

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում են գտնվում Դաստակերտի պղնձամոլիբդենային և Մարջանի ոսկի-բազմամետաղային, Մուցքի ոսկու բազմամետաղային հանքավայրերը, ընդերքօգտագործման իրավունք է տրված 10 ոչ մետաղական հանքի շահագործման համար: Գործում են Որոտանի հիդրոհամալիրն ու մի շարք փոքր ՀԷԿ-եր: Սակայն այս ամենով հանդերձ Սիսիան խոշորացված համայնքը բավականաչափ չի զարգացել:
Դաստակերտում խորհրդային տարիներին պղնձամոլիբդենային հանքի շահագործման դադարից հետո կյանքն ասես նույնպես կանգ է առել: Դաստակերտը որպես քաղաքատիպ ավան ձևավորվել է 1951 թվականին, Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Այդ տարիներին քաղաքում ապրում էր 3000 մարդ: Հանքի փակվելուց հետո բնակիչները սկսել են լքել քաղաքը, և բնակավայրն այսօր ընդամենը 300 բնակիչ ունի:
Ըստ Դաստակերտ բնակավայրի վարչական ղեկավար Նաիրի Ֆիլոսյանի՝ այստեղ այլընտրանքային որևէ տնտեսական ճյուղ զարգացնելը շատ դժվար է: «Գյուղատնտեսություն զարգացնելու պայմաններ չկան, վարելահողեր չունենք, լեռնային տարածք է: Տնամերձերն էլ շատ փոքր են: Հնարավոր չէ մեծ ծրագրեր իրականացնել 200-500 քմ տնամերձի վրա: Տուրիզմը զարգացնելու տեսարժան վայրեր էլ չունենք: Ուրիշ արդյունաբերություն այսքան հեռու ո՞վ է բերելու»,- ասաց Նաիրի Ֆիլոսյանը:
Որոտանի հիդրոհամալիրն արտադրում է հանրապետության հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը: Այն իր անխափան աշխատանքի համար օգտագործում է Որոտան գետի ջրի ծավալի մոտ 85%-ը, շահագործում է Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարները և մեկ օրական կարգավորման ջրամբար: Ջրային ռեսուրսի շահագործման հետևանքով ի հայտ է գալիս ոռոգման ջրի պակաս, ինչն ամռան սեզոնին խնդրի առջև է կանգնեցնում գյուղացիներին: Թեև համալիրը շահագործող «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ն տարեկան քսան միլիոն դրամի չափով աջակցություն է ցուցաբերում Սիսիան համայնքին, սակայն ըստ տեղի բնակիչների՝ համայնքում բարելավում չի դիտվում:
Շաքի բնակավայրում է գտնվում Շաքիի ջրվեժը, որը Հայաստանի ամենագեղեցիկ բնական հուշարձաններից ու զբոսաշրջիկների կողմից սիրված վայրերից մեկն է:
Ջրվեժի ջրով սնվում է «Շաքի» փոքր ՀԷԿ-ը, որը կառուցված է Շաքի գետի վրա: Փոքր ՀԷԿ-ի աշխատանքի համար ջրվեժը երեկոյան ժամերից ցամաքում է: Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Վահան Ղազարյանի խոսքով՝ ջրվեժը կարելի է տեսնել առավոտյան ժամը 9։30-ից մինչև երեկոյան ժամը 20։00-ը՝ կախված զբոսաշրջիկների քանակից:
«Ջրվեժի ջուրը կա, տուրիստական շարժը կա, տարածքում որոշակի բարեկարգման աշխատանքներ են կատարվել, համայնքապետարանի միջոցով բարեկարգել ենք դեպի ջրվեժ տանող գյուղի կենտրոնական ճանապարհը, ստեղծվել են փոքրիկ առևտրային կետեր, մարդիկ օրվա հացի խնդիրն են լուծում»,- նշեց նա: Վահան Ղազարյանը, սակայն, ընդգծեց, որ զբոսաշրջային շարժը գյուղի կենտրոնում շատ քիչ է. «Մենք էլ այնքան ակտիվ չենք, որովհետև չենք կառուցում հյուրատներ և չենք օգտագործում ճանապարհահատվածը թեկուզ մեր գյուղի սննդամթերքն իրացնելու համար»։
Մարդկային գործոնով պայմանավորված խնդիրների մասին նշեց նաև Սիսիանի համայնքապետի տեղակալ Վարդան Իվանյանը: Ըստ նրա՝ Սիսիան համայնքի զարգացմանը խոչընդոտում է մարդկային ռեսուրսների պակասը, տեղում անհրաժեշտ մասնագետների բացակայությունը: Վարդան Իվանյանը նշեց, որ այդ բացը նկատելի է անգամ համայնքապետարանում: «Բազմաթիվ ծրագրերով կարիքների գնահատում ենք կատարել, ռեսուրսների, բացերի վերլուծություն ենք իրականացրել: Որպես համայնքապետարան ունենք մասնագիտական ներուժի խնդիր։ Համայնքապետարանն այս պահին այն կառույցը չէ, որ կարող է համատեղ զարգացման գործընթացն իր վրա վերցնել և տանել առաջ»,- ասաց նա: Ըստ նրա՝ մարդկային ռեսուրսի խնդիրը զգացվում է նաև գյուղատնտեսության մեջ: «Պետք է տոտալ կրթել բոլոր ֆերմերներին, բոլոր շահառուներին մեծահասակների կրթության տրամաբանությամբ կրթել, որպեսզի իրենք փոխվեն: Եթե ռեալ զարգացման ուղի ենք բռնել, պետք է կրթական մոդուլով բոլորին ներգրավենք և բացատրենք, որ մինչև չփոխվենք, արդյունքի չենք հասնի»,- ասաց Վարդան Իվանյանը:
Նա նշեց, որ մյուս խնդիրն իրենց մոտ ռեսուրսների կառավարմանն է վերաբերում: «Խնդիր կա բոլոր մակարդակներում: Ջրի կառավարման գործընթացը լուրջ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Սկսած խմելու ջրի ակունքներից մինչև վերջնական սպառող ու համակարգերի վերակառուցում, ոռոգման ջրերի համապատասխան չափի կուտակման և կառավարման գործընթացներ: Արոտավայրերի մեծ մասը ջրի խնդրի պատճառով դեգրադացվում է, ինչը վերականգնելու համար միլիարդներ են պետք»,- ասաց Վարդան Իվանյանը:
Այս տեսանկյունից Սիսիան համայնքում իրականացվող «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը, որը նպատակ ունի մշակել համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, կարող է դառնալ դեպի զարգացում տանող բանալին: «Տնտեսական զարգացման գործընթացը բավական բարդ է, բազմագործոն է, մեկ-երկու կառույցից ու գործոնից չի կախված և համակարգված լուծում է պահանջում: Սիսիանում տնտեսական ազդակները բավական թույլ են: Սոցիալական շատ խնդիրներով համայնք է: Եվ քանի որ խոշորացված համայնք է, բնակչության միջին եկամուտները ևս ցածր են։ Տեսանելի ուղիներ չունենք, ինչպես կարելի է հաղթահարել… Սակայն որպես համայնք կցանկանանք ունենալ գործիքակազմ, որը հնարավորություն կտա ռեալ գնահատումներ իրականացնել և փորձել մշակել լուծումները»,- նշեց փոխքաղաքապետը:
«Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի մարզային համակարգող Արթուր Վարդազարյանը նշեց, որ էկոլոգիական խնդիրներ ունեցող համայնքներում բիզնեսմենը ներդրումներ կատարելու ցանկություն չունի, ինչն ավելի է վատթարացնում մարդկանց սոցիալական կարգավիճակը։ «Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն։ Երբ խոսում ենք բնակչության սոցիալական խնդիրներից, կարևոր է նաև գնահատել էկոլոգիական իրավիճակը համայնքում: Իսկ եթե համայնքում կա էկոլոգիական դրական իրավիճակ, մարդիկ մեծ ներդրումներ են կատարում, և, հետևաբար, զարգանում է նաև տուրիզմը»,- նշեց նա։
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Ապրիլ 19, 2022 at 15:56