Հայաստանի էմերալդ թեկնածու տարածքները կկրճատվեն

Հայաստանի էմերալդ թեկնածու տարածքները կկրճատվեն

Հայաստանի էմերալդ թեկնածու տարածքները կկրճատվեն: 

ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը և հունական «ԿարտԷԿՈ»  կազմակերպությունը սկսել են իրականացնել «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի։ Էմերալդ ցանցի ստեղծման առաջխաղացում և Էմերալդ տարածքների կառավարում»  ծրագիրը, որի արդյունքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն կներկայացվի Հայաստանի Էմերալդ թեկնածու տարածքների վերջնական ցանկի մասին առաջարկը: Ծրագրի շրջանակներում կմշակվի գործողությունների ազգային պլան, ուղեցույցներ Էմերալդ թեկնածու տարածքների կառավարման պլանների կազմման համար: Հիմնվելով այս ուղեցույցների վրա՝ մշակվելու են փորձնական կառավարման պլաններ երկու էմերալդ թեկնածու տարածքների համար: 

1989թ Բեռնի կոնվենցիայի պայմանավորվող կողմերը նախաձեռնեցին Եվրոպայի բնական միջավայրի պահպանության մի առանձնահատուկ միջոց՝ «Էմերալդ ցանցի» (Զմրուխտե ցանցի) ստեղծումը։ Այն էկոլոգիական ցանց է՝ կազմված բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներից։ Սրանք կենսական նշանակություն ունեցող տարածքներ են, որոնք ունեն ներուժ շահեկան իրավիճակում պահպանելու և վերականգնելու տեսակները և բնական միջավայրը:

Հայաստանը Էմերալդ ցանցում իր տարածքներն ունենալու համար Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի կողմից ընդունման համար ներկայացրել է թեկնածու տարածքներ: 2016թ. Հայաստանն առաջարկել է 23 էմերալդ թեկնածու տարածք, որն ընդգրկել է 1.033.719,5 հա տարածք, կամ երկրի 34,7%-ը: Արդեն մի քանի տարի է՝ տեղի է ունենում այդ տարածքների վերանայման  գործընթաց:

Սույն թվականի մարտի 17-ին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում տեղի ունեցավ ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի։ Էմերալդ ցանցի ստեղծման առաջխաղացում և Էմերալդ տարածքների կառավարում» ծրագրի շահագրգիռ կողմերի և հանրության ներգրավման աշխատաժողովը:

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, ողջունելով մասնակիցներին նշեց. «Մեր ինստիտուտը հունական «ԿարտԷԿՈ» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է այս ծրագիրը` նպատակ ունենալով մեկ քայլ առաջ տանել Հայաստանում էմերալդ տարածքների հաստատման և Հայաստանում այս ցանցի առաջխաղացման գործընթացը: Շատ ենք կարևորում հանրության մասնակցությունն այս գործընթացներին, որովհետև այն բազմատարր է, բազմագործոն, և առջևում դեռ մեծ աշխատանք կա կատարելու»:

Արսեն Գասպարյան

Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի հարցով խորհրդատու Կարեն Աղաբաբյանը նշեց. «Էմերալդ տարածքները նախատեսվում է ստեղծել հողերի վրա, որտեղ մենք կարող ենք ունենալ պահպանվող տարածքներ, մասնավոր տարածքներ, համայնքային տարածքներ: Եվ դրանց կառավարումը նշանակում է, որ մենք պետք է հաշվի առնենք բոլորի շահերը»:

Կարեն Աղաբաբյան

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Երկրաբուսաբանության և էկոֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը, հանդես գալով «Թեկնածու Էմերալդ տարածքների ներկայիս վիճակը և հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ, նշեց. «2016թ-ին ընդգրկվել են շատ մեծ տարածքներ, որոնք այդքան էլ թիրախային չէին: Օրինակ, հարավային տարածքում կա երկու էմերալդ թեկնածու տարածք, որոնք ընդգրկում են քաղաք, հանք, ճանապարհային ենթակառուցվածք: Շատ դժվար կլինի կառավարել այս տարածքները, ինչպես նաև այդ տարածքներում չկան Բեռնի կոնվենցիայով պահպանվող տեսակներ: Այդ պատճառով 2018-2019թթ. մենք սկսեցինք այդ տարածքների օպտիմալացման գործընթացը: Մենք առաջարկում ենք ունենալ 28 տարածք, որոնք կընդգրկեն Հայաստանի 15 %-ը: Այս դեպքում կարող եմ ասել, որ դրանք իրենց մեջ ներառում են բավականաչափ պոպուլիացիաներ և տեսակներ»,- ասաց նա: Ներկայում առաջարկվող 28 էմերալդ թեկնածու տարածքներն ընդհանուր կազմելու են 425.845,7 հա:

Գեորգի Ֆայվուշ

Ծրագրի՝ Բուսաբանության ինստիտուտի կողմից համակարգող, ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանն ԷկոԼուրի հետ առանձնազրույցում նշեց, որ Ծրագրի գիտական թիմը դիտարկել է 2018-2019թթ. մասնագետների կողմից վերանայված Էմերալդ թեկնածու տարածքները և արդեն իսկ այդ տվյալների հիման վրա Էմերալդ թեկնածու տարածքների օպտիմալացման իր տարբերակն է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք փոփոխվել են Էմերալդ «Ջերմուկ տարածքի» սահմանները, որում տեղակայված է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը, ինչպես նաև «Գորայք տարածքը», որի վրա Ամուլարի ծրագիրը կարող է ազդեցություն ունենալ, Ալլա Ալեքսանյանն ասաց. ««Ջերմուկ», «Գորհայք» տարածքները մնում են, բայց դրանք ենթարկվել են փոփոխությունների: Կարծում եմ՝ պետք է դրվի բաց քննարկման այդ առաջարկը, ու պետք է համապատասխան կարծիքները հավաքվեն, որպեսզի հետո ոչ մի շահերի բախում, ոչ մի անհամաձայնություն չլինի»:

Ալլա Ալեքսանյան

Ալլա Ալեքսանյանը նաև նշեց. «Մենք հիմա սպասում ենք թե շահառուների կողմից արձագանքին, թե նախարարության կողմից արձագանքին, թե դոնոր կազմակերպությունների կողմից արձագանքին, որպեսզի համապատասխանաբար այդ թեկնածու տարածքները բերվեն այնպիսի տեսքի, որն ընդունելի կլինի Շրջակա միջավայրի նախարարության կողմից: Այդ պրոցեսներն անցնելուց հետո տարածքների ցանկը նոր սահմաններով կհաստատվի և կուղարկվի Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն՝ ամրագրվելու որպես Հայաստանի էմերալդ ցանցի թեկնածու տարածքներ»:

ԷկոԼուրը փորձեց պարզաբանումներ ստանալ աշխատաժողովին մասնակցող  «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) ազգային համակարգող Տաթևիկ Ցյուրքերից էմերալդ թեկնածու տարածքների օպտիմալացման վերաբերյալ, սակայն հարցազրույցի առաջարկը մերժվեց պատճառաբանությամբ, որ Շրջակա միջավայրի նախարարություն դիմելու դեպքում մեզ համար առանձին հանդիպում կկազմակերպեն:

 Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ները և CEE Bankwatch Network միջազգային ցանցը՝ ի դեմս կենսաբազմազանության անկախ փորձագետ Անդրեյ Ռալևի, 2020թ. մարտին բողոք են ուղարկել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն: Բողոքում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծին և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Նախագիծն արդեն իսկ տեղակայված է և ունի ազդակիր տարածքներ Էմերալդի «Ջերմուկ տարածք»-ում (AM0000009), իսկ հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել այլ Էմերալդ տարածքների վրա՝ «Սևան» ազգային պարկ (AM0000002) և «Գորհայք տարածք» (AM0000002): Բոլոր երեք տարածքները Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են ԲՀՀՏ-ի թեկնածուի կարգավիճակ: ՀՀ կառավարությունն անտեսել է Էմերալդ տարածքների վրա ազդեցություն թողնող ծրագրերի գնահատման ընթացակարգերը՝ չիրականացնելով պաշտպանության ենթակա տեսակների և բնակմիջավայրերի պատշաճ գնահատում, իսկ ՇՄԱԳ հաշվետվություններում կիրառված են մեթոդաբանություններ, որոնք խախտում են Բեռնի կոնվենցիան և անհամատեղելի են Էմերալդ ցանցի հետ:

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Իրինա Ղափլանյանը պաշտոնավարման ընթացքում 21.07.2020թ. թիվ 4/08.8/8058 նամակով Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը հայտնել է, որ  2017թ. Կոնվենցիայի քարտուղարություն ներկայացված Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների նոր ցանկը կազմել է ավելի քան 1 միլիոն հա տարածք ունեցող 23 պոտենցիալ տարածք, որը կազմում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի 34,7%-ը` ներառյալ «Ջերմուկ տարածքը», «Սևան» ազգային պարկը, «Գորհայք» տարածքը և այլ տարածքներ, որտեղ ընթանում են խոշոր արդյունաբերական և տնտեսական աշխատանքներ:« Թեկնածու տարածքների վերոնշյալ ցանկը պաշտոնապես համաձայնեցված չէր ո՛չ Շրջակա միջավայրի նախարարության (նախկին Բնապահպանության նախարարություն) հետ, ոչ էլ շրջանառվել էր համապատասխան այլ պետական գերատեսչական մարմինների հետ նախքան Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը: Մենք ներկայումս հետաքննում ենք այս ընթացակարգային խախտումը և հաջորդաբար միջոցներ կձեռնարկենք դրա լուծման ուղղությամբ»,- նշել էր նա նամակում:

Այնուհետև, Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Աննա Մազմանյանը պաշտոնավարման ընթացքում 2021թ-ին 2 նամակ է հղել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն՝ անհիմն որակելով հասարակական կազմակերպությունների բողոքում նշված Ամուլսարի ծրագրի բացասական ազդեցությունները: Նա, անդրադառնալով բողոքում նշված կենդանատեսակներին և բուսատեսակներին՝ հերքել էր տվյալ տեսակների գոյությունը Ամուլսարի ծրագրի տարածքում՝ հղում չանելով որևէ փաստաթղթի կամ գիտական հետազոտության վրա: 


«Բեռնի կոնվենցիայի բյուրոն Հայաստանի կենսամիջավայրերի և տեսակների պահպանության հարցը քննարկվել է Բեռնի կոնվենցիայի բյուրոյի 2022 թվականի ապրիլին կայացած նիստում՝ հիմնված ՀԿ-ների բողոքի վրա: Բյուրոն  նշել է բողոքատուների մտահոգությունները՝ Էմերալդ ցանցի վերանայման գործընթացում թափանցիկության և ՀԿ-ների և փորձագետների մասնակցության բացակայության, Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման անհրաժեշտության մասին, որը պետք է ներառի Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բոլոր տարածքները:
Բյուրոն նաև վերահաստատել է իր հարցումը կատարված գնահատումների արդյունքների վերաբերյալ, որոնք ցույց կտան, որ ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա կենսամիջավայրերի և տեսակների վրա:

Մտահոգությամբ նշելով շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացում թերությունները և ՀԿ-ների ու փորձագետների մասնակցության բացակայությունը՝ Բյուրոն դիմել է իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են վերացվել այդ թերությունները:

Գործը մնացել է սպասման փուլում։ Երկու կողմերին էլ առաջարկվել է ներկայացնել հաշվետվություններ 2023 թվականի գարնանը կայանալիք բյուրոյի նիստում:

Մարտ 21, 2023 at 12:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր