

«Մենք ավելի ու ավելի ենք հեռանում գլոբալ տաքացումը 1,5 աստիճան Ցելսիուսի սահմաններում պահելու նպատակից: Եթե այսպես շարունակենք, գլոբալ տաքացումը նույնիսկ 2 աստիճանի սահմաններում պահելը կարող է անհնարին դառնալ», - այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կայուն զարգացման տնտեսական գագաթնաժողովի ժամանակ:
«Գլազգոյի համաժողովը մեզ ներշնչեց որոշակի միամիտ լավատեսություն: Այո, COP26-ում մենք տեսանք որոշակի առաջընթաց. երկրները պարտավորվեցին դադարեցնել անտառահատումները և նվազեցնել մեթանի արտանետումները: Բայց հիմնական խնդիրը չլուծվեց, այն անգամ ճիշտ ձևակերպում չստացավ։ Իսկ խնդիրը երկրների միջև արտանետումների հսկայական տարբերությունն է:
Գլոբալ տաքացումը 1,5 աստիճանի սահմաններում պահպանելու համար անհրաժեշտ է մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները 45 տոկոսով և հասնել ածխածնի չեզոքության մինչև դարի կեսը, ինչը ներկա պայմաններում գրեթե անհնար է: Այս խնդիրը Գլազգոյում չի լուծվել, համաժողովից հետո այն շարունակում է խորանալ: Միայն անցյալ տարի էներգետիկայի ոլորտում ածխաթթու գազի համաշխարհային արտանետումներն ավելացել են 6 տոկոսով՝ հասնելով պատմության մեջ ամենաբարձր մակարդակին:
Աշխարհը կուրորեն շարժվում է դեպի անդունդի եզրը, ոչ մի երկիր, ոչ մի կորպորացիա չի կարող զերծ մնալ կլիմայի փոփոխության քաոսից: Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել գլոբալ տաքացումը, պետք է դիմենք գլխավոր մեղավորին՝ G20-ին, որի զարգացած և զարգացող տնտեսություններին բաժին է ընկնում մթնոլորտ արտանետումների 80 տոկոսը: Ամենավտանգավորը Չինաստանի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի նման երկրների` ածուխից մեծ կախվածությունն է։
Լավ նորությունն այն է, որ G20-ի բոլոր կառավարությունները` ներառյալ Չինաստանը, Ճապոնիան և Կորեան, համաձայնել են դադարեցնել արտերկրում ածուխի ֆինանսավորումը: Այժմ իրենք պետք է հրատապ նույնն անեն տանը, աստիճանաբար ապամոնտաժեն սեփական ածխային ենթակառուցվածքը։
Նրանք, ովքեր դեռ ֆինանսավորում են մասնավոր հատվածում ածուխի արդյունահանումն ու օգտագործումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եկել է ժամանակը վերջ դնել հանածո վառելիքի սուբսիդավորմանը, դադարեցնել նավթի և գազի հետախուզման ընդլայնումը», - հայտարարել է Անտոնիո Գուտերեշը:
Մարտ 24, 2022 at 14:14