

2022թ. ապրիլի 5-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ուներ ճանաչելի դարձնել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համատեղ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ: Մրցանակաբաշխության կազմակերպական գործընթացների պատասխանատուն «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն էր:
Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի ժ/պ Էռնա Անտոնյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Եգիպտոսի փոխդեսպան Մուհամմադ Սալահը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը:
Դիանա Հարությունյան. «Այս կանայք մեծ ներդրում ունեն՝ նոր ուղիներ ու ճանապարհներ են բացել էներգախնայողության ոլորտում, նոր ֆինանսական մեխանիզմներ ստեղծել հարմարվողականության համար»:
Նունե Սաքանյանը ներկայացրեց, թե ինչպես է ծագել նման մրցանակաբաշխություն իրականացնելու գաղափարը. «Ամեն ինչ սկսվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովից, որի ժամանակ իրականացվել էր «Կլիմայի փոփոխությունը և կանայք» խորագրով միջազգային մակարդակով մրցանակաբաշխություն: Միտք առաջացավ՝ ինչո՞ւ Հայաստանում չի իրականացվում նման բան, ինչո՞ւ հայկական ծրագրերը կամ մեր լուծումները չեն ներկայացվում: Գիտակցեցինք, որ գործընթացներից չենք կարող հետ մնալ: Բայց եթե չենք մասնակցում, այդ խնդիրները կարծես ավելի են խորանում: Արդեն Հայաստանում քննարկեցինք և հասկացանք, որ ճիշտ կլինի մեզ մոտ էլ սկսել այդ գործընթացը»,- ասաց նա:
Մրցանակաբաշխությունն ունեցել է վեց անվանակարգ՝ Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ, Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ, Կլիմայական խնդիրների լուսաբանում, Կլիմայական կրթությունը բոլորի համար, Կլիմայական ֆինանսավորման ու նորարարության լուծումներ և Երիտասարդները կլիմայական գործողություններում: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ստացվել է 100 դիմում-հայտ, որից վեց լավագույն նախագծերի հեղինակները կամ թիմերը արժանացել են մրցանակների:
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» նախագծի համար հաղթող ճանաչվեց Աստղինե Պասոյանը:
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում մրցանակի արժանացավ Նունե Սարուխանյանի «Ուսուցումներ» և «Ֆերմերային դաշտային դպրոցների ստեղծում» փոքր դրամաշնորհային նախագիծը:
«Կլիմայի խնդիրների լուսաբանում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անահիտ Թարխանյանը՝ «Կանաչ էներգիան՝ կայուն եթերի ուղեկից» նախագծի համար:
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում մրցանակ հանձնեցին Հռիփսիմե Մկրտչյանին՝ «Աղբ չէ» ակցիաներն իրականացնելու համար:
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նունե Հարությունյան և կանայք թիմը՝ ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագրի «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության» նախագծի համար:
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում մրցանակի արժանացավ Դիանա Բադեյանը՝ «Ապագա առաջնորդների ծրագիր» նախագծի համար:
Շնորհավորելով բոլոր մասնակիցներին և հաղթողներին Դիանա Հարությունյանը նշեց. «Հաջորդ տարի իրականացվող մրցանակաբաշխության ժյուրիի կազմում կընդգրկվեն այսօրվա հաղթողները: Պետք է լինի էստաֆետա»: Նա նշեց, որ մրցանակաբաշխության բոլոր ծրագրերը կամ լուծումները կտպագրվեն և կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։ «Ձեր աշխատանքն այսկերպ կմնա պատմության մեջ, կունենանք ձեր կատարած ծրագրերի ճանաչումը»,- ընդգծեց Դիանա Հարությունյանը:
Ապրիլ 06, 2022 at 15:42