Մեծ բանակ է կանգնած Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի դեմ. այն շատ բարձր անվտանգային ռիսկ է ներկայացնում. Բնապահպան

Մեծ բանակ է կանգնած Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի դեմ. այն շատ բարձր անվտանգային ռիսկ է ներկայացնում. Բնապահպան

www.aysor.am

Իրավապաշտպան և բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝  ՀՀ կառավարությունից պահանջելով հրաժարվել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրից։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, թե իրենց հետագա գործողությունները կախված կլինեն իրավիճակից։

«Այդ հուշագիրը ստորագրած անձինք քարոզարշավ են սկսել բնապահպանական հասարակական կազմակերպությունների դեմ, բայց նրանք պետք է հասկանան, որ հայտարարությունների տակ ստորագրում են ոչ միայն բնապահպանակական ՀԿ-ները, այլև հանրության լայն շերտերը, քանի որ Ամուլսարի ծրագիրը պարունակում է ոչ միայն բնապահպանական ռիսկեր, այլև անվտանգային: Այս ռիսկերը հաշվի չեն առնվել որոշում կայացնելիս»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Նրա խոսքով՝ այժմ Ամուլսարի ծրագրի դեմ շարժումը նոր թափ է հավաքում, քանի որ կան շատ լուրջ հիմնավորումներ այս ծրագրի վտանգավոր լինելու մասին: 

«Եթե Ամուլսարը շահագործվի, ապա անվտանգության աստիճանը կիջնի։ Ծրագրի տարածքում պետք է կուտակվեն հազարավոր տոննաներով լցակույտեր, որոնք տոքսիկ նյութեր են պարունակում: Ռազմական գործողությունների արդյունքում կթունավորվի ոչ միայն Ջերմուկի տարածքը, այլև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի տարածքները, Սևանա լիճը: 

Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումն անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Մենք ունենք Սոթքի հանքավայրի օրինակը. այնտեղ արդեն փաստացի կա միջազգային ներդրում, սակայն այն ոչ մի կերպ պաշտպանված չէ, և տեսնում ենք, թե ինչպես է պարբերաբար ռմբակոծվում Ադրբեջանի կողմից» , - ասաց Ինգա Զարաֆյանը։

Նա կրկին ընդգծեց՝  կառավարության և «Լիդիանի» հիմնավորումները հավատ չեն ներշնչում: 

«Նրանց ներկայացրածը միայն խոստումներ են, ոչ մի հիմնավորում, ոչ մի փաստ չի բերվում, որի վրա կարելի է հենվել և ասել, թե այդ ծրագիրը կարող է օգտակար լինել մեզ համար: Իսկ ռիսկերի մասին մեր հիմնավորումների վերաբերյալ դեռ փաստահեն առարկություններ չեն եղել»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանը նշեց, թե ՀԿ-ների տարածած հայտարարությունից հետո հանրությունը սկսել է արձագանքել և միանալ հայտարարությանը:

«Մեծ բանակ է կանգնած այս ծրագրի դեմ։ Պատճառներն, իհարկե, տարբեր են, բայց հիմնականն այն է, որ այն շատ բարձր անվտանգային ռիսկ է ներկայացնում»։

Մարտ 03, 2023 at 15:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր