ԳԻԼԱՆԸ ԵՎ ՈՒՐՑԱՍԱՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ

ԳԻԼԱՆԸ ԵՎ ՈՒՐՑԱՍԱՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑԻՆ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պետք է հետեւի, որպեսզի մինչեւ փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» արգելավայրում շինարարության դադարեցման մասին իր ցուցումները կատարվեն: Այսպիսին է հունիսի 25-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած էկոլոգիական հասարակայնության աշխատանքային խորհրդակցության արդյունքներից մեկը: Խորհրդակցությանը մասնակցեցին նաեւ միջազգային կազմակերպությունների` WWF- Հայաստանի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ խոսքը հասարակայնության բողոքի մասին է, որը հանդես է գալիս Գիլան հատվածին (նախկին Բայբուրդ) արգելոցի նախկին կարգավիճակը վերադարձնելու պահանջով: Գիլանի կարգավիճակը արգելավայրի կարգավիճակի է իջեցվել կառավարության`2007թ. մայիսի 24-ի թիվ 673 Ն որոշմամբ:

Բողոքը պայմանավորված էր նրանով, որ Գիլանում սկսվել էին շինարարական աշխատանքները, որոնց փաստացի թույլտվությունը ամրագրված է կառավարության` 2007 օգոստոսի 9-ի թիվ 930- Ն (որով թույլատրվում է տնտեսական գործունեությունը), 2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն (որը թույլ տվեց 60 տարով վարձակալել արդեն նախկին արգելոցի 118հա տարածքը) որոշումներով:

Տվյալ որոշումները, ինչպես նաեւ նրանց հիմնավորումները հակասում են գլխավոր նպատակին` Խոսրովի անտառ արգելոցի էկոհամակարգի պահպանմանը, կարծում են էկոլոգները, կայուն զարգացման, հատուկ պահպանվող տարածքների կառավարման գծվ մասնագետները, կենդանաբանները, բուսաբանները: Խորհրդակցության մասնակիցները նշեցին, որ վտանգավոր միտում է նկատվում արգելոցային տարածքների պահպանող ռեժիմների կարգավիճակների իջեցման ի շահ բարձրաստիճան անձանց եւ մասնավոր բիզնեսի:

Հարց բարձրացվեց նաեւ Խոսրովի արգելոցին Որցասարի լեռնաշղթայի վերադարձման մասին, որը արգելոցից օտարվել է 2006թ.: Ուրցասարը բազմամյա վարձակալությամբ տրվել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսով զբաղվող «Սաֆարի Ինթրնեյշնլ» կազմակերպությանը:

Նշվեց, որ  կառավարության նմանատիպ որոշումների ընդունման հիմնական խախտումներից մեկը հանրային քննարկումների եւ անկախ փորձաքննության  բացակայության պայմաններում փաստացի կամայականություններն են:

Հասարակական կազմակերպությունները մտադիր են բնապահպանության նախարարությանը ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  սահմանների փոփոխման հարցի վերաբերյալ սեփական փաստաթղթային բազան, պատրաստվում են  հանդես գալ Խոսրովի արգելոցի նախկին սահմանների` ներառյալ Գիլանի եւ Ուրցասարի վերադարձման վերաբերյալ հայտարարությամբ:

Հունիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր