Արմենպրես
Հայաստանի Հանրապետության բնապահանության նախարարությունում մշակված «Խոսրովի անտառ» պետարգելոցի բարելավման 2010 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն հունիսի վերջին, որոնց իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է ավելի քան 6 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը, ծրագիրը, որը նպատակաուղղված է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի դրույթների իրականացմանը, հնարավորություն կտա բարելավել եւ ապահովել արգելոցի կենսառեսուրսների հետագա զարգացումը, արդյունավետորեն ներդաշնակեցնել բնապահպանական եւ բնօգտագործման աշխատանքները:
ՀՀ ԳԱԱ բուսաբանության եւ կենդանաբանության ինստիտուտների աշխատակիցները արգելոցում ներկայումս անցկացնում են բարձրակարգ, արժեքավոր բույսերի եւ ողնաշարավոր կենդանիների գույքագրման, դրանց առանձնահատկությունների, տարածվածության ճշտման գիտահետազոտական աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվել է կառուցել նաեւ 8 կմ ընդհանուր երկարությամբ հակահրդեհային ճանապարհ: Ըստ Ա. Աղասյանի` «Խոսրովի անտառ» պետարգելոցում, որտեղ արդեն բացվել են 1850 բուսական հերբարումներով հագեցած թանգարանն ու վարչական նոր շենքը, կգործի նաեւ էկոտուրիզմի կենտրոն:
Ծովի մակերեւույթից 1400-2200 մետր բարձրության վրա գտնվող, 29 հազար հա տարածք զբաղեցնող «Խոսրովի անտառ» արգելոցում աճող 1800 բուսատեսակներից 146-ը, 142 տեսակ թռչուններից 66-ը, 55 կաթնասուններից 33-ը գրանցված է «ՀՀ Կարմիր գրքում»: Վերհիշյալ տարածքը տարվա գրեթե բոլոր ամիսներին զբոսաշրջիկներով լի է պատմամշակութային հուշարձանների` Գառնու տաճարի, Գեղարդավանքի, Հավուց թառ, Աղջոց վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու միջնադարյան գրավոր աղբյուրներում հիշատակվող բնակավայրերի շնորհիվ:
Հունիս 10, 2010
