Գնդեվազցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի (Բնապահպանության) նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (Էներգետիկայի և բնական պաշարների) նախարարության շուրջ 8 տարի տևած դատական գործընթացը մտել է դատաքաննության փուլ: Այս մասին հայտնում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն:
8 տարի շարունակ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի բնակիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները դատարանում վիճարկում են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ Ամուլսարի ծրագրին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և թույլտվությունները: Դատական գործընթացում որպես պատասխանող երրորդ կողմ է ներգրավված «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն:
2022թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայցվորների փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցն ամբողջությամբ, հայցվորների պահանջն ու դրա փաստական ու իրավական հիմքերը: Հայկ Ալումյանը դիմեց Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄ) ներկայացուցչին. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ներկայացվել էր 13 կետերից բաղկացած փաստաթուղթ, որը կապված է այս գործունեության հետ: Նախարարությունն ի՞նչ դիրքորոշում ունի դրա հետ կապված»: Ի պատասխան ներկայացուցիչն արձագանքեց. «Պետք է տեղում ստուգվեր, բայց քանի որ Ամուլսարը չէր աշխատում, այնտեղ նույնիսկ մտնել հնարավոր չէր, դրա արդյունքը չեմ կարող ասել»: Հայկ Ալումյանի ճշտող հարցին, թե կարելի է փաստել, որ նախարարությունն այդ հարցի վերաբերյալ նոր դիրքորոշում չունի, ՇՄ ներկայացուցիչն արձագանքեց. «Ինձ հայտնի չէ»:
Հայկ Ալումյանը նաև հետաքրքրվեց, թե որևէ մարմնի կողմից կատարվել է արդյոք ուսումնասիրություն Ամուլսարի տարածքում ստորգետնյա ջրերի հոսքի վերաբերյալ. «Կա արդյո՞ք ստորգետնյա ջրերի քարտեզ այդ տարածքի ներքևում, որևիցե փաստաթղթում արտացոլվա՞ծ է կամ հաշվի առնվա՞ծ»: ՇՄ ներկայացուցիչն արձագանքեց. «Քարտեզ չեմ կարող ասել, կա, թե՝ ոչ, բայց ուսումնասիրվել է: Ինձ համար նորություն էր, որ նման քարտեզ պետք է լիներ, ես կճշտեմ մասնագետներից՝ նման բան գոյություն ունի, նման օրենսդրական պահանջ կա, որ նման բան ունենանք, կամ ինչ-որ մեթոդիկա կա, որ Ձեր ասած տվյալները հայտնվեն ինչ-որ քարտեզում»: Ստորգետնյա ջրերի տվյալների վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը՝ նշեց, որ նախարարությունը պետք է քարտեզի վերաբերյալ ապացույցներ տրամադրի: «Պահանջում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից ներկայացնել գործի վերաբերյալ ապացույցները: Եթե Ձեր տիրապետության տակ առկա է ստորգետնյա ջրերի քարտեզ, պարտավոր եք դատարանում ներկայացնել: Եթե չի ներկայացվում այդպիսի ապացույց, ասում եք՝ չգիտեմ, կամ չեք գալիս մյուս նիստին՝ այդ դեպքում դատարանը շարժվում է այն կանխավարկածով, որ չկա այդպիսի ապացույց: Եթե մինչև գործի քննության ավարտն այդպիսի հատակագիծ չի հայտնվում դատարանի տիրապետության տակ, ուրեմն չկա այդպիսի ապացույց»,- նշեց դատավորը:
Կարեն Զարիկյանն ընդգծեց, որ դատարանի համար կարևոր են հայցվոր կողմի ներկայացրած ռիսկերը. «Նախարարությունը դրական եզրակացություն է տալիս նախագծին, կամ սխալ է գնահատել գործունեության ազդեցությունը էկոհամակարգերի վրա: Ես պետք է հասկանամ Ձեր մոտեցումը: Այն ցանկը, որ տալիս է հայցվոր կողմը և ասում, որ պետք է անդրադառնայիք, բայց ՇՄԱԳ-ում նախկին Բնապահպանության նախարարությունը չի անդրադարձել... Դուք համարում եք, որ, առաջին, դրան չպետք է անդրադառնայիք, կամ պետք է անդրադառնայիք և անդրադարձել եք, կամ ընդունում ենք, որ խախտել եք օրենքը, պետք է անդրադառնայիք, բայց չեք անդրադարձել: Այս երեքից ո՞ր մեկն է»: ՇՄ ներկայացուցիչը նշեց, որ փորձաքննությունը չի վիճարկվել, և երբ կվիճարկվի, իրենք կընդունեն, որ ճիշտ չեն արել:
Կարեն Զարիկյանի այն դիտարկմանը, թե արդյոք հին ու նոր ՇՄԱԳ-երում իրար հակասող որևէ բան կա, ՇՄ ներկայացուցիչն արձագանքեց. «Ճիշտն ասած, այդ թեման չի եղել, որ համեմատենք: Ես գիտեմ, որ անընդհատ հինն ենք քննարկում, 2016թ. փորձաքննության մասին ոչ մի բան չկա ոչ մի տեղ»: Ի պատասխան դատավորն ասաց. «Ձեր կարծիքով ես մինչև նիստը պետք է կարդա՞մ այս բոլոր փաստաթղթերը, իսկ Դուք՝ ո՞չ։ Գործից պետք է տեղյակ լինեք, որ նայեք: Իմացեք, որ կապ ունի այդ փորձաքննությունն այս գործի հետ, և դատարանի համար կարևոր է լսել Ձեր դիրքորոշումը՝ արդյո՞ք հին ՇՄԱԳ-ը նոր ՇՄԱԳ-ի հետ հակասություն ունի, թե չունի»: Իր հարցերին հստակ պատասխաններ չստանալով՝ Կարեն Զարիկյանն ասաց, որ իմաստ չունի այլևս հարցեր տալ, որովհետև դրանց պատասխանը նույնպես չի ստանա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, որին կողմերը հանդես կգան իրենց բացման խոսքով:
Օգոստոս 24, 2022 at 15:13