Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տարիներ հետո Ջերմուկը կդառնա ուրվական-քաղաք. բնապահպան

Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տարիներ հետո Ջերմուկը կդառնա ուրվական-քաղաք. բնապահպան

panorama.am

Ամուլսարի հանքի շահագործման պարագայում Ջերմուկն այլևս չի լինի առողջարանային քաղաք, այն որպես հանգստավայր գոյություն չի ունենալու։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի, ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նշվեց, որ հանքի շահագործման դիմաց Հայաստանը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

Հուշագրի ստորագրման ժամանակ խոսվեց միայն ծրագրի տնտեսական օգուտների մասին, իսկ որտե՞ղ մնացին բնապահանական խնդիրները։

Բնապահպաները, Ամուլսարի հարակից բնակավայրի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են ծրագրի աղետալի հետևանքների մասին։ Հանքի շահագործումով կվտանգվեն Հայաստանի ջրային պաշարները, Ջերմուկում, Սևանում ջրերը ծանր մետաղներով կլցվեն, այլևս պիտանի չեն լինի օգտագործման համար, ինչպես նաև հարվածի տակ կդրվի շրջակայքում ապրող մարդկանց առողջությունը:

Ինգա Զարաֆյանի խոսքով՝ Ամուլսարի ծրագիրը պարունակում է ոչ միայն բնապահպանական, այլև անվտանգային ռիսկեր:

«2022 թվականի սեպտեմբերից հետո Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր։  Կառավարությունը պետք է շտապ միջոցներ նախաձեռներ, որ ամրապնդեր այդ համայնքի անվտանգությունը, բայց դրա փոխարեն կանաչ լույս տրվեց Ամուլսարի ծրագրին, որն ավելի վտանգավոր է դարձնում այս տարածքը»,- ասաց Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարը խոսում է միայն ստեղծվելիք աշխատատեղերի մասին, իսկ մարդկանց առողջության, բնությանը հասցված վնասի մասին միայն լռում են։

«Այո, աշխատատեղեր կստեղծվեն, բայց ոչ տեղի բնակիչների համար, քանի որ նրանց հիմնական մասն արդեն իսկ աշխատում են Ջերմուկի հյուրանոցային համալիրներում։ Չեմ կարծում, որ նրանք դա կթողնեն ու կգնան հանքում կաշխատեն։ Դա նշանակում է, որ աշխատելու համար ժամանակավոր այնտեղ կգան այլ բնակավայրերի բնակիչներ։ Իսկ տեղի բնակչությունը, որը տասնամյակներ շարունակ զարգացրել, շենացրել է Ջերմուկը, կհեռանա այդտեղից, իսկ մի քանի տարի հետո էլ ժամանակավոր տեղափոխվածները կվերադառնան իրենց բնակավայրեր։ Այսպիսով, Ջերմուկը կդատարկվի»,- նշեց բնապահպանը։

Ինգա Զարաֆյանի խոսքով՝ Ջերմուկին սպասվում է նույն ճակատագիրն, ինչ Սյունիքի մարզի Դաստակերտ բնակավայրին, որտեղ հանքի շահագործումից հետո այլևս մարդ չի բնակվում։

«Ջերմուկն էլ Դաստակերտի նման կդառնա ուրվական-քաղաք»,- հավելեց նա։

ՀԿ-ի նախագահն անհիմն է համարում նաև այն պնդումները, թե Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումն անվտանգության երաշխիք են։ Դա, ըստ նրա, մանիպուլյացիա է:

«Օրինակ, Սոթքի հանքավայրում կան ներդրումներ, այսօր ոսկի է արդյունահանվում, բայց այն պարբերաբար ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է, որ դա ևս պաշտպանված չէ։ Այսինքն՝ ներդրումներն էլ նշանակություն չունեն»,- ընդգծեց նա։

Բնապահպանի համար նաև անհասկանալի է կառավարության հանքը շահագործելու հապշտապ որոշումը։ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ կառավարությունը մի կողմ է դրել բոլոր փորձագիտական եզրակացությունները, այդ թվում՝ պետության կողմից պատվիրված։ Նա հիշեցրեց, որ պետությունը 400 հազար դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների, որի արդյունքում «Էլարդի» թիմը տվեց եզրակացություն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար կան որոշակի ռիսկեր՝ հատկապես ջրային ռեսուրսների մասով։ 

«Նորից եմ ուզում շեշտել՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները, ի վերջո դրանք Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ծանր մետաղներով կաղտոտվեն Դարբ, Արփա և Որոտան գետերի ջրերը, վտանգի տակ են Սևանա լիճն ու Հայաստանի քաղցրահամ ջրերը, ինչպես նաև՝ Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերը։

Կարծում եմ՝ կառավարությունն իր վրա շատ մեծ բեռ է վերցրել։ Երևի ճնշումների տակ է ընդունվել այդ փաստաթուղթը։ Հուշագրի ստորագրման ամբողջ գործընթացը եղել է փակ։ Ուստի փաստաթղթի անպասելի, արագ ընդունումից հետո նման եզրահանգման եմ գալիս, որ ճնշումներ են եղել։ Տարօրինակ է, թե ինչպես է կառավարությունը նման ռիսկեր վերցրել իր վրա»,- նշեց Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանն անդրադառնալով իրավապաշտպան և բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությանը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով հրաժարվել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրից, նշեց, որ դրա տակ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ են ստրագրում, տարբեր մասնագիտության տեր մարդիկ միանում են իրենց, քանի որ հասկանում են, թե ինչ աղետալի հետևանքներ այն կարող է ունենալ։

«Շարժումը նոր թափ է ստանում, մենք ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք ծրագրի դեմ, մեր գիտելքիներն ու հնարավորություններն օգտագործելու ենք, որ նման վտանգավոր ծրագիրը կյանքի չկոչվի»,- ընդգծեց նա։

Մարտ 09, 2023 at 12:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր