Կլիմայի փոփոխությունը կազդի Հայաստանի հիդրոէներգետիկ ներուժի վրա

Կլիմայի փոփոխությունը կազդի Հայաստանի հիդրոէներգետիկ ներուժի վրա

Հայաստանում հիդրոէներգետիկան կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է: Ներկայումս շահագործվում են երկու՝ Սևան-Հրազդան և Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրները: Շահագործման լիցենզիա ունի 188 փոքր ՀԷԿ:

«Ջրի առկայության կանխատեսվող նվազումն անխուսափելիորեն կազդի երկրում հիդրոէներգետիկ ներուժի վրա: Կլիմայի փոփոխության սցենարները և գետերի հոսքի կանխատեսվող արժեքները պետք է հաշվի առնվեն՝ հիդրոէներգետիկայի նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրելիս կամ դրանց ժամկետը երկարացնելիս»,- նշված է «Ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակում Հայաստանում» ծրագրի վերջնական զեկույցի նախագծում: Փաստաթղթում նշվում է, որ կլիմայի կանխատեսվող փոփոխության պատճառով գետերի հոսքի նվազումը կմեծացնի փոքր ՀԷԿ-եր ունեցող գետերում բնապահպանական թողքի խախտման հավանականությունը, և ջրային էկոհամակարգերը կդառնան ավելի խոցելի: 

Հայաստանում հիդրոէներգետիկայի համար տարեկան ջրառը գերազանցել է 5 մլրդ խմ-ն:  Մեծ է ոլորտի ճնշումը գետերի էկոհամակարգերի վրա: «Հիմնական բացասական ազդեցությունը գետի որոշակի հատվածում բնապահպանական թողքի խախտումն է, ինչը հանգեցնում է ջրային էկոհամակարգի և կենսաբազմազանության վիճակի վատթարացմանը»,- նշված է փաստաթղթում և նաև ընդգծվում է, որ մի շարք ավազաններում փոքր ՀԷԿ-երն ունենում են խափանումներ կլիմայի և բնապահպանական ճնշումների հետևանքով: 

Բաց փոքր ՀԷԿ-երից, փաստաթուղթն անդրադառնում է նաև հիդրոէլկտրակայանների համալիրների ազդեցությանը: Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրի մասին նշված է. «Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը զգալի ճնշում է գործադրում Հրազդան գետի վրա, մասնավորապես, խախտվում է բնական հոսքի ռեժիմը, հոսքի արագության բնական ռեժիմը, ջրի մակարդակի տատանումները, նստվածքների կուտակումը և այլ բնութագրեր: Պահանջվում է իրականացնել մի շարք գործառնական միջոցառումներ՝ ուղղված կորուստների նվազեցմանը և Սևան-Հրազդան կասկադի արդյունավետության և էներգիայի արտադրության բարձրացմանը: Այս միջոցառումները կարող են ներառել ոռոգման ենթակառուցվածքի համակարգի վերանորոգում, գյուղատնտեսական կարիքների համար փոքր ջրամբարների կառուցում, ոռոգման ջրանցքներում դարպասների տեղադրում և ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրում փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Ապագայում էներգիայի հնարավոր արտադրությունը հասկանալու համար պետք է մանրամասնորեն վերլուծվի նաև Սևանի և Հրազդանի ավազանների ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի փոփոխության հանդեպ»:

Որոտանի հիդրոկասկադի մասին նշված է.  «Ինչպես նշվում է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի պլանում, Որոտանի ՀԷԿ-ի կողմից ջրի գերօգտագործման պատճառով Որոտանի ավազանում սեզոնին առկա է ոռոգման ջրի դեֆիցիտ: Որոտանի ավազանում ակնկալվում է գետի հոսքի զգալի նվազում, ուստի պահանջվում է գնահատել ջրի առկայությունն ապագա պլանավորման ժամանակահատվածների համար և մշակել ոլորտների միջև ջրի արդարացի բաշխմանն ուղղված միջոցառումներ։ Ջրի կրկնակի կամ համատեղ օգտագործման գործելակերպերը կօգնեն նվազեցնել մարդածին ճնշումները ջրային էկոհամակարգի վրա»:

Փաստաթղթում առաջարկվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներից հիդրոէներգետիկային առնչվում են հետևյալները.
-Բնօգտագործման վճարի դրույքաչափերի վերանայում՝ սահմանելով առավել բարձր սակագներ խմելու, ոռոգման, կենցաղային և հիդրոէներգետիկայի բնագավառում ջրառի համար: 
- Վերանայել և կիրառել պիլոտային ավազանների օրինակով բնապահպանական թողքի հաշվարկի մեթոդոլոգիան՝ համաձայն ԵՄ ստանդարտների։ 
- Ներդնել ժամանակակից հիդրոլոգիական մոդելներ՝ ջրավազանային մակարդակով ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման և առկա հիդրոլոգիական տեղեկատվության վերլուծության համար։ 
-Կլիմայի փոփոխության ներքո գետավազաններում ջրի որակի խոցելիության գնահատման նոր մեթոդ մշակել։ 
-Սահմանել ջրային ոլորտում մոնիթորինգի, գնահատման, հաշվառման և հարմարվողականության բարելավման ազգային շրջանակ: 
-Ջրի քաղաքականության աջակցում՝ հաշվի առնելով ջրավազանային մակարդակով ջրի առաջարկի/պահանջարկի ճշգրիտ սցենարները (ներկա և ապագա): 
-Սահմանել ջրի բաշխման ծրագրեր առավել կարևոր ենթավազաններում և միավորել բոլոր շահագրգիռ կողմերին՝ կանոնների և ցուցանիշների սահմանման գործում: 

Մարտ 29, 2022 at 18:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր