

Աննա Հակոբյան` ԵՊՀ երրորդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար
2019թ-ին լրանում է Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործունեության 10-ամյակը: Այս տարիների ընթացքում CNF-ն աջակցել է Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանությանը և կարողությունների ուժեղացմանը:
«CNF-ի հիմնական նպատակը հարավկովկասյան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում` բնության հատուկ պահպանվող տարածքներում, ֆինանսական կայուն աղբյուր ստեղծելն է»,-ասաց CNF-ի ազգային համակարգող Արման Վերմիշյանը: Ըստ նրա` միայն 2018թ-ին CNF-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է շուրջ 950 հազար եվրոյի ծրագիր:
Արման Վերմիշյան, լուսանկարը վերցված է նրա ֆեյսբուքյան էջից
«Խոսրովի անտառ» պետական արգելոց
2018թ-ին CNF-ի ֆինանսական աջակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի վարչական շենքի տանիքին, «Խոսրով» տեղամասի Վեդու այցելուների կենտրոնի մոտ և «Խաչաձոր» տեղամասի պահակակետի հարևանությամբ տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր: 21,760 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արևային ՖՎ 3 կայանները տարեկան կարտադրեն 34816 կՎտ/ժամ հոսանք՝ կազմակերպությանն ազատելով տարեկան 1566000 դրամ էլեկտրաէներգիայի վարձավճարից: Խնայված գումարը նախատեսվում է ուղղել արգելոցի այլ կարիքներին:
Լուսանկարը վերցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից
CNF-ի աջակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ՀՀ բնապահպանության նախարարության ԾԻԳ-ը ձեռք է բերելու 4 հակահրդեհային մեքենա, 2-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, 2-ն էլ «Դիլիջան» ազգային պարկի համար: «Մեքենաներն, ամենայն հավանականությամբ, եկող տարի` գարնանը, կմատակարարվեն: «Խոսրով»-ում հրդեհը որ եղավ, հասկացանք, թե ինչքան անպատրաստ ենք նման դեպքերում: Ակնհայտ է, որ ինքնաթիռի հարցը բաց է, բայց գոնե հրդեհի կանխարգելման գործողություններ, միջոցներ պարտադիր պետք է ունենայինք»,- ասաց Արման Վերմիշյանը: Նա նշեց, որ բացի այս միջոցառումները CNF-ի աջակցությամբ մշակվում է «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը: ««Խոսրով»-ի կառավարման պլանի սևագիր տարբերակը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ»,- ասաց նա:
«Արփի լիճ» ազգային պարկ
«Արփի լիճ» ազգային պարկ
CNF-ի աջակցությամբ 2018թ-ին էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան, ինչպես նաև տաք ջրի ստացման արևային ջերմային կայան տեղադրվեցին նաև «Արփի լիճ» ազգային պարկում: 20 կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայանը տարեկան կարտադրի 32000-34000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով տարեկան մոտ 1 միլիոն 4 հարյուր հազար դրամի խնայողություն։
Այս ազգային պարկում վերահսկողության համար տեղադրվել են տեսախցիկներ, կառուցվել է պասիվ արևային ջերմոց:
Լուսանկարը վերցվել է «Շտիգեն» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջից
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արման Վերմիշյանը, 2019թ-ին պատրաստվում են Արփի լճում ձկնային ռեսուրսների ուսումնասիրություն իրականացնել, նոր ջրաչափական կետեր սահմանել` վերահսկելու ջրի հոսքը, ռենջերներին մոտորանավակներ տրամադրել:
«Դիլիջան» ազգային պարկ
««Դիլիջան» ազգային պարկում տրանսկովկասյան արահետների առաջին ֆինանսավորումը մենք սկսեցինք, հետո «Հովնանյան» հիմնադրամը շատ ավելի մեծ ֆինանսավորմամբ շարունակեց, ու դրանից հետո IDEA հիմնադրամը լավ ծրագիր իրականացրեց: Համատեղ այս բոլոր կառույցների միջոցով բավականին մեծ աշխատանք արվեց, ու «Դիլիջան» ազգային պարկում հիմա մենք ամենալավ արահետների ցանցն ունենք: Էկոտուրիզմի համար «Դիլիջան» ազգային պարկը դառնում է հետաքրքիր ենթակառուցվածքներով տարածք: Իհարկե, պետք է նաև մարդկանց հետ աշխատել, որովհետև աղբի հարցը սուր է դրված, հեշտ չի լինելու, բայց լուծումները կան, դա էլ պետք է արվի»,- ասաց Արման Վերմիշյանը:
Տրանսկովկասյան արահետը երկարաձիգ քայլարշավային արահետ է, այն հատում է կովկասյան 3 երկրների սահմանները և ավելին: Դիլիջան ազգային պարկում նոր արահետի ստեղծումը իրականացվել է 2017թ-ի հունիսին: Հայաստանում առաջին 85 կիլոմետրանոց տրանսկովկասյան արահետի ստեղծման աշխատանքներին մասնակցել են աշխարհի 11 երկրներից 22 կամավորներ և ՀՀ 5 մարզերից 26 կամավորներ:
Լուսանկարները վերցվել են ՀԱՀ «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2018»-ի «Տրանսկովկասյան արահետ» աշխատությունից
CNF-ի համաֆինանսավորմամբ «Դիլիջան» ազգային պարկում իրականացվել է «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը»: Ծրագրի շնորհիվ երկար տարիներ Հայաստանի լեռնաշխարհից բացակայած կովկասյան ազնվացեղ եղջերուն վերադարձավ Հայաստան: Եղջերուները պահվում են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոնում: 2018թ-ի հունիսի 16-ին կենտրոնում ծնվեց կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին ձագուկը:
Լուսանկարը` WWF-Հայաստանի
Արման Վերմիշյանը նշեց, որ մոտ ժամանակներս կավարտվեն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացվող ԲՀՊՏ-ներում տեսալսման կենտրոնական համակարգի ստեղծման աշխատանքները: «Այն տեսախցիկները, որոնք տեղադրվում են պահպանվող տարածքներում, հնարավորություն կընձեռեն, որ դրանց միջոցով կենտրոնացված ձևով նախարարությունում տեսնեն պահպանվող տարածքները»,- ասաց Արման Վերմիշյանը:
«2019 թվականին պլանավորում ենք ավելի շատ նոր տեխնոլոգիաների կիրառում ԲՀՊՏ-ներում, նպատակն է մաքսիմալ ձևով ուենալ էլեկտրոնային պահպանություն: Տեսախցիկների միջոցով փորձելու ենք մուտքերը հսկել, իսկ դրոնները կկատարեն պարբերական շրջայցեր»,- ասաց Հայաստանում CNF-ի ազգային համակարգողը:
CNF-ի աջակցությամբ ԲՀՊՏն-ներում աշխատող ռենջերների աշխատավարձը բարձրացել է, և 2018թ-ից նրանք ունեն առողջության ապահովագրություն:
Դեկտեմբեր 18, 2018 at 15:35