2021թ-ի ավարտին Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ գրանցեց խոշոր հաշվով

2021թ-ի ավարտին  Սևանա   լիճը բացասական հաշվեկշիռ գրանցեց խոշոր հաշվով

2021թ-ի ավարտին Սևանա լիճը ավելի մեծ թվով բացասական հաշվեկշիռ գրանցեց՝ համեմատած վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված բացասական հաշվեկշիռների հետ: Եթե նախորդ տարիներին Սևանա լճի բացասական հաշվեկշիռը տատանվում էր 3-4 սմ սահմաններում, ապա 2021 թվականի ավարտին այն կազմեց 9 սմ: 2021թ-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ լճի մակարդակը 1900.43 մ էր, իսկ 2020թ-ին՝ նույն օրը, 1900.52 մ: Այս ցուցանիշով լճի մակարդակը ցածր է անգամ 2016թ-ի՝ 1900.46 մ մակարդակից:

Հիշեցնենք, որ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով 2030թ-ին լճի մակարդակը պետք է հտի 1903 մ նիշը: Մնացել է 8 տարի, սակայն մենք չենք կարողանում լճի մակարդակը նույնիսկ 1901 մ-ի հասցնել:

Լճի մակարդակի վրա ազդեցություն են ունենում ինչպես գետերի և Արփա-Սևան թունելով ջրի ներհոսքը, գոլորշիացումը, այնպես էլ Արարատյան դաշտի հողերի ոռոգման համար ջրբացողումները: էկոԼուրի դիտարկումները ցույց են տալիս, որ լիճը բացասական հաշվեկշիռ է ունեցել հավելյալ ջրառների տարիներին: Վերջին 20 տարում լճից հավելյալ ջրբացթողումները սկսեցին 2008թ-ից:

  • 2008թ. իրականացվել է 303.69 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 133.69 միլիոն խմ: Լճի մակարդակը 1898.79 մ-ից բարձրացել է 6 սմ-ով՝ կազմելով 1898.85մ: Գրանցվել է դրական հաշվեկշիռ:
  • 2012թ-ին իրականացվել է 317.62 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 147.62 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.13 մ-ից իջել է 3 սմ-ով և կազմել է 1900.10 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
  • 2014թ-ին իրականացվել է 269.6 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 99.6 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.16 մ-ից իջել է 3 սմ-ով և կազմել է 1900.13 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
  • 2017թ-ին իրականացվել է 266.757 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 96.757 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.46 մ-ից իջել է 4 սմ-ով և կազմել է 1900.42 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
  • 2018թ-ին իրականացվել է 200.623 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 30.623 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.42 մ-ից իջել է 3 սմ-ով և կազմել է 1900.39 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
  • 2021թ-ին իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել է 9 սմ-ով և կազմել է 1900.43 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:

Նշենք, որ երկարամյա վերանորոգումից հետո Արփա-Սևան թունելն ամբողջ հզորությամբ սկսեց շահագործվել 2020թ-ից: Այս ջրատարով 2019թ-ի տարեվերջի տվյալներով Սևանա լիճ է ներհոսել  158,636 միլիոն խմ ջուր, 2020թ-ին՝ 204,475 միլիոն խմ, 2021թ-ին 156,675 միլիոն խմ ջուր: Սակայն ջրի ներհոսքն էլ չկանգնեցրեց լճի մակարդակի անկումը: Սա ցույց է տալիս կլիմայի փոփոխության ազդեցությունը Սևանա լճի վրա: Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, գլոբալ տաքացման բացասական ազդեցության մեղմման համար անհրաժեշտ է լճի մակարդակը բարձրացնել, ինչը դեռևս չի հաջողվում:

Փետրվար 07, 2022 at 10:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր