

Դեկտեմբերի 25-26-ին, երբ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, արգելված է այս ձկնատեսակի որսը, հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 840 հատ սիգ տեսակի ձուկ: Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, առգրավված ձուկը հանձնվել է Պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։ Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Չնայած արգելքին ու վերահսկողությանը շուկաներում շարունակվում է սիգի վաճառքը՝ երեք հատ սիգը 1000 դրամ: Ձկնկիթը առանձին է վաճառվում: «Սևանում շատ ձուկ կա: Բա ինչ անենք, որ չբռնենք: Մենք էլ ենք ուզում ապրել, մեր երեխաների համար Նոր տարի անել»,- ասացին վաճառողները:
Հիշեցնենք, որ 2021թ. Սևանա լճում սիգի արդյունագործական որսը մեկնարկել էր մայիսի 14-ից և պետք է տևեր մինչև հոկտեմբերի 15-ը: Այնուհետև, սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ 2021թ. դեկտեմբերի 20-ից սկսած պատասխանատու պետական մարմինները խիստ վերահսկողություն սկսեցին իրականացնել Սևանա լճից սիգի ապօրինի որս թույլ չտալու համար: Վերահսկողության միջոցառումներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից կիրականացվեն մինչև 2022թ. հունվարի 15-ը:
Լուսանկարը՝ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Դեկտեմբեր 28, 2021 at 13:14