

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
2019թ.–ի հունիսի 5–ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար թունաքիմիկատների, մասնավորապես, բարձր վտանգավորության թունաքիմիկատների կառավարման միջազգային վարքագծի կանոնագրքի վերաբերյալ: Սեմինարը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ–ն` «Կանաչ դրամաշնորհների» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Սեմինարին մասնակցում էին համապատասխան թեմայով զբաղվող հասարակական կազմակերպությունների և ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները:
Գյուղատնտեսության հարցերով անկախ փորձագետ Վահան Ամիրխանյանը ներկայացրեց թունաքիմիկատների կառավարման միջազգային վարքագծի կանոնները` կենտրոնանալով Հայաստանում թունաքիմիկատների կառավարման և հսկողության ոլորտում առկա խնդիրների վրա: Ներկայացված տեղեկատվությունը մասնակիցների շրջանում բուռն քննարկումների պատճառ դարձավ:
Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում` թունաքիմիկատների ոչ համարժեք օգտագործման հետևանքով հանրային առողջության և շրջակա միջավայրի համար ռիսկերի, ինչպես նաև մասնագետների` գյուղատնտեսների, անասնաբույժների, անասնաբույծների, ագրոտեխնիկների խիստ պակասի հետ կապված խնդիրները:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի նախագահ Ելենա Մանվելյանն իր զեկույցում լուրջ մտահոգություն հայտնեց երկրում բարձր վտանգավորության թունաքիմիկատների, մասնավորապես, շրջակա միջավայրում և գյուղմթերքներում գլիֆոսատ պարունակող թունաքիմիկատների մնացորդային քանակների նկատմամբ վերահսկողության պակասի վերաբերյալ:
Հաշվի առնելով գլիֆոսատի բարձր թունունակությունը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը դասում են հավանական քաղցկեղածինների շարքին, ինչպես նաև առողջապահական բարձր ռիսկերը, թունաքիմիկատների, մասնավորապես, բարձր վտանգավորության թունաքիմիկատների օգտագործման և հիվանդացության միջև կապի բացահայտման ուղղությամբ հետազոտությունների բացակայությունը, գլիֆոսատ պարունակող պատրաստուկների ներմուծման ծավալների աճը, քաղցկեղի տարածվածությունը մեր երկրում, տիկին Մանվելյանը խրախուսեց մասնակիցներին կազմակերպել լայն ներկայացուցչական ժողով` հանրապետությունում թունաքիմիկատների օգտագործման և կառավարման հետ կապված հարցերը լայնորեն քննարկելու համար: Մասնակիցները միաձայն հայտնեցին իրենց աջակցությունն առաջարկին:
Հունիս 14, 2019 at 11:28