NABU. Արարատի մարզում արագիլների 60%-ն աղտոտված է

NABU. Արարատի մարզում արագիլների 60%-ն աղտոտված է
Արարատի մարզի արագիլների գրեթե 60%-ը աղտոտված են: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը: «Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»,- ահազանգում են NABU-ից: NABU-ն 2020թ-ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլների քանակը:
 
Ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում նաև Արմավիրի մարզում: ԷկոԼուրի հետ զրույցում NABU-ի աշխատակիցը հայտնեց, որ իրենց աշխատակիցները շրջայցեր են կատարել ու կատարում Արարատի և Արմավիրի բոլոր այն համայնքներում, որտեղ արագիլների բներ կան՝ հաշվառելով, թե որ համայնքում քանի բույն կա, քանի արագիլ, արդյոք մաքուր են դրանք, թե կեղտոտ, ինչ տարիքի: «Ավելի մանրամասն ինֆոգրաֆիկայի կամ վերլուծության տեսքով կհրապարակենք ավելի ուշ: Երբ Արմավիրի մարզում ավարտենք աշխատանքներն ընդհանուր վերլուծություն կներակայացնենք»,- նշեց աշխատակիցը: Վերջինս տեղեկացրեց, որ հաշվառման աշխատանքներից բացի այս պահին նաև արագիլների փրկարարական աշխատանքներ են իրականացնում: «Եթե մեզ ահազանգ է գալիս, որ բնից ընկած արագիլ կա կամ չի կարողանում թռչել, մեր աշխատակիցները գնում են ահազանգի հետքերով, տեսնում են՝ ինչ վիճակում է թռչունը: Եթե չի կարող բնության մեջ մնալ, տեղափոխում ենք Երևանի կենդանաբանական այգի: Այնտեղ իրենց խնամում են»,- նշեց նա:
 
Հարցին, թե արդյոք թռչունների մաքրման աշխատանքներ իրականացնում են՝ կազմակերպության ներկայացուցիչը նշեց. «Մաքրման աշխատանքներ չենք անում, բայց գուցե շուտով անենք: Յուղը վերջնականապես մաքրել շատ դժվար է: Եթե փորձենք ամբողջությամբ մաքրել, փետուրները կվնասենք, որքան հնարավոր է՝ մաքրում են կենդանաբանականում: Անալիզներ ենք իրականացնում փետուրների և ջրի, որ հասկանանք՝ ինչ նյութով են իրենք աղտոտված: Փետուրները հավաքում ենք, որպեսզի լաբորատորիա ուղարկենք»,- տեղեկացրեց նա:
 
Արագիլների զանգվածային աղտոտման խնդիրը կրկնվում է արդեն երրորդ տարին: Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներն ու բնապահպանական ՀԿ-ներն 2019թ. սկսած ահազանգում են արագիլների՝ շարունակ կրկնվող աղտոտման դեպքերի մասին: Սակայն խնդիրը լուծելը մինչ օրս չի հաջողվում: Աղտոտման հավանական պատճառը հարակից տարածքների ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունն է, որի արդյունքում աղտոտվում են արագիլների համար կերի տարածք ծառայող գետերը: Այս մասին նշում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ բնապահպանները, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությունը: ԷկոԼուրի այն դիտարկմանը, թե արդյոք այս տարի նույնպես հիմնական պատճառը կարող ենք կապել ձկնաբուծարանների գործունեության հետ, NABU-ի աշխատակիցն արձագանքեց. «Թե՛ քանակը, թե՛ նյութը, թե՛ տեղանքը նույնն է, նույնկերպ շարունակվում է, ավելին՝ ընդլայնվում: Բայց հստակ թե կոնկրետ ինչից է, կդժվարանանք ասել, որովհետև մի քանի տարբեր վարկածներ կան, թե ինչից է: Անալիզներից հետո հստակ կդառնա»:
 

Հուլիս 16, 2021 at 15:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր