Արարատի մարզում արագիլների մասսայական անկման դեպքի կապակցությամբ ստուգվում են տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը

Արարատի մարզում արագիլների մասսայական անկման դեպքի կապակցությամբ ստուգվում են տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը

ԷկոԼուր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ահազանգում է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում արագիլների անկման մասին, որի պատճառը թռչունների փետուրների յուղով պատված լինելն է, ինչի հետևանքով թռչունները չեն կարողացել թռչել և սատկել են:
Արարատի մարզի Հովտաշեն համայնքից Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով մեկ արագիլ են տեղափոխել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ: Պարզվել է, որ առանձնյակն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով: Այս մասին իր էջում հայտնել է Լյուբա Բալյանը՝ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ից:

«Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ»,- գրել է նա:
Պարզվել է նաև, որ Հովտաշեն գյուղում արագիլների գրեթե 70%-ը գտնվում էր նույն վիճակում:

Այս իրավիճակը կարելի է որակել որպես էկոլոգիական աղետ: Անհրաժեշտ է շտապ հայտնաբերել, թե որ ձեռնարկությունից է տեղի ունեցել նման արտահոսք և կանչել քրեական պատասխանատվության:

Ներկայում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ է իրականացրել՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք տեսչության ֆեյսբուքյան էջից, ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:

Լուսանկարը՝ Լյուբա Բալյանի ֆեյսբուքյան էջից

 

12:13 Հուլիս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news