ՀՀ Ազգային ժողովի ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՇՄԱԳ օրենքի վիճահարույց նախագծին

ՀՀ Ազգային ժողովի ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՇՄԱԳ օրենքի վիճահարույց նախագծին

Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրինագծերի փաթեթին։

Մարտի 13-ին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Ըստ քննարկման ձևաչափի՝ յուրաքանչյուր մասնակից ուներ 1 հարցի և 1 արձագանքի հնարավորություն, ինչը թույլ չէր տալիս անդրադառնալ օրինագծի բոլոր խնդրահարույց կետերին: ԷկոԼուրի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մտահոգիչ համարեց հանրային լսումների առաջին փուլում առանց նախատեսվող գործունեության ռիսկերը ներկայացնելու ավագանուց համաձայնության կամ անհամաձայնության վերաբերյալ որոշում պահանջելը, երբ մարդիկ իրազեկված չեն, թե ինչին են կողմ կամ դեմ արտահայտվելու: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ ամեն դեպքում վերջնական որոշումը կայացնելու է լիազոր մարմինը, և հնարավոր է ավագանու կողմից դրական որոշում կայացնելու դեպքում անգամ տրվի բացասական եզրակացութուն և ընդհակառակը: Նիստի ընթացքում բոլոր հարցադրողներն անդրադառնում էին օրինագծում առկա բացթողումներին: Առաջարկվեց հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին օրինագծերի փաթեթը հետ ուղարկել լրամշակման, ինչպես նաև  քննարկման մասնակիցները նրան փոխանցեցին գրավոր դիտողություններ և առաջարկություններ օրինագծերի փաթեթի վերաբերյալ: ԷկոԼուրը ևս փոխանցեց իր դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք նաև ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: 

Այդ քննարկմանը հետևեց ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին 5 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նիստի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց նախատեսված փոփոխությունները․ «Օրենքը երկար քննարկումների փուլ է անցել թե կառավարությունում, թե քաղաքացիական հասարակության շրջանում։ Օրենքում փոփոխությունները շատ են։ Հիմնական հասկացությունների հետ կապված կատարվել են փոփոխություններ՝ «Նախագծային փաստաթուղթ», «Շրջակա միջավայր»։ Ավելացրել ենք «կլիմա» և «բնապահպանական այլ հողեր» եզրույթները։

Նաև փոփոխություն է կատարվել «Նախատեսվող գործունեություն» հասկացության հետ կապված։ Գործունեության տեսակները դասակարգվել են 2 կատեգորիաների՝ «Ա» և «Բ»,  նախկին 3 կատեգորիաների փոխարեն։ Հանվել է ՇՄԱԳ նախնական փուլը։ Գործող օրենքով 4 լսում է տեղի ունենում, 2-ը՝ նախնական փուլն է, որոնք հաջորդ 2 լսումները կրկնում են։ Դա հավելյալ ժամանակի կորուստ է տնտեսվարողների համար, հանվել են այդ առաջին 2 լսումները։

Հստակեցվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրման ընթացակարգերը։ Սահմանվել է, որ համայնքի ավագանու որոշմամբ է տրվելու նախնական համաձայնությունը կամ անհամաձայնությունը, իսկ գործող օրենքով համայնքապետն է տալիս։

Ամբողջությամբ վերանայվել են հանրային լսումների ծանուցման և անցկացման գործընթացները, երկարացվել են լսումների կազմակերպման և հանրության առաջարկությունների ներկայացման ժամկետները։

Վերանայվել են փորձաքննության ժամկետները։ «Ա» կատեգորիայի համար սահմանել ենք 80 օր, «Բ»-ի համար՝ 40 օր։ Հստակեցվել է նաև ՇՄԱԳ գործընթացը լրամշակման ուղարկելու ժամկետը։ Նախաձեռնողը 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի փաստաթղթի լրամշակված տարբերակը։

Հստակեցվել է փորձաքննական եզրակացությունն ուժը ճանաչելու դեպքերը։ Եթե դրական եզրակացություն ստանալուց հետո 2 տարվա ընթացքում տնտեսվարողը չի սկսում գործունեությունը, եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ ներկայում 1 տարի է նախատեսված»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքեց․ «Հատկապես էական է, որ ավագանին պետք է որոշում կայացնի համայնքի կարծիքը ներկայացնելու համար։ Դա չպետք է մեկ մարդուց կախված լինի։ Մեր նպատակն է, որ տնտեսվարողների կյանքը հեշտացնենք և պետական վերահսկողությունը ճիշտ իրականացնենք»։

Հակոբ Սիմիդյանն ի պատասխան ասաց․ «Եթե անգամ ավագանին որոշում չի կայացրել, միևնույն է՝ ՇՄԱԳ փորձաքննությունը լինելու է, մենք տնտեսվարողին տալիս ենք հնարավորություն ամեն դեպքում գալ, հասնել փորձաքննության»։

ՀՀ ԱԺ ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի Վահե Ղալումյանը նշեց․ «Հանձնաժողովում այս նախագծի վերաբերյալ ծավալուն քննարկումներ են անցկացվել, հասարակական կազմակերպությունների հետ վերջին հանդիպումից հետո մենք արձանագրություն ենք կազմել, այսօր ստացել ենք «Հայաստան» դաշինքի կողմից գրավոր առաջարկություն»։

«Հայաստան» խմբակցության փորձագետ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դեմ հանդես եկավ ՇՄԱԳ օրենքի նախագծին՝ մեջբերելով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը․ «Այս փաստաթուղթը հիմնական բնապահպանական փաստաթուղթն է։ Այստեղ կարևոր է օրենքի փիլիսոփայությունը։ Նախկինում 3 կատերոգիա էր։ «Ա» կատերգորիան ներառում է ռիսկային գործունեություն, բայց այդ կատեգորիայի մեջ կան գործունեության տեսակներ, որոնք կարելի է չդիտարկել որպես «Ա» կատեգորիա։ Օրինակ, մետաղական հանքավայրի շահագործման փորձաքննությունը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք և ավելի շատ մասնագետներ։ Ես, որպես տեսչական մարմնի ղեկավար նախկին տեղակալ, այս տարիների փորձի հետ կապված ուզում եմ առարկայական խոսենք, որպեսզի ճիշտ օրենք ընդունենք, որ հետո չընկնենք կրակը դրա ձեռքը, մասնավորապես, Ամուլսար սարքենք։ Այսօր անհասկանալի պատճառներով արդեն տալիս են շահագործման թույլտվություն, որտեղ կան բազմաթիվ վտանգավոր խնդիրներ։ Պետք է կանխատեսելի և վերացնելու հնարավորություն ունեցող ռիսկեր թողնենք։ Երբ ներգրավում ես փորձագետ, ռիսկ մեկ՝ ո՞վ է իրականացնելու ֆինանսավորումը։ Կոնկրետ այդ կատեգորիայի գործունեության համար մեծ գումարներ են անհրաժեշտ․ նորից փորձանմուշներ վերցնել, մինչև գործըթնացի վերջը տանելը։ Եթե պետությունը չունի այդ ֆինանսական հնարավորությունը, ո՞վ պետք է իրականացնի այդ ֆինանսավորումը։ Տնտեսական գործունեությունը նախաձեռնողինն է, նա պետք է ունենա մի տեղից կախված գումար, որը պետք է օգտագործի պետությունն այդ փորձաքննությունն իրականացնելու համար, և պետությունը և փորձագետը չպետք է կախման մեջ լինեն։ Այս խնդիրն ի սկզբանե պետք է լուծվի, որ պետությունը հետո չընկնի «ELARD»-ի, այլ կազմակերպությունների հետևից, գումար տա, նրանք էլ փաստաթղթերով փորձաքննություն անեն, հստակ չկարողանան ասել՝ այս խնդիրներն առկա՞ են։ Այստեղ հիմնարար խնդիր կա, փորձենք լուծել դա, չգրենք նորից օրենք, որը չի աշխատի»։

Հակոբ Սիմիդյանն արձագանքեց՝ Ամուլսարի ծրագրի փորձաքննությունն իրականացվել է միայն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, իսկ նոր նախագծով նախատեսված են նաև դաշտային ուսումնասիրություններ։ «Պետք է դրա մասին վաղուց մտածեինք։ Գործող օրենքով թղթային փորձաքննություն է, նախագիծը եղել է, ներկայացրել են, փորձագետն իրականացրել է փորձաքննությունն ըստ ներկայացրած փաստաթղթերի։ Նոր օրենքով սահմանել ենք, որ փորձագետը կարող է դաշտային դիտարկումներ կատարի։ Ճիշտ եք ասում, և մենք այդ ճանապարհով էլ գնում ենք։ Այս օրենքի շուրջ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, մի փոքր նաև ժամկետի խնդիր ունենք, շատ ենք ուշացրել, բայց մենք բաց ենք, մենք խնդիր չունենք օրենքը լավարկելու, հակառակը, մենք կդիտարկենք ձեր առաջարկները, եթե դա օրենքի կիրարկման տեսանկյունից խնդրի լուծող է։ Մենք դա կընդունենք, բայց եկեք Ամուլսարի ֆոնն օրենքի  կիրարկման դաշտ չբերենք, Ամուլսարն անցել է մի գործընթաց, որով կարգավորվել է օրենքը, «ELARD»-ը եկել, ուսումնասիրել է դրական ՇՄԱԳ եզրակացությունը, որը ստացել է «Լիդիանը»։ Հիմա մենք փորձում ենք այդ ամենը բերել ձեր ասածի դաշտ, որ փորձագետը կարողանա դաշտային ուսումնասիորւթյուն կատարի»։

Իգոր Սարգսյանն արձագանքեց․ «Ամուլսարի համար վերջին անգամ, երբ «ELARD»-ի եզրակացությունը տվեցին, այդ ժամանակվա շրջակա միջավայրի նախարարը դիմեց վարչապետին, թեպետ կարող էր ինքը փորձաքննություն նշանակել, ուներ այդ իրավասությունը, որպեսզի հանձնարարվի տեսչական մարմնին ստուգում իրականացնի և տա իր եզրակացությունը, այսինքն, դադարեցնի կոնկրետ որոշումով, որը կբերի նրան, որ ինքը նոր փորձաքննություն նախաձեռնի։ Սա այն պարագայում, երբ ստուգում չէր կարելի իրականացնել, արդեն «Լիդիանի» գործունեությունը դադարել էր»։

Հակոբ Սիմիդյանը նշեց, որ նպատակն է ունենալ լավ օրենք: 



Մարտ 16, 2023 at 13:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր