

Արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Այս մասին զեկուցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրա Շրջակա միջավայրի նախարարություն կատարած այցի ժամանակ:
Նախարարը նշել է, որ ամփոփվել է Սևանա լճում սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը: Դրա շրջանակում ակտիվ աշխատանք է տարվել ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ, արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020թ. սեպտեմբերից մինչ դեկտեմբերի 1՝ որսի արգելքի մեկնարկը, շուրջ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել են մոտ 205 տ սիգ: Այսկերպ գործարարները հնարավորություն են ստացել նաև օրինական ճանապարհով արտահանում իրականացնել: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում, գրեթե նույն քանակով քվոտավորում ձկնորսներին՝ որպես արդյունագործական ձկնորսության պաշար: Առաջիկայում կներկայացվի կառավարության որոշման նախագիծ՝ երկրորդ փուլը մեկնարկելու վերաբերյալ:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ զեկուցվել է, որ 2021թ. արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը, և ընթացիկ իրավիճակն անցյալ տարվա համեմատ դրական դինամիկա է արձանագրել: Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով կարևորել է հետևողական աշխատանքը և ինչպես առկա, այնպես էլ կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը: «Թվային մոդելի առկայությունը թույլ կտա մեծացնել աշխատանքի արդյունավետությունը», - նկատել է վարչապետը և հանձնարարել աշխատել այս ուղղությամբ:
Հաջորդիվ վարչապետին զեկուցվել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին: Այս համատեքստում ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները: Նշվել է, որ ներկայում 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով, այսինքն՝ ՊՈԱԿ-ն իր բյուջեի հաշվին հավելյալ աշխատուժի ներգրավմամբ կիրականացնի փայտանյութի ողջ մթերումը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաև կան հարուցված քրեական գործեր: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, խնայողությունների և տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառ»-ի շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ:
Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Նշվել է, որ ուսումնասիրվում է անտառների կառավարման մոդելի բարեփոխման հնարավորությունը՝ շուրջօրյա պահնորդական ծառայության ներդրմամբ և տնտեսական բաղադրիչներով: Այս համատեքստում քննարկվել են վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020թ. վերականգնվել է 123 հա, 2021թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը: Այս առումով անդրադարձ է եղել Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի և պատերազմի պատճառով: Քննարկվել են այս տարվա ընթացքում ծրագրի իրականացման մանրամասները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև կենդանական աշխարհի պահպանման և որսագողության դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքը: Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում և ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձևավորման հեռանկարով: Արդեն իսկ սկսվել է աշխատանքը՝ նախկինում անհատույց օգտագործման նպատակով տրված, կենդանական աշխարհով հարուստ տարածքների կառավարման թույլտվությունների լուծարման ուղղությամբ, կառավարության համապատասխան որոշման ընդունման արդյունքում կվերականգնվի 16000 հա տարածք, գործընթացը շարունակական է լինելու:
Խորհրդակցությանն արծարծվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրավազանի պաշարի, խորքային հորերի արդյունավետ կառավարման հարցը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:
Ներկայացվել են նաև Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույցների՝ Անտառային կոմիտեի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, զեկուցվել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների մասին: Տեղեկացվել է, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ներդրվելու է առցանց կտրոնների համակարգ, որը հաջողելու դեպքում նախատեսվում է ներդնել նաև նախարարության մյուս կառույցներում: Գործընթացը կմեկնարկի մարտի կեսերին:
Անդրադարձ է եղել նաև նախարարության աշխատակազմի գործառույթներին, հաստիքացուցակին, կառուցվածքային բարեփոխումներին և կադրային համալրման գործընթացին:
Ներկայացվել են նաև Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ծառայությունների մատուցման չափանիշներ ներդնել և աշխատանքը կազմակերպել այդ սկզբունքով: Վարչապետը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հետևողական, նախաձեռնողական աշխատանքը և վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը՝ ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
Փետրվար 24, 2021 at 17:47