Մարդկանց մի ամբողջ բանակ մտահոգված է Ամուլսարի ծրագրի ռիսկերով և սեփական անվտանգությամբ

Մարդկանց մի ամբողջ բանակ մտահոգված է Ամուլսարի ծրագրի ռիսկերով և սեփական անվտանգությամբ

Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի դեմ շարժումը նոր թափ է հավաքում: 2023թ. փետրվարի 22-ին Ամուլսարում աշխատանքների վերսկսման վերաբերյալ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիայի» միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ցնցեց մարդկանց մեծամասնությանը, ովքեր պաշտպանում են առողջ միջավայրում ապրելու, Ջերմուկում առողջապահական զբոսաշրջությունը զարգացնելու, մաքուր աղբյուրներ օգտագործելու և վերջապես իրենց անվտանգությունը պաշտպանելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագիրը պարունակում է անկառավարելի ռիսկեր՝ իր ենթակառուցվածքում ունենալով ցիանային հարթակ, ինչպես նաև տարածք, որտեղ կուտակվելու են վտանգավոր և տոքսիկ՝ այդ թվում ռադիոակտիվ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա թափոններ: Հանքի շահագործումը կհանգեցնի ջրային ռեսուրսների համար ամենավտանգավոր երևույթներից մեկին՝ թթվային դրենաժին: Ի վերջո, Ամուլսարի ծրագիրը սպառնում է Ջերմուկ առողջարանի, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջրերի գոյությանը։

Այս բոլոր սպառնալիքները կարող են իրականություն դառնալ ոչ միայն տեղի բնակիչների, այլև 4 մարզերի բնակչության համար՝ հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի տարածքի և դրա ենթակառուցվածքների խոցելի լինելը հատկապես Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեպքում։ 

Սոցիալական ցանցերում տարածվել է Ամուլսարի ծրագրի դեմ հայտարարությունը։ 10 օրերի ընթացքում հայտարարությունը ստորագրել են 760 կազմակերպություններ և առանձին քաղաքացիներ, այդ թվում՝ ակտիվիստներ, իրավապաշտպաններ, գիտնականներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, բժիշկներ, ծրագրավորողներ, երաժիշտներ, քաղաքագետներ, ինժեներներ, բանվորներ և վարորդներ։ Շատերը ստորագրել են որպես «Ջերմուկի բնակիչներ»։ Միաժամանակ համացանցի «Change.org» հարթակում կրկին ակտիվացել է Ամուլսարի ծրագրի դեմ ստորագրահավաքը։ Մարտի 7-ի դրությամբ այն ստորագրել է ավելի քան 30,000 մարդ, որոնց թիվն արագորեն ավելանում է։ 

 

 

Մարտ 07, 2023 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր