

Հասարակական կազմակերպությունները գոհ չեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի պատասխանից՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հետ կանչելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հայտարարությանը:
2022թ. ապրիլի 1-ին Մեդիա կենտրոնը նախաձեռնել էր «Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞» թեմայով քննարկումը՝ պարզելու օրինագծի խնդրահարույց կետերը: Քննարկմանը մասնակցել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղարկված հրավերը մերժվել է: Քննարկման բանախոսները պետական կառույցի նման քայլը որակեցին որպես երկխոսությունից խուսափելու հերթական ապացույց:
Անդրադառնալով օրինագծին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց դրանում առկա վտանգավոր մոտեցումների մասին. «Հակաժողովրդական օրինագիծ է, որից պետք է միանշանակ հրաժարվել: Դրանում նշված է, որ այն ընկերությունները, որոնք ունեն ընդերքօգտագործման թույլտվություն և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող իրականացնել գործունեություն, ապա իրենց դիմումի հիման վրա լիազոր մարմինը իրենց գործունեության ժամկետը կերկարեցնի, օրինակ, քաղաքացիական անհնազանդությունների պատճառով: Այստեղ խոսքը քաղաքացիական ակցիաների մասին է, որոնց օրինակները վերջին տասնամյակներում շատ ենք ունեցել՝ սկսած Մեծ Այրումի Նահատակի պոչամբարի կողքին նոր պոչամբարի կառուցման, վերջացրած Ամուլսարի ծրագրի դեմ պայքարով: Օրինագիծը կարծես հատուկ գրված լինի, որ Ամուլսարը շահագործվի, քանի որ այն չորս տարվա հետադարձ ուժ ունի։ Այն համայնքի բնակչին զրկում է պայքարելու իմաստից։ Քաղաքացիների պայքարի հիմնական ձևը քաղաքացիական խաղաղ ակցիաներն են, և դա դարձնել անիմաստ ոչ միայն տվյալ օրենքի տեսակետից է վատ, այլև՝ ժողովրդավարական գործընթացների։ Այն կարող է ծնել նման սահմանափակումներով այլ օրենսդրական նախաձեռնություններ։ Միջազգային գործընկերներ կան, ովքեր զարմացել են և ասել, որ պատրաստ են հանդես գալ ի աջակցություն Հայաստանի քաղհասարակության»,- նշեց նա:
Քննարկման վարողի այն դիտարկմանը, թե նախարարը հերքել է մեկ ընկերության, տվյալ դեպքում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար օրինագիծ ընդունելու վարկածը, Ինգա Զարաֆյանն արձագանքեց. «Ոչ միայն այս նախագծում կան հատուկ պայմաններ «Լիդիանի» համար, ևս մի քանի նախադեպ կա: Կառավարությունն ընդունել է մի որոշում, որով խախտվում էին Բուսական աշխարհի մասին օրենքը, Ընդերքի մասին օրենսգիրքը ու «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիան: Ինչպես հայտնի է՝ Ամուլսարում գտնվել է մի տեսակ, որը գրանցված է Կարմիր գրքում և Ընդերքի օրենսգրքի 26-րդ հոդվածով այդպիսի տարածքում չէր թույլատրվում իրականացնել հանքարդյունաբերական գործունեություն: Մինչդեռ Կառավարությունն ընդունեց մի որոշում, որը շրջանցում է այդ արգելքը: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ փոփոխվել են 1000 մ բարձրության վրա լեռնային տեղանքում գտնվող ճանապարհների երկայնական թեքության տեխնիկական պարամետրերի պահանջները, ինչի շնորհիվ ընկերությունը գումար էր տնտեսելու: Սա ոչ առաջին, որ երկրորդ դեպքն է․․․․ Այս օրինագիծը պարզապես մեծ լոբբինգ է հանքարդյունաբերական ընկերությունների կողմից»,- նշեց նա:
Նախագծի՝ ի շահ հանքարդյունաբերական ընկերությունների մշակված լինելու մասին է խոսում նաև օրինագծի հետադարձ ուժ ունենալու փաստը։ «Մենք գիտենք,որ օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժ չունեն: Սա երևի առաջին նախագիծն է, երբ տեսնում ենք այդ պահանջը կոնկրետ բիզնեսի համար կարող է հետադարձ ուժ ունենալ: Ունենք մի ծրագիր, որի վերաբերյալ այդ կետը կարելի է կիրառել։ Մյուս կետը ՇՄԱԳ եզրակացության շարունակական բնույթ կրելուն է վերաբերում։ ՇՄԱԳ եզրակացությունը թույլտվությունների ամբողջ փաթեթի մեջ վերջնական թույլտվությունն է։ Շատ անգամ ընկերությունները, ունենալով դրական եզրակացություն, չեն սկսում գործունեություն: Եթե դու մեկ տարի չեն սկսում գործունեությունը, այդ եզրակացությունն ուժը կորցնում է, ընկերությունն ամբողջ գործընթացը նորից պետք է սկսի։ Այս օրինագծում այդ կետը շրջանցվում է։ Մեր շրջակա միջավայրն արագ է փոփոխությունների ենթարկվում: Պարզ է, որ պետք է նորից գնահատել: Սա ընկերությունների կողմից լոբբինգն է, միայն իրենց է հարմար։ Սա ուղղակի աղետալի է մեր բոլոր բնական ռեսուրսների համար: Մենք դա չպիտի ընդունենք։ Սա ոչ միայն հանրության շահերի պաշտպանությունն է, այլև մեր ընդերքի, մեր հողերի ու ջրերի պաշտպանությունն է»,- նշեց Ինգա Զարագյանը։
Անդրադառնալով փոխնախարարի պատասխան նամակին՝ Ինգա Զարաֆյանն ասաց, որ դրանում նշված փաստարկն այն մասին, որ օրինագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թ. ծրագրի 2-րդ՝ Բնական ռեսուրսների կայուն կառավարում բաժնի «Ընդերքօգտագործման գործող իրավունքների հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում» կետից, հակասում է ՀՀ կառավարության 2021-2026թ. ծրագրի 5.2 Մարդու իրավունքների պաշտպանություն կետին, որում հստակ նշված է. «Կառավարությունը մեծապես կարևորում է․.. հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը»: «Մեր հայտարարությամբ անդրադարձել ենք սահմանադրական իրավունքների խախտմանը, Օրհուսի կոնվենցիայի խախտմանը: Զարմանալի է, որ հասարակության բողոքի ակցիա կազմակերպելու, կարծիք արտահայտելու իրավունքը մի նժարի վրա են դնում պատերազմի, համաճարակների և աղետների հետ»,- նշեց նա:
Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ նամակը որևէ կերպ քաղաքացիական հասարակության բարձրացրած հարցադրումերին չի անդրադառնում․ «Քաղհասարկության բարձրացրած մտահոգությունները ոչ միայն հաշվի չեն առնվում, այլև պատասխանողները վստահ են, որ իրենք ճիշտ են: Նվազագույնը, որ պետք է լիներ՝ հրավեր քննարկումներ կազմակերպելու մասին, երկխոսելու, որը չի արվել։ Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավար երկիր, շարունակի իր բնականոն զարգացումը, պետք է շատ ուշադիր լինել նման խնդիրների հետ կապված»,- ասաց նա։
Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ պատասխան նամակի ուղարկելու ձևաչափը նույնպես խոսում է այն մասին, որ նախարարությունը խուսափում է երկխոսության մեջ մտնել քաղհասարակության հետ․ «Հակառակ դեպքում նրանք ոչ թե նամակով կպաստախանեին, այլ կառաջարկեին հանդիպում։ Մենք առաջարկում ենք կառուցողական երկխոսություն․ փոխնախար Հովհաննես Հարությանինից պահանջում ենք հետ կանչել այս օրինագիծը և կազմակերպել հանրային քննարկում քաղհասարակության հետ նախագծի և այլ խնդիրների վերաբերյալ»,- ընդգծեց նա։
Նամակում նաև նշված է հանրային կարծիքի՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am էլեկտրոնային հարթակում, արտահայտելու հնարավորության մասին։ Բանախոսների կարծիքով առցանց տիրույթը լավագույն տարբերակը չէ հանրային կարծիք հավաքագրելու համար։
Օլեգ Դուլգարյան․ «Նամակի մեջ գրված է՝ իրականացվել է հանրային քննարկում. www.e-draft.am-ում տեղադրված է։ Ո՛չ հարգելի գործընկեր, www.e-draft.am-ում դնելը հանրային քննարկում չէ։ Դա ընդամենը բազմաթիվ գործիքներից մեկն է, որով հանրությանը մասնակից են դարձնում, և, հաշվի առնելով մեր հասարակության կամ քաղաքացիների մասնակցությունը էլեկտրոնային տարբերակով քննարկումներն, այն ամենաարդյունավետ գործիքը չէ Հայաստանում։ Պետք է մարդկանց, շահառուների հետ հանիպել, քաղհասարակության հետ հանդիպելով քննարկումներ անել: Ես ներկայացնում եմ տուժած Մեծ Այրում գյուղը, և բացի ինձնից որևէ մեկը www.e-draft.am-ից չի օգտվում»։
Ինգա Զարաֆյան․ «Անընդհատ www.e-draft.am-ի վրա հղում է արվում, իբր այն հանրային քննարկում է: Ուզում եմ շեշտել՝ մենք չենք կարող սահմանափակել մեր հասարակության և հանրության իրավունքները ուղղակի մի կայքով։ Կատարվում է նորմալ քաղաքակիրթ ժողովրդավարական գործընթացների փոխարինում մի գործիքով, որը շատ հարմար է Կառավարության, պետական մարմինների համար, բայց կա շահերի բախում հասարակության և պետական մարմինների միջև։ Այդ փոխարինումը շատ վտանգավոր հետևանքներ ունի։ Եթե ամեն ինչ կարող ենք փոխարինել www.e-draft.am-ով, ցանցային քննարկմամբ, ապա Կառավարության և քաղհասարակության միջև երկխոսությունն ուղղակի կտապալվի»:
Անդրադառնալով առաջիկա գործողություններին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց․ «Պատրաստվում ենք տվյալ օրինագծի վրա դարձնել միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ նրանց հետ հանդիպումներ հայցելով»։
Հարցին, թե ինչու որպես պայքարի միջոց չի դիտարկվում բողոքի ակցիաների կազմակերպումը' բանախոսներն արձագանքեցին։ Օլեգ Դուլգարյան․ «Բողոքի ակցիաները միշտ եղել են հետևանք ընդառաջ չգնալու, չերկխոսելու, արհամարհելու, բողոքի ակցիան մնում էր որպես վերջին գործիք։ Իսկ ո՞վ ասաց, որ բացառում ենք, եթե ականաջալուր չլինեն քաղհասարակության բարձրացրած հարցերին: Պայքարը շարունակվելու է, բայց կան դեռևս երկխոսելու մեխանիզմներ»:
Ինգա Զարաֆյան․ «Մեր հայտարարությունը տարածվել է տարբեր հարթակներում, ուղարկվել դեսպանատներին։ Կոնկրետ պատասխան չենք ստացել ոչ մի դեսպանատնից, բայց երբ հանդիպում ենք ներկայացուցիչների հետ, այդ հարցը բարձրաձայնում են, այդ հարցը նրանց անհանգստացնում է: Դա արդեն որոշակի արդյունք է»:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Ապրիլ 02, 2022 at 20:03