդակներ. «Նախադպրոցական բնապահպանական կրթություն և դաստիարակություն, ընտանիքում և նախադպրոցական հաստատություններում բնապահպանական դաստիարակություն, միջնակարգ բնապահպանական կրթություն, միջին մասնագիտական բնապահպանական կրթություն, բարձրագույն մասնագիտական բնապահպանական կրթություն, հետբուհական բնապահպանական կրթություն, բնապահպանական կրթություն և դաստիարակություն ընտանիքում»։
Նրա խոսքով՝ կրթական համակարգում բնապահպանական ուղղվածությամբ առարկաների ներմուծումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին և կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան։ «Միջազգային համագործակցությունը բնապահպանական կրթության ոլորտում իրականացվում է ՀՀ օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն։ Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը չեն համապատասխանում ՀՀ օրենքներին, ապա գործում են միջազգային պայմանագրերով նախատեսված նորմերը։ Միջազգային համագործակցությունը բնապահպանական կրթության ոլորտում իրականացվում է պետական մարմինների բոլոր մակարդակներում, ինչպես նաև կրթական հաստատությունների, մասնավոր անձանց միջև՝ պայմանագրային հիմունքներով»,- ասաց նա:
Լուսանկարները՝ TASS-ի
Դեկտեմբեր 28, 2024 at 17:55