Սիգ ձկնատեսակի որսագողության և վաճառքի դեպքեր Երևանում

Սիգ ձկնատեսակի որսագողության և վաճառքի դեպքեր Երևանում

ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված շրջագայությունների ժամանակ Երևանի մի քանի վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի որսագողության և վաճառքի դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնավորապես՝ հունվարի 14-ին Երևանի Շինարարների փողոցից, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա տղամարդ: Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից:

Սողոմոն Տարոնցու փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով: Նա ներկայացրել է 31 սիգ: Նույն օրը Վիլնյուսի փողոցից սիգ տեսակի ձկնատեսակ վաճառելու համար բերման են ենթարկել նաև 50-ամյա կնոջ:

Այս բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված սահմանվել էր այս ձկնատեսակի որսի արգելք: Այդ ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից իրականացվում էին որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

Հունվար 17, 2022 at 13:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր