1000 աշխատատեղի համար 2000-ից չեն հրաժարվի. ջերմուկցիները Ամուլսարի ծրագրի մասին

1000 աշխատատեղի համար 2000-ից չեն հրաժարվի. ջերմուկցիները Ամուլսարի ծրագրի մասին

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չեն փոխել: Մարտի 17-ին հասարակության ներկայացուցիչները, ներառյալ ԷկոԼուրի թիմը, մեկնեցին Ջերմուկ, որպեսզի պարզեն տեղի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի վերագործարկման համար ստորագրված եռակողմ հուշագրի կապակցությամբ:  Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը, Եվրասիական Զարգացման բանկը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստորագրեցին մտադրության հուշագիր,  որում որոշվեցին Ամուլսարում ոսկու արդյունահանման ակտիվներ ունեցող ընկերության բաժնետոմսերի նոր սեփականատերերը։ Կառավարությունը դարձել է բաժնետոմսերի 12,5%-ի սեփականատեր։

Տեղի բնակիչների հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ այն նույն վագոն տնակում, որտեղ Ամուլսարի պաշտպաններն ավելի քան երկու տարի հերթապահում էին՝ փակելով Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը։

Ներկայացնում ենք նրանց կարծիքները Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:

- …Ամեն տեսակի աշխատատեղ կա: Ընկերությունից ասում են, թե 1000 աշխատատեղ կբացեն, բայց այդ ընթացքում մենք Ջերմուկում մոտ 2000 աշխատատեղ կկորցնենք, քանի որ Ջերմուկի առողջարանային հատվածն ու հանքային ջրերն անօգտագործելի կլինեն…

- Երեսուն տարի Ջերմուկում ապրում եմ, միշտ էլ Ջերմուկում 2000-ից ավելի աշխատատեղ է եղել՝ ջրի գործարան, հանգստավայր, առողջարան: Հիմա այդ ամենը պետք է հեչ լինի, չփորձված աշխատատեղ բացվի…

- Արհեստավոր եմ, բանվոր չեմ կարողանում ճարեմ, օրական 7-8 հազար դրամ ենք վճարում, բայց բանվոր չկա…

- Գնդեվազում, Կեչուտում և մնացած համայնքներում մենք կկորցնենք մեր բուսականությունը, խաղողի ընտիր սորտերը, կենդանական աշխարհը… Ես այստեղ ապրում եմ, այստեղ հեռանկարներ ունեմ, ուզում եմ իմ երեխաների համար ապագա ստեղծեմ...

- Նրանք էլ («Լիդիան Արմենիա») մի քանի տարի աշխատեն ու հեչ անեն ամեն ինչը,- ասացին հանդիպմանը մասնակցող բնակիչները:

Ջերմուկցիները նշեցին, որ հանքի ռիսկերի ապացույցը շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրներն են, որոնք իրենք անձամբ են տեսել.

- Փոշին ու ջրի աղտոտումը մենք մեր աչքով տեսանք: Դեռ հանք չէր, ընդամենը շինարարական աշխատանքներ էին անում, ու փոշին մինչև Արին գյուղ հասնում էր: Գնամ, մի քանի տարի աշխատեմ, վաղը հիվանդանամ, չկարողանա՞մ բուժվեմ... Պետք է այնպես անել, որ այս «փուչիկը» պայթի, վերջանա հանքի լինելու տարբերակը…:

Նրանցից մեկը նշեց, որ դեռ տարիներ առաջ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել էր նրանց գալ ու բնակվել հանքի կողքին. «Տուն եմ կառուցում կույտային տարալվացման հարթակի կողքին: Ասում եմ՝ բեր քո ընտանիքը թող, ինչպես իմ ընտանիքն է ապրում: Ասում եմ՝ կբերես, պատասխանում է՝ չէ: Բա որ չէ, ես այստեղ ապրում եմ, ինչի՞ համար ես սա անում, ուզում ինձ թունավորել: Դե եթե վնաս չէ, թող մարդկանց ապահովագրեն, անասունին ապահովագրում են, մարդուն՝ չէ: Մի հավի չափ էլ չկա՞նք...»,- ասաց նա:

Հաջորդիվ կներկայացնենք Ջերմուկի ՏԻՄ-ի հետ հանդիպումը:



Մարտ 23, 2023 at 10:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր