Փետրվարի 2-ին աշխարհը նշում է Ջրաճահճային տարածքների համաշխարհային օրը

Փետրվարի 2-ին աշխարհը նշում է Ջրաճահճային տարածքների համաշխարհային օրը

Փետրվարի 2-ին աշխարհը նշում է Ջրաճահճային տարածքների համաշխարհային օրը: 2021թ. օգոստոսի 30-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև, որով փետրվարի 2-ը ճանաչվեց որպես Ջրաճահճային տարածքների համաշխարհային օր: 1971 թ-ի այդ օրը Իրանում՝ Ռամսարում, ընդունվել է «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան:

Ջրաճահճային  տարածքները ներառում են ճահիճներ,  գետեր և լճեր, ծովափնյա տարածքներ՝ զբաղեցված աղի ճահիճներով, ստորջրյա ծովային խոտածածկ տարածքներ, ինչպես նաև մարդածին օբյեկտներ և այլն:

Ջրաճահճային տարածքները կարևոր նշանակություն ունեն մարդկանց և բնության համար՝ հաշվի առնելով այս էկոհամակարգերի մատուցած օգուտներն ու ծառայությունները՝ ներառյալ բնապահպանական, կլիմայական, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, հանգստի՝ ապահովելու կայուն զարգացում և բարեկեցություն մարդու համար։

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ չնայած ջրաճահճային տարածքները զբաղեցնում են ցամաքի մակերեսի մոտ 6 տոկոսը, այս տարածքներում բնակվում է բուսական և կենդանական աշխարհի բոլոր տեսակների մոտ 40 տոկոսը: Ջրաճահճային տարածքները կենսական նշանակություն ունեն մարդկանց, այլ էկոհամակարգերի և մեր կլիմայի համար՝ կարգավորելով ջրային ռեսուրսները: Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ իր ապրուստի համար կախված է ջրաճահճային տարածքներից:

Ջրաճահճային տարածքները երեք անգամ ավելի արագ են անհետանում, քան անտառները։ 1970 թվականից ի վեր աշխարհի բոլոր ջրաճահճային տարածքների 35 տոկոսը կորսվել է։

Այս տարվա օրվա թեման ընդգծում է ջրաճահճային հանդակների պահպանման և կայուն օգտագործման գործողությունների անհրաժեշտությունը մարդու առողջության և մոլորակի համար:

Հայաստանի կարևորագույն ջրաճահճային տարածքը Սևանա լիճն է, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Լճի պահպանության և ճահճացումից փրկելու համար անհրաժեշտ է բարձրացնել լճի մակարդակը, չաղտոտել այն, լճից ձկների գերորս չիրականացնել: Նշենք, որ հերթական տարին՝ 2022թ-ը, Սևանա լիճը դիմավորեց բացասական հաշվեկշռով՝ 10 սմ-ով ցածր լինելով նախորդ տարվա տարեվերջյան մակարդակից: Լճի մակարդակի անկումը պայմանավորված է ինչպես իրականացված հավելյալ ջրառով, այնպես էլ լիճ թափվող գետերի սակավաջրությամբ, գոլորշիացմամբ: Փետրվարի 1-ի դրությամբ լճի մակարդակն էլ ավելի է իջել, կազմում է 1900.38 մետր, որը 14 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

Փետրվար 02, 2022 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր