Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու համար տարածքի քարտեզագրում և սահմանների ճշգրտում կիրականացվի

Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու համար տարածքի քարտեզագրում և սահմանների ճշգրտում կիրականացվի

Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու համար տարածքի քարտեզագրում և սահմանների ճշգրտում կիրականացվի: Այս մասին 2022թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը: 

«Շրջակա միջավայրի նախարարությունից գրություն է ստացվել, թե ողջունում են կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու առաջարկը: Սակայն կառավարության որոշման նախագիծ պատրաստելու և կառավարության քննարկմանը ներկայացնելու առաջնահերթ քայլերից է տարածքի ամբողջական քարտեզագրումը և սահմանների ճշգրտումը: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպության կողմից, որը կներգրավի բուսաբանի և կենդաբանի, ովքեր էլ իրենց հերթին կարող են առաձնացնել հատուկ պահպանման ենթակա տարածքները»,- նշեց Գևորգ Նազարյանը: Վերջինս ընդգծեց, որ կազմակերպությունը պետք է ընտրել մրցութային կարգով: Ի պատասխան Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց Բնապահպանության վարչությանը երկշաբաթյա ժամկետում պատրաստել տեխնիկական բնութագիր՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ քայլեր է պետք իրականացնել: 

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ նաև Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքների արդյունավետությանը: Գևորգ Նազարյանը տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքներն իրականացնող կազմակերպության հետ մոտակա օրերին համաձայնագիր կկնքվի. «Երաշխիքների տրամադրումից հետո այս շաբաթ մենք ընտրված կազմակերպության հետ կսահմանազատենք մաքրման ենթակա տարածքները և կսկսենք մաքրման աշխատանքները: Նախատեսում ենք սկսել Դավթաշենի կամուրջի տակից»: 

Քաղաքապետի հարցին, թե Երևանյան լճի կոշտ-կենցաղային աղբի հավաքման կայանի նմանությամբ կայանի տեղադրման կարիք Հրազդան գետը ևս ունի, վարչության պետն արձագանքեց. «1-2 հատ եթե լինի, լավ կլինի»: Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց այս տարվա ընթացքում ավելացնել դրանց քանակը: 

 

Օգոստոս 01, 2022 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր