Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ: Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր: «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի վրա արգելք էր
սահմանվել դեռ հոկտեմբերի 15-ից: 2021թ. Սևանա լճում սիգի արդյունագործական որսը մեկնարկել էր մայիսի 14-ից և ի սկզբանե սահմանված էր մինչև սեպտեմբերի 1-ը: Այդ ընթացքում պետք է որսվեր 250 տ սիգ: Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել էր 303 պայմանագիր շուրջ 221 տ 164 կգ ձկան որս իրականացնելու համար: Սակայն սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չէր ներկայացվել և ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում որոշում էր կայացվել որսի ժամկետը երկարաձգել մինչև հոկտեմբերի 15-ը: ԷկոԼուրին նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 20-ից մեկնարկում են մեկամսյա խստացված վերահսկողության միջոցառումներ՝ բացառելու համար օրինազանց ձկնորսների կողմից ձկնորսությունը, քանի որ վերջիններն անգամ արգելքի պայմաններում են փորձում որս իրականացնել:
ԷկոԼուրին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, եթե 2013-2018թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճում էր, 1296 տոննայից հասնելով 2948 տոննայի, ապա 2018թ. հետո նվազել է՝ 2019թ. կազմելով 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա: Նույն կերպ նվազել է նաև սիգի արդյունագործական պաշարը՝ կազմելով համապատասխանաբար՝ 2019թ-ին 667 տոննա, 2020թ-ին՝ 586 տոննա: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը ձկան և խեցգետնի պաշարների ամենամյա գնահատումն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:
Սևանա լճի ձկնապաշարների նվազումն իր հերթին վատթարացնում է լճի էկոլոգիական վիճակը՝ հաշվի առնելով, որ ձուկը լճում օրգանական նյութի յուրացնողն է: Կեղտաջրերի ներհոսքի, լճի մակարդակի նվազման, բավարար ձկնապաշար չլինելու պայմաններում լճում շատանում են օրգանական նյութերը, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում լճի ծաղկման համար:
Դեկտեմբեր 20, 2021 at 13:15