«Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցի հեղինակները ՀՀ կառավարությանն առաջարկում են չեղյալ համարել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր առկա թույլտվությունները: Զեկույցը պատրաստել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 28-ին՝ Երևանում:
Զեկույցի համաձայն՝ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում իրավունքների լայն շրջանակի լուրջ խախտումների մասին՝ սկսած բովանդակային և ընթացակարգային բնապահպանական իրավունքներից մինչև ազդակիր անհատների և համայնքների սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքները: Ավելին, կան արդարադատության և պաշտպանության միջոցների զգալի խոչընդոտների օրինակներ իրավատերերի համար, որոնց դատական և ոչ դատական մեխանիզմների միջոցով փոխհատուցում ստանալու ջանքերը մինչ այժմ բախվել են անհաջողության:
Ներկայացված են ապացույցներ, որ Հայաստանը բազմիցս խախտել է միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ պաշտպանելու առողջության և առողջ միջավայրի, խաղաղ հավաքների, խոսքի, տեղեկատվության ազատության, որոշումների կայացմանը մասնակցելու և արդարադատության մատչելիության մարդու իրավունքները: «Թեև մարդու իրավունքների այս խախտումների մեծ մասը պետության կողմից կատարվել է մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, ցավոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունը վճռական քայլեր չի ձեռնարկել ինչպես իրավապաշտպանների և տեղական համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության, այդպես էլ անցյալի խախտումները շտկելու ուղղությամբ»,- նշված է զեկույցում։
Զեկույցում հիշատակված է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողների և Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի զեկույցները կոչ են արել Հայաստանին ապահովել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բովանդակալից խորհրդակցություններ: Բացի այդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 2020 թվականի Հայաստանի վերաբերյալ զեկույցը Հայաստանին առաջարկություններ է ներկայացրել քաղաքացիական և քաղաքական իրավունքների և հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ՝ պահանջելով, որ պետությունը «մանրամասն տեղեկատվություն տրամադրի Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ»:
Զեկույցում մի շարք առաջարկություններ են հղված ՀՀ կառավարությանը, Ամուլսարի ծրագրում ներդրումներ իրականացրած միջազգային ֆինանսական ինստիտուտներին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ), ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերությանը:
Այդ առաջարկություններն են.
ՀՀ կառավարությանը՝
- չեղյալ համարել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր առկա թույլտվությունները
- անհապաղ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների և հատուկ ընթացակարգերի, ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի և Կենսաբազմազանության պաշտպանության Բեռնի կոնվենցիայի բյուրոյի կողմից հրապարակված առաջարկություններին անդրադառնալու համար
- նախաձեռնել Ամուլսարի ոսկու հանքի ծախսերի և օգուտների անկախ փորձագիտական գնահատում, որպեսզի բացասական ազդեցությունները պատշաճ կերպով բացահայտվեն և կանխվեն, և որ տեղական բնակչությունը և համայնքները կարողանան ուղղակիորեն օգուտ քաղել ծրագրից, եթե այն ի վերջո իրականացվի
- վերանայել բնապահպանական և հանքարդյունաբերության օրենսդրությունը՝ ապահովելու հանքարդյունաբերության ոլորտի ժողովրդավարական և խելամիտ կառավարում
- ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները՝ կիրառելու և վերահսկելու օրենսդրության նկատմամբ հարգանքը, բարելավել տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը, հստակեցնել ծախսերի և օգուտների գնահատումներ իրականացնելու մեթոդաբանությունը, պարզեցնել ազդեցությունների կուտակային գնահատումների անցկացման ընթացակարգը և իրականացնել հանքարդյունաբերությանը առնչվող հակակոռուպցիոն կայուն քաղաքականություն և գործընթացներ
- պաշտպանել շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպաններին, մասնավորապես, հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարության հայցերից և «Լիդիան»-ի կամ այլ դերակատարների պատասխան գործողություններից
- բարելավել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազդեցությունը համայնքային մակարդակում՝ խթանելով տեղական համայնքների մասնակցությունը բնական ռեսուրսների կառավարմանը
- ապահովել ծրագրի նախորդ փուլերում տեղական համայնքների, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանների վրա հանքի առաջացրած բացասական ազդեցությունների պատշաճ փոխհատուցում
- իրականացնել անկախ և թափանցիկ հետաքննություն Գնդեվազում հողերի օտարման հետ կապված կոռուպցիայի վերաբերյալ:
ՎԶԵԲ-ին և ՄՖԿ-ին՝
- աջակցել Հայաստանի կառավարությանը վերը նշված քայլերի իրականացման գործում և թարմացնել շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պատշաճ ուսումնասիրության մոտեցումը՝ հաշվի առնելով բանկերի հաշվետվողականության մեխանիզմների ակնկալվող բացահայտումները և առաջարկությունները
- մշակել մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պատշաճ ջանասիրության քաղաքականություն ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքներին համապատասխանելու համար
- ընդունել և լուծել ծրագրի ազդակիր անձանց և իրավապաշտպանների մասնակցության և արդյունավետ փոխհատուցման համար առկա բացերն ու խոչընդոտները
- մշակել հստակ քաղաքականություններ և ուղեցույցներ մարդու իրավունքների պատշաճ ջանասիրության վերաբերյալ՝ ապահովելով բանկի կողմից կամ բանկի հանձնարարությամբ մարդու իրավունքների ռիսկերի մանրակրկիտ վերլուծություն նախքան ծրագրի ռիսկերի դասակարգումը
- ապահովել հանրային բովանդակալից մասնակցություն, որը կլինի ժամանակին իրականցվող, երկկողմանի գործընթաց՝ թափանցիկ, մատչելի և անվտանգ բոլոր իրավատերերի համար: Բանկերը պետք է նաև մշակեն ավելի հստակ ուղեցույցներ, որոնք կարտացոլեն հաշվեհարդարների նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը
-
Լիդիանի հետ միասին տրամադրել փոխհատուցում Ամուլսարի ծրագրի՝ տեղական համայնքների, իրավապաշտպանների և շրջակա միջավայրի վրա նախորդ փուլերում բացասական ազդեցությունների համար:
«Լիդիան Արմենիա»-ին՝
- հետ կանգնել շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանների դեմ ուղղված բոլոր իրավական գործողություններից և խուսափել իրավապաշտպանների խարանումից անտագոնիստական հռետորաբանության կամ պաշտպանների գործունեությունը վարկաբեկելու նպատակով ապատեղեկատվության տարածման միջոցով.
- անհապաղ քայլեր ձեռնարկել մարդու բոլոր իրավունքների և շրջակա միջավայրի հանդեպ հարգանքը երաշխավորելու համար և պահպանել Մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության մասին ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքները
- անհապաղ փոխհատուցել տեղական համայնքների, իրավապաշտպանների և շրջակա միջավայրի վրա ծրագրի նախորդ փուլերում հասցրած բացասական ազդեցության վնասը:
Հուլիս 07, 2022 at 15:32