«4-5 տարվա տառապանքից, չարչարանքից, ուսումնասիրություններից հետո հուշագիր ստորագրեցինք Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ»․ Նիկոլ Փաշինյան

«4-5 տարվա տառապանքից, չարչարանքից, ուսումնասիրություններից հետո հուշագիր ստորագրեցինք Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք պատրաստվում ենք այնպես անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչ և հուսալի գործընկեր։ Մենք փորձում ենք ձեռնարկել բոլոր քայլերը Հայաստանի տնտեսական և ներդրումային գրավչությունը մեծացնելու համար», - այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։

«4-5 տարվա տառապանքից, չարչարանքից, ուսումնասիրություններից հետո հուշագիր ստորագրեցինք Ամուլսարի հանքի շահագործման  վերաբերյալ։ Դա շատ մեծ և շատ լուրջ ներդրումային խթան է Հայաստանի Հանրապետության համար։ Այս ընթացքում փոխվեց մի կարևոր բան՝ Հայաստանի Հանրապետությունը 12․5 տոկոս փայաբաժին է ստանում նախագծում, այսինքն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Սա նշանակում է, որ պոտենցիալ շահույթներից Հայաստանի Հանրապետության բյուջեն կստանա եկամուտներ։ Սրանից դուրս տարեկան 7 միլիոն դոլար ազդակիր համայնքները կստանան  ֆինանսական աջակցություն։ Սա նշանակում է, որ ազդակիր համայնքների, առնվազն Ջերմուկի և Վայքի, տարեկան բյուջեները կկրկնապատկվեն։ Երբ նրանց բյուջեները մեծանան, նրանց սուբվենցիոն հնարավորությունները կկրկնապատկվեն, կառավարության ներդրման չափն էլ կմեծանա։ Սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր ներդրումային հնարավորություններ։ Մենք փորձում ենք ներքին հենասյուներ ստեղծել, որպեսզի մեր տնտեսությունն առաջընթաց ունենա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։  Քաղաքացիական հասարակությունը դեմ հանդես եկավ այս նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ ՀՀ կառավարության այս որոշումը ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի։

Մարտ 14, 2023 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր