

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավախորհրդատու Սայադ Բադալյանը պարզաբանում է տարածել Ամուլսարի գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով «ԷկոԼուրի»՝ դատական գործի վերաբերյալ հրապարակմանը:
Պարզաբանման մեջ նշված է. «Սույն թվականի հուլիսի 9-ին Ecolur տեղեկատվական ՀԿ-ն տեղեկություն էր տարածել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների վերաքննիչ բողոքն Ամուլսարի գործով: Տեղեկությունը տարածվել էր այն լույսի ներքո, թե իբր դատարանը հիմնավոր է համարել հայցվորների ներկայացրած պահանջը Ամուլսարի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Մինչդեռ, իրականությունն այլ է։
Նախևառաջ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ դիրքորոշում հայցվորների փաստարկների վերաբերյալ չի հայտնել, մինչդեռ վերոնշյալ աղբյուրի ձևակերպումներից ընթերցողի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել։ Դատարանը գործը նոր քննության է ուղարկել բացառապես դատավարական հիմնավորումներով։ Մասնավորապես, ըստ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի եզրահանգման, հայցվորների ներկայացուցչի` Նազելի Վարդանյանի կողմից ներկայացվել է ոչ ճիշտ հայցատեսակ։
Արձանագրելով այս փաստը՝ դատարանն այլ ելք չի ունեցել, քան գործը նոր քննության համար առաջին ատյանի դատարան ուղարկելը, որպեսզի վերջինս առաջարկի հայցվորներին ներկայացնելու պատշաճ հայցատեսակ։
Նման պայմաններում անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով Նազելի Վարդանյանի կողմից վերոնշյալը որպես «հաղթանակ» ներկայացնելը։ Կարծում ենք, որ նրա արձագանքն այդ դատական ակտին պետք է ճիշտ հակառակը լիներ, քանի որ դրանով արձանագրված է իր իսկ կողմից ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման փաստը։
Կրկին ընդգծենք, որ քննարկվող դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ բովանդակային դիրքորոշում չի հայտնել ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու՝ հայցվորների վկայակոչած փաստարկների վերաբերյալ, քանի որ ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման պայմաններում դատարանը նման դատավարական հնարավորություն առհասարակ չուներ»։
Ի պատասխան նշենք, որ ԷկոԼուրի նյութում ընդամենը գրված է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2021թ․ որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով, ինչը համապատասխանում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.07.2021թ․ թիվ ՎԴ/10166/05/18 վարչական գործով որոշմանը, որում նշված է.
«4.1 Սույն գործով հայցվողների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել ամբողջությամբ՝
4.1.1 ամբողջությամբ բեկանել թիվ ՎԴ/10166/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 14.11.2019թ. կայացրած վճիռը՝ սույն վարչական գործն ուղարկելով ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
4.2 ՀՀ վարչական ու վերաքննիչ վարչական դատարաններում ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
4.3 Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան»:
Հուլիս 13, 2021 at 16:09