Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները պահանջում են Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նոր քննարկում կազմակերպել: Իրենց պահանջի մասին նրանք բարձրաձայնեցին 2023թ. մարտի 17-ին Ջերմուկի համայնքապետի ու ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր քննարկեցին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերն ու վտանգները:
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյան. «Պետք է հարգել տեղի բնակիչների իրավունքները: Եթե Ջերմուկի բնակիչը ոտքի կանգնեց և ասաց ոչ, դա կառավարության ձեռքին հաղթաթուղթ կլինի այս հարցում ճնշումների դեմ... Կարող ենք հաշվել, թե 50 տարվա կտրվածքով հանքն է ձեռնտու, թե՞ Ջերմուկը զարգացնելը որպես առողջարան: Միջազգային «ELARD» կազմակերպության կողմից (խմբ.՝ «ELARD»-ը Կառավարությունից ստացել է 450 հազար դոլար Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար) 300 էջանոց եզրակացություն է տրվել, որ Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած ՇՄԱԳ-ի հիման վրա հնարավոր չէ հանք շահագործել: Ըստ ընկերության՝ («Լիդիան Արմենիա» ՓԲԸ) թթվային դրենաժի ռիսկ չկա: Սակայն թթվային դրենաժը վերահսկելի չէ: Կառավարության վրա ճնշումներ կան և այդ պատճառով Ջերմուկում լսումներ չեն անում, որովհետև գիտեն՝ համայնքը դեմ կլինի»:
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյան. «Ընկերությունն ուներ երկու դեսպանատների ու միջազգային բանկերի աջակցությունը: Այսօր ընկերությունն այդ ամենը չունի, բացի մի հուշագրից: Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մեր բողոքների արդյունքում դուրս են եկել այս ծրագրից, իրենց ֆինանսական կապիտալը դուրս են բերել՝ համարելով այն ռիսկային ու պրոբլեմատիկ»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Մեր ներկայացրած ռիսկերն, իհարկե, կարևոր են զարգացման բանկերի համար, բայց ամենակարևորն իրենց գումարն է: Ամեն ինչին նայում են գումարի տեսակետից: Երբ ներկայացրեցինք, որ ծրագիրը չի համապատասխանում ստանդարտներին, իրենք նայեցին ընկերության գումարին: Ամեն մի դրական եզրակացություն ստանալով ընկերության բաժնեմասերի արժեքը ֆոնդային բորսաներում բարձրացել է: Երբ բանկերը հասկացան, որ այլևս բորսայում մեծ գումար չեն կարող աշխատել, դուրս են եկել խաղից: Հիմա Եվրասիական Զարգացման բանկն է, որը ո՛չ ստանդարտներ ունի, ո՛չ քաղաքականություն, ո՛չ էլ միջազգային ճանաչում»:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյան. «Առաջիկայում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի նիստին պահանջելու ենք մեզ ներկայացնել Ամուլսարի հետ կապված բոլոր որոշումները, Հայաստանի 12,5%-ի բաժնեմասի հետ կապված պարտավորությունները և ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրված հուշագրի մանրամասները: Կառավարությունը մանիպուլյացիա է անում մարդկանց անվտանգության հաշվին: Եթե ջրամբարներին խփել են, ճոպանուղուն խփել են, ինչն է խանգարում նաև ցիանային հարթակի վրա կրակել: Այդ տարածքում են գտնվում Հայաստանի ջրերի 80%-ը»:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյան. «Մինչ օրս պետությունը չի կարողանում թափոնների մեջ «թաղված» համայնքների բնակիչների հիվանդություններն ուսումնասիրել, չկան համապատասխան մեխանիզմներ: Գնացեք Թեղուտ, տեսեք՝ ինչ է կատարվում. ամբողջ գյուղը մկնդեղի ու փոշու մեջ կորած է: Հանքավայրին ազդակիր համայնքներում երեխաների մազերում մկնդեղը 17 անգամ գերազանցում է նորման: Դա թունավորում է ամբողջ կյանքի համար»:
Գնդեվազի բնակիչները պահանջեցին. «Մենք ցանկանում ենք, որ ավագանին ու համայնքապետարանը դիմեն կառավարությանն, ու համայնքի անդամների մասնակցությամբ հանդիպում կազմակերպվի: Պահանջեք կառավարությունից, որ ներկա գտնվեն ծրագրին դրական եզրակցություն տված նախարարությունների ղեկավարները, այն նախարարները, ովքեր ելույթ են ունենում և ասում, թե առողջական որևէ խնդիրներ չկան»:
Մարտ 27, 2023 at 14:06