Գործադիրը հաստատեց բնակարանների էներգաարդյու­նավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատեց բնակարանների էներգաարդյու­նավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյու­նավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը:

Բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը, ծրագրի համաձայն, պետությունը կսուբսիդավորի վարկի գործողության ողջ ընթացքում, բայց ոչ ավելի, քան 7 տարի:

«Առաջին փուլով տասը հազար այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական, որովհետև մենք, իսկապես, բնակֆոնդի շատ լուրջ խնդիր ունենք։ Մեր բնակֆոնդի մի հսկայական մասը մաշված է և մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և բնակարանների, և տնտեսության, և փոքր բիզնեսի, և աղքատության հաղթահարման գործում»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունում՝ վիճակագրական տվյալների համաձայն, առկա է 19183 բազմաբնակարան շենք՝ 446.0 հազար բնակարաններով և 417,3 հազար բնակելի տուն (ընդհանուր առմամբ՝ շուրջ 860.0 հազար բնակելի միավոր): Առկա բնակարանային ֆոնդի շուրջ 80%-ը (մոտ 690.0 հազար բնակելի միավոր) շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և այդ ֆոնդի զգալի մասում՝ սեփականաշնորհման գործընթացից ի վեր, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման գործընթացը կմեկնարկի բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց հետո և տարածվելու է ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:

Ապրիլ 15, 2022 at 19:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր