ԹԱՍԻԲՈՎ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

2006թ. ՀՀ կառավարության ընդունած N1075 որոշման համաձայն, կենդանիների եւ բույսերի նոր կարմիր գրքեր պետք է հրատարակվեն 2009թ: Մինչ այդ՝ 2007թ. սկսած նախատեսվում են դաշտային աշխատանքներ, ուսումնասիրություններ, տվյալների հավաքում, դասակարգում եւ այլն: Ընդհանուր առմամբ, երկու կարմիր գրքերի համար տրամադրվել է մոտ 32մլն դրամ: Պարզվում է, սակայն, որ ոչ ժամկետներն են մասնագետներին բավարարում, ոչ նախատեսված գումարները:

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտքարտուղար Հասմիկ Խաչատրյանի կարծիքով, նման ծավալի աշխատանք կատարելու համար առնվազն երկու տարի հավելյալ ժամանակ է հարկավոր: «Այն ժամանակ, երբ ինստիտուտի կողմից հայտ ներկայացրինք, թվերը լրիվ ուրիշ էին, մոտ 10 անգամ գումարներն էին մեծ եւ ժամկետներն էին շատ ավելի երկար: Բայց երեւի դա հնարավոր չէր»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Աշխատանքների մեծ ծավալը, ըստ տիկին Խաչատրյանի, պատճառաբանվում է նաեւ այն հանգամանքով, որ նախկին՝ 1987թ. հրատարակված ՀՍՍՀ կարմիր գրքում, անողնաշարավորների մասին տեղեկություններ չկային, իսկ հիմա նաեւ այս կենդանատեսակներն են ներառված, արդյունքում՝ կենդանաբանները մոտ 150 ողնաշարավորների եւ 200 անողնաշարավորների պետք է ուսումնասիրեն:

Այս աշխատանքով զբաղվում է 25 մասնագետ: «Յուրաքանչյուրին մենք տարվա ընթացքում առավելագույնս կարող ենք 3 ամիս օգտագործել, որպեսզի բոլորին հնարավոր լինի ընդգրկել: Ամսական աշխատավարձը դառնում է մոտ 11 հազար դրամ»,- ասում է գիտքարտուղարը եւ ավելացնում, որ կարմիր գիրք հրատարակելը մասնագետների համար ավելի շատ թասիբի խնդիր է: Այդուհանդերձ, տիկին Խաչատրյանը մեզ վստահեցնում էր, որ ուսումնասիրությունները եւ տվյալների հավաքագրումը նորմալ հունով են ընթանում, եւ կհրատարակվի ամբողջական տվյալներով կարմիր գիրք: Բուսաբանության ինստիտուտից եւս մեզ հավաստիացրին, որ աշխատանքների իրականացմանը խոչընդոտներ չկան, իսկ մասնագետները, չնայած մեծ ծանրաբեռնվածությանը, ի վիճակի են գործը գլուխ բերել:

Աշխատանքների ղեկավար Կամիլլա Գեւորգեւնան մեզ հետ զրույցում ասաց, որ 3500 բույսերից իրենք ընտրություն են կատարել եւ մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում: Ի դեպ, նախնական տվյալներով, մոտ 600 տեսակ կներառվի նոր կարմիր գրքում նախկին 414 տեսակի փոխարեն: Ըստ մասնագետի, նման կտրուկ աճը պայմանավորված է ոչ միայն տեսակների կրճատմամբ, այլ նաեւ բնության պահպանության միջազգային միության չափանիշներով, որոնք մեզանում նոր են կիրառվում: Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա պատասխանն այստեղ միանշանակ չէ: Մեր հարցին, թե բավարարու՞մ է ֆինանսավորումը կարմիր գրքի համար, աշխատանքների ղեկավարը նախ ասաց. «Մենք գումարների մասին չենք մտածում, արդյունքն է մեզ հետարքրքրում»:

Իրականում «քիչ փող, բայց լուրջ աշխատանք» պարադոքսի գաղտնիքներից մեկն այն է, որ կենդանաբանության կամ բուսաբանության ինստիտուտները հաճախ, այսպես ասած, օգտվում են ուսումնասիրությունների այլ աղբյուրներից, քանի որ Հայաստանում բնապահպանական հասարակական կազմակերպություններում աշխատում են նույն ինստիտուտի աշխատակիցները: Ստացվում է, որ ինչ-որ դրամաշնորհի շրջանակում կատարած մի աշխատանքը մի քանի տեղ է ծառայում:

Հոկտեմբեր 23, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր