ՀԻՐԻԿԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԻՐԻԿԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Արսեն Գասպարյան, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ

Վերջերս տեղի ունեցավ ՀՀ Կարմիր գրքի շնորհանդեսը, նշվեց գրքում գրանցված վտանգված տեսակների քանակի ավելացման մասին: Սակայն փաստը մնում է այն, որ ամեն ինչի մասին խոսվում է, բարձրաձայնվում է, արձանագրվում է, բայց խոսքը գործի չի վերածվում:

Փաստ է, որ մեր երկրում կենսաբազմազանության հիմնախնդիրները շատ են և նրա պահպանման համար նախատեսված տարածքներից շատերը իրականում չեն պահպանվում: Այդ ամենը կարելի է հասկանալ և բացատրել պահպանման համար անհրաժեշտ գումարների բացակայությամբ: Սակայն այն, որ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված և վտանգվածի կարգավիճակ ունեցող, տարածաշրջանային էնդեմիկ /տարածված է միայն Հարավային Կովկասում / տեսակ հանդիսացող` Հիրիկ նրբագեղը /Iris elegantissima Sosn./ օրը ցերեկով վաճառվում է Երևանի կենտրոնում, փունջը 500 դրամով, ապա դա ոչմի տրամաբանությամբ բացատրել չի կարելի: Երբ տեսա ծաղիկները, աչքերիս չհավատալով մոտեցա վաճառողներին և հարցրեցի, իսկ նրանք տեղյակ են, որ այս ծաղիկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և գտնվում է անհետացման եզրին: Նրանք էլ ինձ պատասխանեցին, որ նրանք կարմիր և այլ գունավորումների գրքեր չգիտեն և հավաքում են Բյուրականի դաշտերից, որտեղ շատ կա այս ծաղիկներից: Իմ ցանկությունը նրանց բացատրելու ներկա խնդիրը ոչ մի արդյունքի չբերեց:

Երբ խոսում ենք մեր ինքնության մասին կամ հպարտանում ենք հայ լինելով, ապա ցավոք սրտի չենք ուզում հիշել, որ մեր հպարտության մի կարևոր բաղադրիչ մասն է կազմում նաև մեր բնաշխարհը և այն, որը հարյուրավոր բույսեր և կենդանիներ տարածված են միայն մեր փոքր երկրում և նրանց “ՀԱՅ” են ասում , խոսում է մեր եզակիության մասին, ինչպես օրինակ մեր արվեստը կամ մշակույթը:

Խնդիրը նրանում է, որ վաճառողները պարտավոր չեն իմանալ այս տեսակի կարևորության մասին, քանի որ դա բնապահպանության ոլորտի պաշտոնյաների գործառույթն է, ովքեր պետք է հետևողական լինեին, որպեսզի մեր երկրի գանձերը չդառնաին առք ու վաճառքի պարագա: Իմ կարծիքով խնդիրը կարելի է լուծել միայն ծաղկավաճառների, բուսավաճառների հետ բացատրական աշխատանքների, ապա արգելքների և տուգանքների կիրառմամբ, իհարկե միայն այն դեպքում եթե չցուցաբերվի ընտրողական մոտեցում և տուգանքները չվերածվեն պատժիչ գործիքի օրվա հացը վաստակող ծաղկավաճառի համար: Մեր երկրում ներկրվում և աճեցվում են տարբեր տեսակի ծաղիկներ, բուսատեսակներ և դրա պակասը կարծես թե չկա: Ասել է թե առանց հիրիկի կամ անհետացող այլ տեսակի էլ կարող ենք զարդարել մեր ծաղկամանները:

Հունիս 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր