

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով գործադիրը նախատեսում է իրականացնել Արփա-Սևան թունելի վթարային առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելու թունելի հուսալի և անխափան շահագործումը: Ըստ Ծրագրի՝ դրանով նախադրյալներ կապահովվեն Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման և Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության ապահովման համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներով 2010-2017թթ. իրականացվեց «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիրը՝ ապահովելու Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը: 2017-2019թթ. իրականացվեցին թունելի թողունակության մեծացման աշխատանքներ՝ թողունակությունը 13 մ3/վրկ-ից հասցնելով 19.5-20 մ3/վրկ-ի: Ըստ այդմ՝ թունելը տարեկան լիճ պետք է տեղափոխեր 250-270 միլիոն մ3 ջուր: Երկարամյա վերանորոգումից հետո Արփա-Սևան թունելն ամբողջ հզորությամբ սկսեց շահագործվել 2020թ-ից: Այս ջրատարով 2019թ-ի տարեվերջի տվյալներով Սևանա լիճ է ներհոսել 158,636 միլիոն խմ ջուր, 2020թ-ին՝ 204,475 միլիոն խմ, 2021թ-ին 156,675 միլիոն խմ ջուր: Հատկապես վերջին երկու տարիներին Արփա-Սևան թունելով Սևանա լիճ ներհոսած ջրի ծավալները ցույց են տալիս, որ միայն թունելի անխափան աշխատանքը և մեծացված թողունակությունը կարող են բավարար չլինել նախատեսված չափաքանակի ջուր Սևանա լիճ տեղափոխելու համար տարեցտարի ավելի ակնառու դարձող սակավաջրության պատճառով՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ: Միչդեռ այս ռիսկը ՀՀ կառավարության ծրագրում հաշվի չի առնվել և կարող է խոչընդոտել Սևանա լճի մակարդակի բարձրացման, էկոհամակարգի պահպանման և էկոլոգիական հավասարակշռության վերականգնման վերաբերյալ ՀՀ կառավարության նպատակների իրականացմանը: Հիշեցնենք, որ Սևանա լիճը 2021 թվականին ունեցավ բացասական հաշվեկշիռ:
Ծրագրով ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի նաև Սևանա լճի ավազանում ներկայում գործող կեղտաջրերի մաքրման 3 կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրում՝ համատեղելով շրջակա բնակավայրերի ամբողջական կոյուղացումը և տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների և սարքավորումների տեղադրման համապատասխան պայմանների ստեղծումը։
Նշենք, որ արդեն իսկ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսված է, որ Սևանա լճի առափնյա տարածքներում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի օբյեկտներ, որոնցից 300 մշտական գործող, պետք է իրենց հաշվին կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցեն և շահագործեն: Ժամանակակից լոկալ մաքրման կայաններ պետք է տեղադրվեն նաև լճի առափնյա գյուղական համայնքներում: Այս միջոցառումները պետք կատարվեն 2022թ-ին և հաջորդ տարիներին:
Գյուղական համայնքներում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի տեղադրման պահանջը սահմանվել է դեռ 2018թ-ի մարտի 2-ին ընդունված «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատաելու մասին» օրենքով:
Ըստ օրենքի՝ բոլոր համայնքները մինչև 2030 թվականը պետք ունենան կեղտաջրերի մաքրման կայաններ:
Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը և կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում՝ ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին և գործընթացներին ներկայացվող պահանջները, և դրանց կիրառման ժամանակացանկերը՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի, պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Նման որոշում դեռևս ընդունված չէ:
Փետրվար 09, 2022 at 19:26
