

Հայաստանի արդյունաբերական հարավը հարուստ է գունավոր և թանկարժեք մետաղներով, որոնց հանքարդյունահանմամբ զբաղվում է ավելի քան 10 ընկերություն։
Այս հոդվածում համառոտ կերպով ներկայացված են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հիմնական աշխատանքային բնութագրերը, ինչպես նաև առանձնացված են լուծում պահանջող բնապահպանական և սոցիալական խնդիրները։
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ներառում է
- Կապան քաղաքում գտնվող գործարանը,
- Շահումյանի բազմամետաղային հանքավարը
- Գեղանուշի պոչամբարը։
Հանքի տարածքը զբաղեցնում է 378,6 հա, հանքաքարի ծավալը՝ 17 859,0 հազար տոննա։ Տարեկան թույլատրելի արդյունահանումը՝ 600,0 հազար տոննա հանքաքար։ Ընկերության լիցենզիան գործում է մինչև 2050թ. ապրիլի 1-ը։
Հանքաքարի բաղադրությունն է՝ ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար, ուղեկցող տարրերն են՝ կադմիում, ինդիում, թելուր, սելեն, ծծումբ, գալիում։ Հիմնական հանքակազմող միներալներն են` խալկոպիրիտը, սֆալերիտը, գալենիտը, պիրիտը: Առկա են նաև ազնիվ մետաղներ: Դատարկ ապարների միներալները ներկայացված են քվարցով և կարբոնատներով։
Հարստացուցիչ ֆաբրիկայում վերամշակվում է նաև «Լիճքվազ» ՓԲԸ-ի կողմից արդյունահանված 150,0 հազար տոննա հանքաքարը։ Հարստացման ֆաբրիկայում իրականացվում են՝ հանքաքարի ջարդում, աղացում, ֆլոտացում, ստացված խտանյութի խտացում և ֆիլտրում։
Ֆլոտացման գործընթացում օգտագործվում են տարբեր ռեագենտներ՝ քսանթագենատ, նատրիումի սուլֆիդ, կրակաթ և այլն:
Ընկերության մթնոլորտային օդի արտանետումների ազդեցության գոտում գտնվում են Շահումյան գյուղը, Կապան քաղաքը, մասամբ՝ Գեղանուշ գյուղը։
Ընկերությունը 2017թ. ստացել է մթնոլորտային օդ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվություն։
Կազմակերպության մթնոլորտային օդ արտանետումները պարունակում են աղտոտող նյութերի 20 անվանում` հանքաքարի, կրի, փայտի, քսանթագենետի փոշիներ, ածխաջրածիններ, ազոտական, ծծմբական և աղաթվի գոլորշիներ, մանգանի, երկաթի, ածխածնի, ազոտի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ, ֆտորիդներ, յուղի աերոզոլ։
2023թ․ մարտի 3-ին N 0052-23 ջրօգտագործման թույլտվությամբ ընկերությունը ստացել է Ողջի գետից տարեկան 1966,89 հազար խմ (62.4 լ/վրկ) ջրառի թույլտվություն։
1978-2005թթ․ կազմակերպության պոչանքները լցվել են Գեղանուշի պոչամբար, 2005-2008թթ. պոչամբարի վերանորոգման ընթացքում՝ Արծվանիկի պոչամբարի ազատ տարածքում ստեղծված միջանկյալ պոչամբարում (800 հազար խմ), որն այնուհետ ռեկուլտիվացվել է։ Գեղանուշի պոչամբարի վերանորոգումից հետո շարունակվել է պոչանքները տեղափոխումն այնտեղ։ 2023թ․ մարտի 31-ի տվյալներով պոչամբարում, ըստ ԲՓ-174 փորձաքննական դրական եզրակացության կուտակված է 7,35 միլիոն խմ պոչեր։ 2024թ․ նոր նախագծով պոչամբարի նախագծային ծավալը հասցվելու է մինչև 11,73 միլիոն խմ, իսկ բուն պոչամբարի մակերեսը՝ 32,0 հա (40 հա՝ պոչատարոով և ենթակառուցվածքներով)։
Պոչանքների պինդ մասի բաղադրությունը հետևյալն է՝ SiO2, Al2O3, MgO, K2O, Na2O, TiO2, CaO, MnO, Fe, Cu, Pb, Sb, Zn, As, Au, Ag։
Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 2022թ․ ազդակիր Կապան քաղաքի հողերում ծանր մետաղների պարունակությունը գերազանցել են Սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները հետևյալ չափով. վանադիումը՝ 1․1-2․2, պղինձը՝ 107․7-213․3, ցինկը՝ 7․7-23․7, քրոմը՝ 1․7-15․7, նիկելը՝ 9․3-17, մկնդեղը՝ 6․5-12, կապարը՝ 1.5-10.7 անգամ:
Գետերի հատակային նստվածքներում վանադիումի, պղնձի, ցինկի, քրոմի, նիկելի, կապարի և արսենի կոնցենտրացիաները գերազանցում են թույլատրելի սահմանները։
Ողջի, Արծվանիկ գետերը հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են և ունեն 5-րդ աստիճանի ամենաբարձր աղտոտվածություն։
Ողջի գետի ջրերի շարունակաաբար աղտոտվում են նաև լքված Կապանի Կենտրոնական հանքավայրից թթվային դրենեժային ջրերով, Կապանի լեռնահարստացման կոմբինատի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունաբերական թափոններով և արտահոսքերով: Աղտոտիչներն են՝ մոլիբդենը, մանգանը, կոբալտը, կալիումը, ծարիրը։
Աղտոտման ասպեկտներից մեկը ֆոնային մշտական աղտոտվածության առկայությունն է, որի աղբյուրները դժվար կամ գործնականում անհնար է որոշել։
Սոցիալական պատասխանատվություն
Ընկերությունում 2020թ. զբաղված են եղել 1037, 2021թ՝ 1012, 2022թ՝ 1021, 2023թ․՝ 907 անձ, որոնք հիմնականում Կապան, Գորիս, Քաջարան և Սիսիան համայնքներից են։
Ըստ ընկերության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) ներկայացրած հաշվետվությունների՝
2020թ․ ընկերությունը ցուցաբերել է 223․7 միլիոն դրամի, իսկ 2021թ․՝ 104․55 միլիոն դրամի ֆինանսական օժանդակություն ինչպես համայնքի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման, մարզային պետական մարմիններին և բնակիչներին օգնություն ցուցաբերելու ոլորտներում։
Համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի CHK (11-1-031) շրջանակներում 2021թ․Կապանի համայնքային բյուջե է փոխանցել 47 միլիոն 663 հազար 334 դրամ։
Ըստ Ընկերության 2021թ. ԱՃԹՆ հաշվետվության 2020թ. հարկերը կազմել են՝
- Ռոյալթի՝ 3 միլիարդ 109 միլիոն 973 հազար 478 դրամ
- Բնօգտագործման հարկ՝ 669 հազար 240 դրամ
- Բնապահպանական հարկեր՝ 985 հազար 359 դրամ
- ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական վճարված հարկեր՝ ըստ ներկայացված մաքսային հայտարարագրերի՝ 21 հազար 077 դրամ
- Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում՝ 29 միլիոն 625 հազար 545 դրամ
- Մշտադիտարկումների իրականացման վճար՝ 11 միլիոն 428հազար 610 դրամ
2021թ. հարկերը կազմել են՝
- Ռոյալթի՝ 3 միլիարդ 529 միլիոն 924 հազար 71 դրամ
- Բնօգտագործման հարկ՝ 669 հազար 238 դրամ
- Բնապահպանական հարկեր՝ 5 միլիոն 754 հազար 83 դրամ
- ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական հարկեր՝ ըստ ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերի՝ 85 հազար 376 դրամ
- ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծված ապրանքների համար բնապահպանական վճարված հարկեր՝ ըստ ներկայացված մաքսային հայտարարագրերի՝ 794 հազար 970 դրամ
- Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրում՝ 6 միլիոն 868 հազար 580 դրամ
- Մշտադիտարկումների իրականացման վճար՝ 2 միլիոն 428 հազար 180 դրամ։
Փետրվար 11, 2025 at 15:15