

Ապրիլի 23-ին մի խումբ քաղաքացիների հետ ԷկոԼուրի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը մասնակցեց Երևանի հազարամյա գոյության պատմությունը վկայող Դալմայի և Ումեշինի ջրանցքեր իրականացված արշավին:
Դալմայի ջրանցքի թունելի մեջ
Ծառերի արմատները
Լեռնագնաց և քարանձավախույզ Արտավազդ Ջանոյանը և քարանձավագետ, գիտնական Սմբատ Դավթյանը արշավականներին ներկայացրեցին ջրանցքների պատմությունը և տեղի կենսաբազմազանությունը: Տեղեկատվական արշավը կազմակերպել էր «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի և «Դալմա-Սոնա» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ արդարություն» ծրագրի շրջանակներում:
Դալմայի ջրանցքը
ԷկոԼուրի հետ զրույցում «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը նշեց, որ ծրագրի նպատակը Դալմայի այգիների և դրանց հետ առնչվող կառույցների, Երևանում գտնվող ավելի ուշ ժամանակաշրջանի չափազանց կարևոր հուշարձանների հանրահռչակումն է. «Թեև դրանք ներառված են հուշարձանների ցանկերում, մարդիկ, անգամ պետական կառույցները չգիտեն, որ նման կոթողներ ունենք: Մեր նպատակն է ցույց տալ դրանց վիճակը, հիշեցնել դրանց կարևորության ու արժեքի մասին, որպեսզի պատշաճ քայլեր արվեն դրանց ներկայացման ու պահպանության համար»,- ասաց նա: Մարի Չաքրյանի խոսքով՝ իրազեկման նպատակը տարածքները մաքրելը, բարեկարգելը և տարբեր խմբերին ներկայացնելն է:
Դալմայի ջրանցքը կառուցվել է հազարամյակներ առաջ ուրարտացների կողմից Հրազդան գետի ջրով Դալմայի պտղատու այգիների ոռոգման նպատակով: Դալմայի այգիները մայրաքաղաք Երևանի յուրօրինակ կանաչ գոտին էր, որից այսօր գրեթե ոչինչ չի մնացել: Այսօր այգիների փոխարեն քարե շենքեր են ու ատրակցիոններ: Դալմայի ջրանցքն այսօր էլ գործում է՝ ջուր հասցնելով հատուկենտ մնացած հողամասեր: Այս պահին ջրանցքում ջուր չկա, քանի որ մաքրման աշխատանքներ են իրականացվում ջրանցքում կուտակված աղբը հանելու և ջրի հոսքին խոչընդոտող արգելքները հեռացնելու նպատակով:
Դալմայի ջրանցքը
Ուրարտական ժայռափոր Դալմայի ջրանցքի մոտ քարանձավագետ, գիտնական Սմբատ Դավթյանը պատմեց, որ ջրանցքի կառուցման համար ուրարտացիները գործիքներ չեն կիրառել՝ ջրի համար ճանապարհ բացելու համար ժայռի մեջ առանձին կտորներով ճեղքերն են հեռացրել: «Քարերը հեռացրել են այնքան, որքան պետք է ջրանցքի թողունակությունն ապահովելու համար: Որոշել են այգու ամենաբարձր կետը: Մի քանի տարբերակներ են մշակել ելակետին՝ Հրազդան գետին հասնելու համար: Եթե չլիներ ժայռափոր տարեբարակը, ապա ջրանցքի երկարությունը 4,5 կմ-ի փոխարեն 15-20 կմ կլիներ»,- նշեց նա:
Ուրարտական ժայռափոր
Հաջորդ կանգառը Ումեշինի ջրանցքի մոտ էր, որը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում: Այն սկիզբ է առնում Երևանյան լճից և ոռոգման ջուր է հասցնում Էջմիածին քաղաքին:
Ումեշինի ջրանցք
Այն նույնպես ժայռափոր է, որի մասին առկա է հուշաքար վկայություն՝ տեղադրված 1976թ.:
Ջրանցքի ջրից այսօր էջմիածինցիներից բացի օգտվում են նաև երևանաբնակները, ովքեր ջրանցքի տարբեր հատվածներում նախորդ դարի 90-ական թվականներին ջրանիվներ են կառուցել՝ դեպի իրենց հողամասեր ոռոգման ջուր մղելու նպատակով: Ջրանիվն աշխատում է առանց հոսանքի՝ միայն ջրի հոսքի հաշվին:
Ջրանիվ
«Այս տարածքները տուրիստական վայրեր կարող են դառնալ»,- ասաց Մարի Չաքրյանը և նշեց, որ պատրաստվում են առաջարկություններ ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու Երևանի քաղաքապետարան:
Ապրիլ 23, 2022 at 20:40