Հայ մասնագետները ծանոթացան Չեխիայի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության ոլորտի կառավարման փորձին

Հայ մասնագետները ծանոթացան Չեխիայի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության ոլորտի կառավարման փորձին
2022թ. մայիսի 23-27-ը Հայաստանի բնապահպանության ոլորտում աշխատող 8 ներկայացուցիչներ ճանաչողական այցով եղան Չեխիայի Հանրապետությունում՝ կենսաբազամանության պահպանությանն առնչվող հարցերին ծանոթանալու ու մասնագիտական փորձի փոխանակման նպատակով: «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում նրանք հանդիպեցին ու քննարկումներ ունեցան Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության աշխատակիցների հետ, այցելեցին «Պոդիյի» ազգային պարկ, «Պալավա» պահպանվող լանդշաֆտային տարածք, որը ներառված է «Նատուրա 2000» եվրոպական ցանցի մեջ:
 
Ինչ է «Նատուրա 2000»-ը
 
Կենսամիջավայրերի մասին Եվրոպական միության (ԵՄ) դիրեկտիվը (92/43/EEC) ԵՄ անդամ պետություններին պարտավորեցրել է ստեղծել «Նատուրա 2000» ցանցը: Ցանցը բաղկացած է հատուկ պահպանվող տարածքներից, որոնք ստեղծվել են ԵՄ-ի Թռչունների վերաբերյալ դիրեկտիվին համապատասխան (79/409/EEC), և հատուկ պահպանվող տարածքներից, որոնք ստեղծվել են Կենսամիջավայրի վերաբերյալ դիրեկտիվին համապատասխան:
 
Չեխիայում իրականացված ճանաչողական այցի մասնակիցներն էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի գիտության, էկոտուրիզմի և էկոկրթության բաժնի պետ Լիլիա Թորոսյանը, «Դիլիջան» ազգային պարկի գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի պետ Ռոբերտ Ալիխանյանը, ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մանան Ասիկյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF Հայաստան) կենդանաբան Ալիկ Մալխասյանը: Այցը լուսաբանելու համար հրավիրված էին Հանրային հեռուստաընկերության լրագրող Ռոզա Խաչատրյանն ու օպերատոր Դավիթ Մաճկալյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
 
 
Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 23-ին Պրահայում՝ Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալությունում:
 
 
 
 
Գործակալության արտաքին կապերի վարչության պետ Տոմաշ Ռուժիչկան ներկայացրեց գործակալության գործառույթները: «Մենք Չեխիայի Բնապահպանության նախարարության գլխավոր գործընկերն ենք: Իրականացնում ենք պահպանվող և չպահպանվող տարածքների պահպանումը, ինչպես նաև կրթական բաղադրիչ ունենք: Մեր կառավարման ներքո ունենք 24 արգելոց, 790-ից ավելի փոքր պահպանվող տարածքներ: Արգելոցներում մարդիկ կամ համայնքները կարող են լինել սեփականատեր, գործակալությունն իրականացնում է դրանց կառավարումը, իսկ պահպանվող տարածքները հիմնականում պատկանում են երկրին և կրկին մենք ենք կառավարում»,- նշեց նա:
 
 
Տոմաշ Ռուժիչկան նշեց, որ որոշ դեպքերում պետությունը տարածքների սեփականտերերին վճարում է փոխհատուցում, քանի որ նրանք չեն կարող այդ տարածքներում, օրինակ, գյուղատնտեսությամբ զբաղվել և եկամուտ ստանալ:
 
Հանդիպման ժամանակ ներկայացվեց, թե ինչպես է իրականացվում որևէ տարածքի՝ «Նատուրա 2000» ցանցում ընդգրկվելու գործընթացը: Մասնավորապես, առանց պահպանվող տարածք ստեղծելու հնարավոր է որևէ տարածքում սեփականատիրոջ հետ բանակցելու արդյունքում սահմանել որոշակի պահպանման ռեժիմ՝ համապատասխան պայմանագիր կնքելու պարագայում:
 
Գործակալության Բնության հատուկ պահպանություն վարչության պետ Դավիդ Լացինան ասաց. «Եվրոպայում մարդիկ սկսեցին գիտակցել, որ  կենսաբազմազանությունը պահպանության կարիք ունի: 1979թ. ընդունվեց Թռչունների վերաբերյալ դիրեկտիվը, 1992թ.՝  մնացած կենդանատեսակների և բուսատեսակների և  կենսամիջավայրերի պաշտպանության վերաբերյալ դիրեկտիվը»: Ըստ նրա՝ հենց այս դիրեկտիվների հիման վրա էլ սկսվեց կենսաբազմազանության պաշտպանությունը, որը և հիմք դրեց «Նատուրա 2000» ցանցի ստեղծման գաղափարին, որն այսօր ընդգրկում է Եվրոպայի ցամաքային տարածքի մոտ 18%-ը և ծովային տարածքի ավելի քան 8%-ը: ««Նատուրա 2000»-ը պահպանվող տարածքների ամենամեծ համակարգված ցանցն է աշխարհում։ Այն երաշխավորում է Եվրոպայի ամենաարժեքավոր և վտանգված տեսակների ու միջավայրերի պահպանությունը։ Դրա նպատակը 253 ամենախիստ վտանգված միջավայրերի, 181 թռչնատեսակների, 200 այլ կենդանատեսակների, 3000 տարածքների պահպաննությունն է»,- նշեց նա:
 
 
Անդրադառնալով Եվրոպական միության և Հայաստանի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» (CEPA)՝ Դավիթ Լացինան նշեց, որ ըստ այդմ՝ Հայաստանը պետք է իրականացնի մի շարք օրենսդրական փոփոխություններ կենսաբազմազանության ոլորտի բարելավման համար: Անհրաժեշտ է նաև ստեղծել միջավայրերի և տեսակների պահպանության կարգավիճակի մշտադիտարկման համակարգ, սահմանել տեսակների խիստ պահպանության ռեժիմ IV հավելվածում ներառված այն տեսակների համար, որոնք հանդիպում են Հայաստանում, ստեղծել հանրության կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ:
 
Կենսաբազմազանության մոնիթորինգը Չեխիայում
 
Գործակալության աշխատակից Կարել Խոբոտը ներկայացրեց, թե ինչպես է Չեխիայի պահպանվող տարածքներում իրականացվում կենդանատեսակների և բուսատեսակների, կենսամիջավայրի մոնիթորինգը։
 
 
Մոնիթորինգի նպատակն, ըստ Կարել Խոբոտի, կենդանատեսակների, բուսատեսակների և կենսամիջավայրերի պահպանության կարգավիճակի գնահատումն է, կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրումը ազգային և միջազգային մակարդակով կիրառելու նպատակով: «Մոնիթորինգն իրականացնում են փորձագետները: Դաշտային աշխատանքներն իրականացնում են հիմնականում գործակալության աշխատակիցները, սակայն տվյալներ են փոխանցում թե՛ գիտական կենտրոնները, թե՛ ՀԿ-ները: Ներգարվում ենք նաև ուսանողների, լինում են դեպքեր, երբ հանրությունից ենք որոշակի տեղեկություն ստանում», - ասաց նա: 
 
Ըստ նրա՝ տարեկան իրենց գործակալությունը հավաքագրում է 100 հազար տվյալ 4000 տեղանքից՝ քարտեզագրելով 200-ից ավելի տեսակ: «Քարտեզագրման մեջ երկիրը բաժանում ենք մասերի, ու հետազոտում ըստ այդ մասերի: Քարտեզագրումը ներառում է իր մեջ տվյալներ, թե ինչն է վտանգավոր տեսակների համար, ամեն մի տարածք ունի խնամքի իր ձևը: Կա հավելված պահպանվող տեսակների մասին՝ մարդկանց իրազեկելու նպատակով, թե որքան կարևոր են տվյալ տեսակները բնության համար»,- նշեց նա: Կարել Խոբոտն ընդգծեց, որ մոնիթորինգը պետք է իրականացվի հստակ ԵՄ չափանիշներին համապատասխան:
 
Գործակալության աշխատակիցներ Պաուլա Ֆիլիպովան և Թերեզա Կուսնիրովան ներկայացրեցին, թե ինչ բարեփոխումներ է անհրաժեշտ իրականացնել Հայաստանում կենսաբազմազանության ոլորտի բարելավման համար՝ մասնավորապես անդրադառնալով օրենսդրական դաշտում անհրաժեշտ կարգավորումների կատարմանը: Հիշեցնենք, որ ներկայում բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) առնչվող ոլորտի բարեփոխումների նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթ է մշակել: Չեխ գործընկերները խոսեցին թե՛ անհրաժեշտ փոփոխությունների մասին և թե՛ դրական գնահատեցին արդեն իսկ ներառված փոփոխությունները, մասնավորապես այն, որ էկոլոգիական միջանցքներն արդեն իսկ ընդգրկված են օրենքի փոփոխված տարբերակում:
 
 
Ըստ Թերեզա Կուսնիրովայի՝ Հայաստանում օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցերը վերաբերում են տեսակների խիստ պաշտպանությանը (Կենսամիջավայրերի դիրեկտիվ), բոլոր թռչունների տեսակների պաշտպանությանը (Թռչունների դիրեկտիվ) և պահպանվող տարածքների ցանցի ստեղծմանը: Նա անդրադարձավ, թե դիրեկտիվների հետ կապված ինչ պահանջներ կան և ինչպես է հնարավոր դրանց հասնել: 
 
 
«Բացի որսի համար նախատեսված թռչունների, նույն պաշտպանության ռեժիմը, ինչ վերաբերում է Կարմիր գրքի տեսակներին, պետք է կիրառվի նաև բոլոր թռչունների նկատմամբ: Կենսամիջավայրերի մասին դերիկտիվի համաձայն՝ անհրաժեշտ է Էմերալդ տարածքները ներառել ԲՀՊՏ-ների մասին օրենքում: Բացի այդ, սահմանել պահպանության ռեժիմ, մշակել կառավարման պլաններ, վստահելի մոնիթորինգ իրականացնել»,- նշեց նա: Մասնավորապես նշվեց, որ փոփոխության ենթակա օրենքում արդեն իսկ որոշ բացեր կարգավորվում են ենթաօրենսդրական ակտերով: «Պետք է կարգավորել նաև Էմերալդ տարածքների ու Ռամսարի կոնվենցիայով պահպանվող տարածքների վերաբերյալ դրույթները»,- նշեց նա:
 
Շարունակելի

Հունիս 07, 2022 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր