Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրված եռակողմ փոխըմբռնման հուշագիրը հանրության՝ ծրագրի վերաբերյալ ունեցած դիրքորոշումը վերստուգելու առիթ է: Այս մասին 2023թ. մարտի 10-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշվարկվա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ նշեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ու «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը: Քննարկմանը մասնակցում էր նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն և Էկոնոմիկայի նախարարությունը քննարկմանը մասնակցելու հրավերը մերժել էին։
Ինգա Զարաֆյանի խոսքով՝ այն, ինչ ստորագրվեց անորոշ ու ոչ մի բան չասող փաստաթուղթ է: «Արդյո՞ք կա գումար, թե՝ ոչ, կանադական կամ անգլիական կապիտալ, ի՞նչ պայմաններով է ստորագրվում: Կառավարությունն իր վրա շատ մեծ պատասխանատվություն ու ռիսկեր է վերցնում: Այս փաստաթուղթը դեռ լիարժեք պայմանագիր չէ: Սրանով բոլոր երեք կողմերը փորձում են ստուգել մադկանց արձագանքը, դիմադրությունն ու հնարավոր ռիսկերը՝ ռեալ քայլերի անցնելու դեպքում,- նշեց նա: Նազելի Վարդանյանն էլ հավելեց. «Այդ փաստաթուղթն իրավական փաստաթուղթ չէ, մտադրությունների մասին է: Հավանաբար, ուզում էին հանրության ռեակցիան տեսնել: Նույնիսկ խոստացված 100 միլիոն դոլարի մասին խոստումները փուչիկ են, չկան»:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ հանքի շահագործման դեպքում Ջերմուկում բնակչության տեղաշարժեր կլինեն: «Տարբեր մարզերից այլ աշխատակցիներ կգան փոխարինելու տեղի բնակչությանը, որովհետև տեղի բնակչությունը տասնյակ տարիներ զբաղված է եղել առողջապահական ծառայություններ մատուցելով և իր մասնագիտացումը չի փոխի անորոշ ու ավելի ծանր աշխատանքով: Դա նշանակում է, որ մի քանի տարի անց հանքի շահագործման ավարտից հետո և՛ տեղի բնակիչները դուրս կգան, և՛ նոր եկածները: Արդյունքում կունենանք Դաստակերտի նմանությամբ ուրվական-քաղաք»,- նշեց նա:
Անդրադառանալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքում հանքարդյունաբերության մասնաբաժինը 1%-ով ավելացնելու կանխատեսումներին՝ Նազելի Վարդանյանն ասաց. «Մենք ունենք 20 մետաղական հանք, որոնցից 7 խոշորը գործում են: Վերջին 15-20 տարում համախառն ներքին արդյունքում մետաղական հանքերի մասնաբաժինը կազմում է 2,8%: Եթե դրանք՝ բոլորը, այդ թվում՝ Ամուլսարից տասն անգամ շատ ոսկի պարունակող Սոթքի հանքավայրը, 1%-ով ավելացրած լինեին, ՀՆԱ-ում մենք նվազագույնը 7% պետք է մետաղական հանքերի ծավալ ուենայինք: Մենք այսօր դա չունենք»:
Մեկ այլ կանխատեսում, թե հանքի շահագործումը կարող է կանխել Ջերմուկի վրա ադրբեջանական զինված ուժերի հետագա հարձակումները, ըստ բնապահպանների, նույնպես երաշխավորված չէ: «44-oրյա պատերազմը, 2022թ. սեպտեմբերյան ռմբակոծման դեպքերը Ջերմուկը դարձրել են սահմանամերձ ու վտանգավոր: Մինչդեռ կառավարությունը պետք է ծրագրերով ամրապնդեր այդ անվտանգությունը: Փոխարենը տեսանք մի ծրագիր, որը միտված է Ջերմուկն ավելի խոցելի դարձնել»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Նազելի Վարդանյանը նշեց. «Իրենք ասում են, որ արտասահմանյան կապիտալով ընկերությունները չեն ռմբակոծվում: 2020թ. տեսանք, որ ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարը ռմբակոծվեց: Այն ժամանակ ընկերությունում մեծամասնությունը գերմանական և օֆշորային կապիտալ էր: Սոթքում «Գեոպրոմայնինգն» է, հանքավայրի տարածքը ամեն օր է ռմբակոծվում»: Նա հարց բարձրցրեց, թե ինչպես է հնարավոր սանկցիաների պայմաններում ամերիկյան կոչվող, օֆշորներում գրանցված կազմակերպություններն աշխատեն ռուսական կապիտալով և ասաց. «Ինչ-որ փուչիկ են հրամցնում ժողովրդին, քանի որ գիտեն, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու: 2019թ. «ELARD»-ի մասնագետների հետ հեռուստակոնֆերանսի ժամանակ մեր վարչապետն ասաց, որ 300 էջ գրվել է, որ սխալ է, թերի է, ի՞նչ պետք է մենք անենք: Հիմա ես եմ պարոն վարչապետին հարց տալիս՝ այդ 300 էջը, որ Ձեր հրավիրած մասնագետներին վճարել եք մեր գրպանից 450 հազար դոլար ու իրենք գրել են, որ սխալ է, կեղծ է, թերի է, ու սրա հիման վրա հնարավոր չէ հանքավայր աշխատեցնել առանց նոր գնահատման, ի՞նչ պետք է անեք, ո՞վ է պատասխան տալու: Դուք հանձնարարություն տվեցիք, ասացիք որ առանց Շրջակա միջավայրի նախարարության վերջնական եզրակացության չեք աշխատեցնի: Շրջակա միջավայրի նախարարը ձեզ ուղարկել էր 13 կետից բաղկացած մի նամակ, որտեղ ամեն մի կետը մի ռիսկ է ներկայացնում, որը կախված է Հայաստանի գլխին»:
Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի կողմից փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Նազելի Վարդանյանը նշեց. «Իրենք փորձաքննություն չեն արել, ՇՄԱԳ փորձաքննության մեջ կես բառ չեն գրել, որ որևէ առարկություն ունեն»: Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ Առողջապահության նախարարությունը միայն մասնագիտական կարծիք է ներկայացրել. «Փորձաքննություն կամ դաշտային աշխատանքներ չի իրականացրել, որովհետև մեխանիզմներ չկան: Դե եթե ռիսկերը կառավարելի են, Հայաստանում բազմաթիվ համայնքներ կան, որտեղ հանքարդյունաբերության հետևանքները բերել են տեսանելի վատ իրավիճակի: Դե կառավարե՛ք, ինչո՞ւ եք այդ ժամանակ ասում գնահատման չափորոշիչներ, մեխանիզմներ չկան, նոր պիտի ստեղծենք»: Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ աղտոտված համայնքներում կատարված անկախ փորձաքննությունները բացահայտել են տեղի բնակչության օրգանիզմում քիմիական տարրերի բարձր պարունակություն: «Տարիներ առաջ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի» կողմից արված հետազոտության արդյունքում Քաջարանի երեխաների մազերում հայտնաբերվել էր մկնդեղ, այլ տոքսիկ էլեմենտներ: Մարդիկ չգիտեին՝ այդ անալիզների հետ ինչ անել: Այդ ամենը ներկայացվել էր Առողջապահության նախարարությանը: Սակայն անգամ մեկ ստուգում այդ երեխաների մոտ չի իրականացվել ո՛չ Քաջարանում, ո՛չ Ախթաալայում, ո՛չ Թեղուտում: Ի՞նչ կառավարելի ռիսկերի մասին է խոսքը, եթե դու նույնիսկ չես կարող մեկ հետազոտություն իրականացնել»,- տարակուսեց նա:
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման համար նաև օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: «Օրենսդրական տեսանկյունից հող է նախապատրաստվել այս ամենի համար: «Ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ կատարվեցին, քացաքացիական անհնազանդությունը հավասարեցվեց ֆորսմաժորային իրավիճակի: Օրենքին տրվեց չորս տարվա հետադարձ ուժ: Մենք նշում էինք, որ սա միայն մեկ ընկերության համար պատրաստված օրինագիծ է, կառավարությունը դա հերքում էր: Բայց այն տարածվեց «Լիդիանի» վրա, որն ուզում է շահագործել Ամուլսարը: 2020թ. պատերազմից հետո էլ այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ է տիրում, ինչը շատ հարմար էր զարգացնելու նարատիվներն այն մասին, թե հանքը կարող է լինել անվտանգության երաշխիք»,- ասաց նա: Օլեգ Դուլգարյանը նշեց, որ հայտարարությունն այն մասին, թե Ամուլսարի վերաբերյալ գործընթացներն իրականացվել են ՇՄԱԳ օրենքի շրջանակներում, նույնպես վստահելի չեն. «Այդ օրենքը թույլ, վատ օրենք է, որը հիմա փորձում են փոխել, դարձնել ավելի լավը: Այն ստեղծվել է կոռուպցիոն համակարգի ժամանակ, և որոշումները կայացվել են կոռուպցիոն համակարգի ժամանակ»:
Խոսելով հանքավայրի հնարավոր շահագործման դեպքում ամենից վտանգավոր բնապահպանական ռիսկերի մասին՝ Ինգա Զարաֆյանը նշեց. «Պետության կողմից պատվիրված «ELARD»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռիսկերն անկառավարելի են և համապատասխան կերպով գնահատված չեն թույլատրող տարբեր փաստաթղթերը: Դա նշանակում է, որ գործընթացը պետք է սկսվի նորից: Ամենածանր ռիսկերը, որոնց մասին լռում են, առաջին հերթին ցիանային հարթակն է: Ամբողջ աշխարհին հայտնի է, որ դա ամենավտանգավոր տեխնոլոգիան է: Ամուլսարի հանքում ուրանային և տարբեր ռադիոկատիվ էլեմենտների բարձր տոկոսային պարունակություն կա: Ընկերությունը պետք է պայթեցնի մի քանի հազար տոննա նյութ, որպեսզի հանի հանքանյութը: Ի՞նչ պետք է անենք ռադիոկատիվ նյութերի հետ, որոնց բարձր պարունակությունը տարբեր պրոբաների մեջ հաստատված է, ԱԻՆ-ն էլ է դա հաստատել: Եվ երորրդ, միլիոնավոր տոննաներով տարբեր տոքսիկ նյութերը հանվելու և տեղադրվելու են լցակույտերի տարածքում, որն Արփա-Որոտան ջրահավաք ավազանի կողքին է: Այդ նյութերն անպայման կանցնեն Արփա- Որոտան ջրահավաք ազավան՝ վտանգի տակ դնելով Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարները, Վայոց ձորի, Սյունիքի ու Արարատի մարզերը, ի վերջո, Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճը»:
Անդրադառնալով Ջերմուկի հետագա ճակատագրին՝ Նազելի Վարդանյանն ասաց. «Ջերմուկը ծանր պայմաններում կառուցվել և ճանաչվել է որպես միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ու բուժական համակարգ: Ջերմուկցիները շարունակում են կրթությունը տուրիզմի, առողջապահության ու սպասարկման ոլորտներում: Ջերմուկում աշխատատեղի խնդիր չկա: Եթե ցանկանային շատ գումար վաստակել, կգնային, Քաջարանում կապրեին: Այս մարդիկ գերադասել են մաքուր օդը: 70-80 տարվա ընթացքում միլիարդների ներդրում է արվել, որ Ջերմուկը բրենդ դառնա: Կառավարությունը հանքի շահագործման արդյունքների, հետևանքների, տնտեսական վնասների ու օգուտների գնահատական անգամ չի տվել: Ուզում են ամբողջ այդ համակարգը քանդել, ինչը կվնասի ոչ միայն Ջերմուկ առողջարանին, այլև՝ հարևան համայնքներին ևս: Հարակից համայնքներն իրենց գյուղմթերքը սպառում են Ջերմուկում: Դրանից էլ են զրկվելու: Ամբողջ տարաշածաշրջանի դատարկման խնդիր դառնալով, մարդկանց աշխատանքից ազատելով՝ ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծելու»: Ըստ Նազելի Վարդանյանի՝ կտուժի նաև Վայոց ձորի գինեգործությունը: «Վայոց ձորը հայտնի է գինեգործությամբ, ինչպիսի ներդրումներ են կատարվել այս տարիների ընթացքում Եղեգնաձորի ու Արենիի գինեգործության բրենդներ դառնալու համար: Խաղողի այգիները ոռոգվում են Արփա գետի ջրով, եթե այն աղտոտվի, մի ամբողջ մարզի տնտեսական համակարգը կքանդվի»,- ընդգծեց նա:
Նազելի Վարդանյանի խոսքով՝ ջերմուկցիներն իրենց բիզնեսին հասցված վնասների համար կդիմեն դատարան Կառավարության դեմ և կպահանջեն իրենց կրած վնասների փոխհատուցում: «Փոխանակ Ջերմուկին օգնեն, ապահովեն Ջերմուկի անվտանգությունը, ոչ մի երաշխիք չեն տալիս մարդկանց, մի այլ ռիսկի աղբյուր են ջերմուկցիների կողքին դնում և ուզում են, որ երաշխիքներին հավատանք: Երաշխիքը պետք է տա ոչ թե պետությունը, այլ ընկերությունը: Ընկերությունը չի տալիս, գնդակը հիմա ուղղել է կառավարության դաշտ, քարկոծման տակ ընկել է կառավարությունը, իսկ ընկերությունը հիմա նորից կսկսի ակցիաներ վաճառել»,- նշեց նա:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ծրագրով բորսային խաղեր է իրականացնում: «Իրենց փողերը աշխատում էին, բայց այդ բորսային խաղերից մեր պետությունը ոչինչ չի ստանում, կարող է ստանա հանքի շահագործման արդյունքում: Չեմ բացառում, որ հանքի վերաբացման հայտարարությունը հետապնդում է բորսային նոր խաղ: Երբ ընկերությունը, բանկը կհարստանա, իսկ պետությունը ֆինանսական առումով ոչիչն չի ունենա»,- նշեց նա:
Խոսելով Ամուլսարի վերաբերյալ հայտարարության մասին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ ներկայում շուրջ հազար կազմակերպություն և անհատ է միացել դրան: «Հայտարարության մեջ ձևակերպված կետերը այդ 1000 սուբյեկտի՝ քաղաքացիների, բարձրացված հարցերին պատասխանելու պահանջն է»,- նշեց նա: Օլեգ Դուլգարյանը նաև հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներն այն մասին, թե համայնքի կարծիքին հակառակ ոչինչ չի արվի, իրականություն չդարձավ: «Համայնքի բնակիչները ստորագրահավաք են արել, դատական պրոցեսների մեջ են ներկայում: Ինչպես դեմ են եղել հանքին, այնպես էլ շարունակում են դեմ լինել: Բայց հազարավոր մարդկանց պայքարն անտեսվել է, նետվել մի կողմ՝ ի նպաստ հանքարդյունաբերական համայնքի»,- նշեց նա:
Մարտ 10, 2023 at 17:45