

Ամուլսարի ծրագիրը չունի ծախսերի և շահերի վերլուծություն: Այս մասին ասաց «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի ՎԶԵԲ-ի քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը հունիսի 28-ին՝ «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցի ներկայացման ժամանակ: Հանդիպումը կազմակերպել էին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:
Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը նշեց. ««Լիդիանի» մի զեկույցում նշված էր Ամուլսարի ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը 50 միլիոն դոլարի հարկ վճարելու մասին: Սակայն չկա ծախսերի կամ շրջակա միջավայրին ու առողջապահության, տուրիզմի ու գյուղատնտեսական ոլորտների վնասների վերլուծություն: Այս ծրագրի շրջանակներում որոշումներ կայացնելիս՝ պետք է հավասարակշռություն լինի թե՛ վնասների, թե՛ օգուտների մասով: Ո՞ւմ կողմում է լինելու ՀՀ կառավարությունը: Նրա՞նց, ովքեր օգուտ են ստանալու, թե՞ նրանց կողմում, ովքեր հետագայում պետք է կրեն վնասների ծանրությունը: Մեր կարծիքով՝ ՀՀ կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձրել մարդու հիմնարար իրավունքներին և բավարար քայլեր չի ձեռնարկել այդ իրավունքները պաշտպանելու համար իր իսկ վավերացրած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասաց նա:
Ֆիդանկա ԲաչեվաՄաք Գրեյթը մատնանշեց, որ Հայաստանը մի շարք միջազգային կոնվենցիաներ է ստորագրել, որոնցով պարտավորվել է հարգել իր քաղաքացիների իրավական և քաղաքական իրավունքները, խոսքի ազատության, հավաքների կազմակերպման ու ազատության իրավունքները: «Այս խնդիրները ՀՀ քաղհասարակության կողմից ներկայացվել են ՄԱԿ-ի կառույցներին: Այդ կառույցների կողմից Հայաստանի կառավարությանն են ներկայացվել որոշակի կոնկրետ առաջարկություններ ու պահանջներ: Շատ կարևոր է, որ Հայաստանը ցույց տա, որ պաշտպանում է մարդու իրավունքները Ամուլսարի ծրագրում: Մենք առաջարկում ենք չեղարկել Ամուլսարի ծրագրի համար տրված թույլտվությունները, նոր գնահատականներ տալ, այնուհետև կազմակերպել խորհրդակցություններ այն մարդկանց հետ, ում վրա ազդեցություն կունենա այս ծրագիրը»,- նշեց նա:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ Ամուլսարի ծրագրի ազդակիր Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներն իրենց իրավունքները սկսել են պաշտպանել ծրագրի վաղ շրջանից, սակայն 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո սկսեցին ավելի լուրջ ակցիաներ ձեռնարկել: «2018թ. հետո մոտ 3 տարի դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակվել էին: Սկսվեց նոր փուլ՝ ճնշումներ, դատավարություններ, որոնք ուսումնասիրվել և ներկայացվել են այս զեկույցում»,- նշեց նա:
Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը նշեց. «2019թ. Թայվանի կոնգրեսում ես ներկայացրեցի Ամուլսարի խնդիրը: Որոշվեց Հայաստանը և Ամուլսարի դեպքը վերցնել որպես case-study, որպես տարբեր տեսակի խախտումների հավաքական խնդիր, ինչն ուսանելի կլիներ այլ երկրների համար: Դրանով էր պայմանավորված, որ 2019թ. FIDH-ի պատվիրակությունն այցելեց Հայաստան: Այն ժամանակ մեզ թվում էր, որ կարող ենք իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն ունենալ, շտկել խնդիրները: Սակայն հետագա համագործակցություն իշխանության հետ չունեցանք: Սկսվեցին աշխատանքները զեկույցի վրա»,- նշեց նա:
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը նշեց, որ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ զեկույցներում բացակայում են գիտական հիմնավորված փաստերը. «Փուչիկ են Ամուլսարի ծրագրի կողմից տարեկան 50 միլիոն դոլարի ակնկալվող հարկային եկամուտները: ՀՀ կառավարությունը 2019թ. ընդունել է հարկային «չարեփոխումների» օրենք՝ պրոգրեսիվ հարկային համակարգը դարձնելով ռեգրեսիվ: Այսինքն՝ անցում եղավ համահարթման, և ՀՀ-ը 2020թ.-ից զրկվել է տարեկան 37 միլիարդ դրամ հարկային մուտքերից համահարթ հարկման այդ օրենքի ընդունման հետևանքով: Այդ 30 միլիարդը ավելի շատ է, քան Ամուլսարի ծրագրից ակնկալվող տարեկան 50 միլիոն դոլարի ակնկալվող եկամուտը: Մեր պետությունը առանց Ամուլսարի ծրագրի ուներ հարկային պրոգրեսիվ համակարգ, եկամտահարկի դրույքի փոփոխման հետևանքով մենք տարեկան կորցնում ենք մոտ 90 միլիոն դոլարի բյուջետային եկամուտներ»:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանն անդրադարձավ Ամուլսարի ծրագրի ազդակիր տարածքների՝ Էմերալդ ցանցում ներառված լինելու հարցին։ Ըստ նրա՝ հարցը հնարավոր կլինի կարգավորել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ: «Խնդիրներից մեկն այն էր, թե ինչպես պահպանել կենսաբազմազանությունը պահպանվող տարածքներից դուրս: Մեր օրենքները դա չեն ապահովում: Նախարարության համապատասխան մարմինների հետ մի շարք հանդիպումներից հետո Բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենքում կլինի փոփոխություն, որտեղ կներառվեն կենսաբազմազանության կարևորագույն տարածքները, և դրանք կունենան կառավարման սխեմաներ: Թե ինչպես է իրականացվում Էմերալդ տարածքների պահպանությունը, ոչ ոք չգիտի: Այս օրենքն այդ մասը կփակի, ինչպես նաև կփակի համայնքային, բնապահպանական բացերը... Մենք կունենանք օրենսդրական բազան, մոտակա ժամանակահատվածում օրենքը կընդունվի, և այդ ժամանակ ավելի հեշտ կլինի հիմնավորել և կառավարումն իրականացնել»,- ասաց նա:
Աշխարհագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ Հայաստանում հանքարդյունաբերական գործունեությունը զարգանում է՝ անտեսելով մարդկանց իրավունքները: «Երկու կարևորագույն գործոն կա, որ պետք է հաշվի առնել այն տեղանքում, որտեղ ուզում ես հանք բացել։ Արդյոք թույլ է տալիս դրա անվտանգ շահագործումը, և արդյոք տեղաբնակները համաձայն են փոխելու իրենց կենսակերպը: Տվյալ ծրագրի դեպքում այս երկու գործոնն էլ անտեսվել է: Երկրորդ, ակնհայտ ունենալով ամենախոշոր առողջարանային քաղաքի գրեթե 100 տոկոսանոց դիմադրությունը, իրենք փորձել են կառավարության համագործակցությամբ շրջանցել այդ մարդկանց իրավունքները: Գտել են 3-4 գյուղ, որոնք ունեն 200-400 բնակիչ, և այդ գյուղերում շատ հեշտ է գտնել տասը հոգու, որոնց միջոցով հնարավոր է գյուղի կարծիքը դարձնել հանքարդյունաբերությանն աջակցող կարծիք: Երկու կարևորագույն փաստ տարիներ շարունակ անտեսված է եղել»,- նշեց նա:
Լևոն Գալստյանն անդրադարձավ նաև Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնակիչների նկատմամբ իրականացվող քաղաքական և դատական հետապնդումներին. «Ջերմուկի բնակիչները հոգեբանորեն պատրաստ չէին դրան: Նրանց մտցրել են ամենատարբեր վարչական և քրեական գործերում, ստեղծվել են միջհամայնքային կոնֆլիկտներ։ Մինչդեռ ֆինանսական բանկերի ստանդարտների կարևորագույն կետն այն էր, որ իրենց կողմից ֆինանսավորված ծրագրերը չպետք է բերեն միջհամայնքային կոնֆլիկտի»,- ընդգծեց նա:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն անդրադարձավ Հայաստանում վերջին մի քանի տարիներին մարդկանց և համայնքների իրավունքների խախտման դեպքերին: Ըստ նրա՝ հանքարդյունաբերական գործունեության դեմ համայնքների բնակիչների բողոքի ակցիաները, հանրային լսումները տապալելու փորձերը միակ ու ամենաարդյունավետ մեխանիզմն են համայնքի կողմից սեփական իրավունքները պաշտպանելու համար: «Օրենսդրական դաշտը թույլ չի տալիս այլ մեխանիզմներով պայքարել: Եվ կարծես թե ամեն ինչ արվում է, որպեսզի այդ հնարավորությունը ևս կտրվի: Մտահոգիչ է «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի վերաբերյալ քաղաքացիական հասարակության զգալի մասը խորը կասկածներ ունի, որ հենց Ամուլսարի համար է նախագծվել, այլապես քաղհասարակության հետ երկխոսության գալու առաջարկներն անպատասխան չէին մնա: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահը ստորագրեց այդ փաստաթուղթը, և Հանրային հեռուստաընկերության եթերից ասաց, որ որևէ հակասահմանադրական բան այդ օրենքում չի տեսնում: Շատ կարևոր է որ, միջազգային գործընկերների աջակցություն լինի ընդհուպ գնահատականների հարցում: Կարծես եկել ենք այն բաժանին, որ քաղհասարակության ձայնը լսելի չէ կոնկրետ նպատակի հասնելու համար»,- նշեց նա:
Անդրադառնալով «Ընդերքի մասին օրենսգրքում» իրականացվող փոփոխություններին՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց. «Մի սահմանում են տվել, որ եթե պայքարում ենք ընկերությունների դեմ կամ հանուն առողջ շրջակա միջավայրի, դա նշանակում է, որ պայքարում ենք պետության դեմ, որովհետև անհնազանդությունը որակել են պետական ծրագրերի և պետական քաղաքականության դեմ պայքար: Այն մարդիկ, ովքեր ուզում են մաքուր շրջակա միջավայրում ապրել, դառնում են պետական զանցանք կատարած մարդիկ, և ճնշումներն այդ մարդկանց վրա ավելի շատ են դառնում»:
Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև ներկայում մշակվող Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման ռազմավարության ռիսկերին․ «Ռազմավարության մեջ առաջարկվում էր, որ ՀՀ կառավարությունը սահմանի մեխանիզմներ, թե ինչ իրավական հետևանքներ պետք է կրեն այն մարդիկ և համայնքները, որոնք հանքարդյունաբերության հետ կապված հանրային լսումները տապալել են: Համայնքի սեփական իրավունքները պաշտպանելու իրավունքները չեզոքացնելու փորձ է արվում: Ամեն ինչ արվում է՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության շահը: Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը և կազմակերպություններն աջակցեն Հայաստանի քաղհասարակությանն իրենց արտահայտած դիրքորոշումներում, կոչերում, պահանջներում»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։
Նազելի Վարդանյանը նշեց, որ ռազմավարությունը բիզնեսի շահերից է բխում: «Հանուն բիզնեսի փոփոխություն են անում, համայնքներին ուզում են զրկել հողի սեփականությունից, հանրային լսումների մասնակցությունից: Եթե հանքարդյունաբերական թույլտվության հետ տան հողի և ջրօգտագործման թույլտվություններ: Ստացվում է, որ լսումների քանակն է պակասում, և պակասում է հանրության մասնակցությունը: Այստեղ հիմնարար իրավունքների խախտում է գնում, և օրենսդրական տեսանկյունից մենք մի քանի հետքայլ ենք արել»,- նշեց նա:
«էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ներկայացրեց ռազմավարության ևս մի քանի վտանգավոր կետեր: «Առաջարկվում է հատուկ պահպանվող տարածքը բացել հանքարդյունաբերության համար, ընդերքօգատոգրծման իրավունք տրամադրելուն զուգահեռ պետք է տրամադրվի դրա վրա գտնվող հողի նկատմամբ իրավունք: Կոնցեպտն այն է, որ եթե ընկերությունը պետք է հողը ձեռքբերելու գործընթացի միջով անցնի, ապա այս ռազմավարության ընդունումից հետո պետք է օրենսդրական դաշտը փոխվի, որի արդյունքում հետայսու պետությունն իր վրա պետք է վերցնի այդ պատասխանատվությունը և լուծի այդ հարցերը:
...Չկա ոչ մի խոսք կլիմայի փոփոխության պայմաններում նոր իրականության հետ կապված: Եթե Համաշխարհային բանկը ֆինանսավորում է ինչ-որ մի ծրագիր, ապա կլիմայական քաղաքականությունը պետք է տեղ գտնի իր կողմից ֆինանսավորվող ռազմավարական փաստաթղթում»,- ասաց նա:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ գուցե կան որոշակի մեխանիզմներ Համաշխարհային բանկի քաղաքականության միջոցով ազդելու ռազմավարության մշակման գործընթացի վրա: «Եթե մենք չենք կարողանում հասնել նրան, որ փոփոխություններ կատարվեն ռազմավարության նախագծում, դիմելով այն մշակող կազմակերպությանը, ապա, գուցե ֆինանսավորողի հեղինակության վրա ազդելով՝ փորձենք ինչ-որ բան փոխել»,- նշեց նա:
Հուլիս 11, 2022 at 17:37