

Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը, բնապահպանական տոն, որի նպատակն է հիշեցնել, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մեր մոլորակին և նրա էկոհամակարգերին: Այս տոնը սկզիբ է առել 52 տարի առաջ՝ ժամանակակից բնապահպանական շարժման արդյունքում: Այն հիմք դարձավ շատ երկրներում բնապահպանական կարևոր օրենքների ընդունման համար:
2022 թվականի Երկրի օրվա կարգախոսն է՝ «Ներդնենք հանուն մեր մոլորակի» (Invest In Our Planet):
«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ աշխարհին անհրաժեշտ է ավելի կայուն տնտեսություն, որն աշխատում է ի շահ մարդկանց և մոլորակի: Մենք պետք է ձգտենք մարդու և բնության ներդաշնակության։ Մայր Երկրի միջազգային օրը մեզ հնարավորություն է ընձեռում տեղեկանալու այն դժվար խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջև՝ պահպանելու համար մոլորակը», - հայտարարում է ՄԱԿ-ը:
Այս օրվա կապակցությամբ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշում է. «Մենք լավ չենք պաշտպանում մեր ընդհանուր տունը: Երկիր մոլորակն եռակի ճգնաժամ է ապրում՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և շրջակա միջավայրի աղտոտում: Այս ճգնաժամը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին ամբողջ աշխարհում։ Երջանիկ, առողջ կյանքի բաղադրիչները՝ մաքուր ջուրը, մաքուր օդը, կայուն և կանխատեսելի կլիման, «անկում» են ապրել, ինչը խոչընդոտում է հասնելու Կայուն զարգացման նպատակներին»:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ամեն տարի մոլորակը կորցնում է 4,7 միլիոն հեկտար անտառ՝ ավելի մեծ տարածք, քան Դանիայի տարածքը: Ներկայում վտանգված է կենդանիների և բույսերի մոտ մեկ միլիոն տեսակ։
«Առաջին հերթին անհրաժեշտ է գլոբալ տաքացումը պահել 1,5 աստիճանի սահմաններում։ Որպեսզի այս նպատակն իրագործելի լինի, կառավարությունները պետք է մինչև 2030 թվականը կրճատեն արտանետումները 45 տոկոսով և մինչև 2050 թվականը հասնեն ածխածնի չեզոքության:
Այս արդյունքին հասնելու համար հիմնական արտանետողները պետք է արմատապես նվազեցնեն արտանետումների քանակը։ Պետք է արագացվի հանածո վառելիքից կախվածությունը դադարեցնելու և էներգիայի մաքուր վերականգնվող աղբյուրներին անցնելու գործընթացը», - ասել է Անտոնիո Գուտերեշը:
Հիշեցնենք, որ երկրագնդի գլոբալ տաքացումը կանխելու նպատակով 2015թ-ի վերջին Փարիզում ընդունվեց նոր համաձայնագիր, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը ևս միացել է Փարիզյան համաձայնագրին և «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:
Ապրիլ 22, 2022 at 12:17